ԹԵԺ ԳԻԾ
Հայաստանին ձեռնտու է հարևան երկրի կայուն տնտեսական աճը
24.10.2016
Հայաստանին ձեռնտու է հարևան երկրի կայուն տնտեսական աճը

2016 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Սեյեդ Քազեմ Սաջջադիին: Նախարարի պարտականությունները ստանձնելուց հետո սա առաջին հանդիպումն էր, որի շրջանակում քննարկվեցին երկու երկրների ֆինանսական համակարգերի արդիականացման, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորությունները: Նախարար Վարդան Արամյանը, ընդգծելով երկու ժողովուրդների միջև գոյություն  ունեցող  տնտեսական հարաբերությունների ավանդույթը, շեշտեց, որ տնտեսական գործակցության ներկա պատկերը բնավ չի արտահայտում հայ-իրանական տնտեսվարողների ներուժն ու հնարավորությունները: «Երկկողմանի ներդրումները չնչին են. Իրանից Հայաստան ցուցանիշը  3 միլիոն ամերիկյան դոլար է, Հայաստանից Իրան՝ 250 հազար, ինչն էլ փաստում է, որ մենք բավական մեծ  անելիք ունենք այստեղ եւ կարող ենք շեշտակի բարձրացնել այս ցուցանիշը՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների դարավոր առևտրային ներուժը»:

Նախարարը վստահություն հայտնեց, որ հայ-իրանական առևտրաշրջանառությունը հնարավոր է մեծացնել մեգանախագծերի մշակման եւ իրագործման արդյունքում, ինչը նախկինում հնարավոր չի եղել հարևան երկրի նկատմամբ կիրառվող տնտեսական սանկցիաների պատճառով նաև. «Մեր հարևանի վրա տնտեսական սանկցիաները ազդում են նաև մեզ վրա: Հիմա ունենք նոր իրականություն և ուրախ ենք, որ Իրանը կարգավորում է իր տնտեսական հարաբերությունները այլ երկրների հետ: Վստահ եմ, որ համատեղ կարող ենք  հասնել ավելի մեծ ցուցանիշների»:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, շնորհավորելով  Վարդան Արամյանին նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով,  նշել է, որ  մասնավորապես հետաքրքված է ապահովագրության ոլորտում համագործակցության ընդլայնմամբ, «Մելլաթ» բանկի նոր մասնաճյուղերի բացման հեռանկարով, ինչպես նաև միջազգային ֆինանսական հարթակներում  փոխադարձ համագործակցությամբ:

Նախարար Արամյանի խոսքով՝ Հայաստանը մշտապես աջակցել է իրանական նախագծերին միջազգային ֆինանսական հարթակներում և մտադիր է շարունակել հանդես գալ սատարողի դերում. «Եթե Իրանում տնտեսական աճը բարձր լինի, այն անուղղակիորեն կազդի նաև Հայաստանի տնտեսական աճի վրա: Հետևաբար, Հայաստանին ձեռնտու է հարևան երկրի կայուն տնտեսական աճը», - նշել է նախարարը:

Զրուցակիցները համաձայնել են, որ պետք չէ սահմանափակվել ներկա ցուցանիշներով, անհրաժեշտ է ավելի շատ աշխատել և լրացնել բացերը՝ վերոնշյալ դաշտը կարգավորելու նպատակով: Մեգանախագծերի շրջանակում նախարար Արամյանը նշել է, որ հայ-իրանական գործակցության խոշորագույնը համարվող էներգետիկ պրոեկտին զուգահեռ ունենք  ընդլայնման հեռանկար այլ ոլորտներում ևս. օրինակ՝ պետություն-մասնավոր հատված ներդրումների շնորհիվ հնարավոր է խթանել հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը, զարգացնել մի շարք այլ ենթակառուցվածքներ գյուղատնտեսության, արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների բնագավառներում: