ԹԵԺ ԳԻԾ
«Ի՞նչ չարաշահումներ է հայտնաբերել Ֆինանսների նախարարությունը Գյումրիում և մարզերում»` ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հարցազրույցը «Առաջին լրատվական» էլ. կայքին
17.09.2013
«Ի՞նչ չարաշահումներ է հայտնաբերել Ֆինանսների նախարարությունը Գյումրիում և մարզերում»` ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հարցազրույցը «Առաջին լրատվական» էլ. կայքին

«Առաջին լրատվական»-ը տեղեկություն էր հրապարակել, որ Ֆինանսների նախարարության վերահսկիչ ծառայությունը ստուգումներ է իրականացնում մարզերում պարզելու համար, թե կառավարության կողմից համայնքներին հատկացված դիզվառելիքը և պարարտանյութը արդյոք արդյունավե՞տ է բաշխվել: Որոշ տեղեկությունների համաձայն` բաշխումները կատարվել են խախտումներով ու չարաշահումներով: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը «Առաջին լրատվականե-ի հետ զրույցում հաստատեց, որ ստուգումներ են իրականացնում և որոշ խախտումներ են հայտնաբերել: Նա նաև ավելացրեց, որ ավելի վաղ Գյումրիում կատարված ստուգումների արդյունքներն էլ փոխանցել են իրավապահ մարմիններին, քանի որ այդտեղ էլ խախտումներ են հայտնաբերել:

- Պարոն Սարգսյան, հայտնի է, որ Ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացնում պարզելու համար, թե կառավարության հատկացրած դիզվառելիքը և պարարտանյութը արդա՞ր է բաշխվել, սակայն որոշ տեղեկությունների համաձայն` ծրագիրը խախտումներով է իրականացվել: Ձեր ուսումնասիրություններն արդյոք խախտումներ կամ չարաշահումներ արձանագրե՞լ են:

- Ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայությունը Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում ստուգում է իրականացնում պարզելու այդ ծրագրի իրականացման ընթացքը: Տարբեր մարզերի տարբեր համայնքներում արձանագրվել են որոշ խախտումներ: Խախտումների բնույթը հետևյալն է. արձանագրվել են դեպքեր, երբ դիզվառելիքը կամ պարարտանյութը տրամադրվել է շահառուներին, սակայն ավելի ուշ պարզվել է, որ փաստացի տրամադրվել է ավելի քիչ, քան ֆիքսված է տրամադրման ցուցակներում:

- Կոնկրետ ո՞ր համայնքների մասին է խոսքը:

- Տարբեր մարզերի տարբեր համայնքներին է վերաբերում, ես հիմա պատրաստ չեմ մանրամասնել: Ավելացնեմ, որ արձանագրվել են նաև դեպքեր, երբ հատկացվել է դիզվառելիք կամ պարարտանյութ, սակայն շահառուները ընդհանրապես չեն ստացել: Արձանագրվել են դեպքեր, երբ շահառուներից որպես տեղափոխման ծախսեր լրացուցիչ գումարներ են գանձվել, ինչի իրավունքը չկար: Եղել են նաև առանձին դեպքեր, երբ դիզվառելիք և պարարտանյութ է հատկացվել միայն համայնքապետարանների աշխատողներին: Այս փաստերը լրացուցիչ ուսումնասիրությունների ու ստուգումների փուլում են գտնվում: Կարծում եմ, որ շաբաթվա վերջում կամփոփվեն 4 մարզերի ստուգումները, և ստուգումներ կսկսվեն մյուս մարզերում:

- Մարզպետարաննե՞րն են խախտումներն իրականացրել:

- Ո՛չ, եթե նախատեսված է, որ շահառուն պետք է ստանար կամ ստորագրել է, որ ստացել է 100 լիտր դիզվառելիք, բայց ստացել է 80 լիտր:

- Գյուղապետարաննե՞րն են այդ խախտումներն արել:

- Հիմա չեմ ուզում ասել, թե ինչ պաշտոնատար անձանց կամ ինչ պատասխանատվության մասին է խոսքը, որովհետև դեռ ստուգումները շարունակվում են և ամփոփված չեն: Ստուգումներն այս պահին ընթանում են, արդեն 10 օրից ավելի է, և կարծում եմ, որ այս չորս մարզերն այս շաբաթ կամփոփենք:

- Տեղեկություններ կային նաև, որ ձեր վերահսկողական ծառայությունը ամիսներ առաջ ստուգումներ է իրականացրել նաև Գյումրիում ու նորից չարաշահումներ է հայտնաբերել: Կասե՞ք, թե խոսքն ինչի մասին է:

- Գյումրիի ստուգումների հետ կապված Ֆինանսների նախարարությունը մի քանի ամիս առաջ տվել է պարզաբանում, և ստուգման նյութերը հանձնվել են իրավապահ մարմիններին: Ու քանի որ նախաքննություն է ընթանում, Ֆինանսների նախարարությունը և որևէ մի անձ իրավասու չէ հրապարակել տվյալներ, քանի որ կխանգարենք նախաքննությանը:

- Այսինքն` չարաշահումներ են եղել, որ իրավապահ մարմիններին եք դիմել:

- Այո՛, և դա Ֆինանսների նախարարության պաշտոնական պարզաբանումն է եղել:

- Երեկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ գազի և էլեկտրաէներգիայի գնի թանկացումը, համատարած կարկտահարությունը նախատեսված 4+/-1,5 տոկոս գնաճին հավելյալ 2-2,5 տոկոս գնաճ կբերի: Բայց մեկնաբանություններ են հնչում, որ գնաճն ավելի բարձր է լինում: Չե՞ք կարծում, որ Ա. Ջավադյանի կանխատեսումը մի փոքր մեղմ է:

- Մեթոդաբանություն կա, հաշվարկներ են, օդից վերցրած ինչ-որ թվեր չեն: Զուտ հաշվարկներ են, մոդելներ են, որոնք պատմական շարքերի հիման վրա ցույց են տվել, թե նման պարագաներում ինչպիսի ազդեցություն է լինում: Դա կանխատեսում է, և չի բացառվում, որ մի քիչ ավել կամ պակաս լինի:

- Հնարավո՞ր է, որ գնաճը գերազանցի 10 տոկոսը:

- Հավանաբար 8-9 տոկոս: 10 տոկո՞ս, չեմ կարող ասել, թույլ տվեք նման կանխատեսում չանել:

- Իսկ նվազագույն աշխատավարձի բարձրացումն ի՞նչ միջոցների հաշվին է լինելու, չէ՞ որ այն ներառված չէր 2013թ. բյուջեում:

- Նվազագույն աշխատավարձի 35 հազար դրամը 45 հազար դրամի կամ շուրջ 30 տոկոս բարձրացման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորումը հատկացվելու է կառավարության պահուստային ֆոնդից: