ԹԵԺ ԳԻԾ
Ազգային ժողովում մեկնարկեցին ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները
31.10.2016
Ազգային ժողովում մեկնարկեցին ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները

Հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսել է «Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի 2017 թ.-ի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված 4 հիմնական սկզբունքներն են. ունենալ կանխատեսվող մակրոտնտեսական միջավայրին համահունչ բյուջեի նախագիծ և միջնաժամկետ պարտքի կայունության սկզբունք ու ապահովել մակրոտնտեսական կայունություն, ունենալ հարկային եկամուտների հավաքագրման մոտեցում և չորրորդ՝ իրականացնել պետության ստանձնած և շարունակական բնույթ ունեցող ծախսերի ֆինանսավորում:

Նախարարը նաև ներկայացրել է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց վրա կազմվել է փաստաթուղթը: Նշվել է, որ 2016 թվականին ներքին տնտեսական զարգացումների միտումները եւ արտաքին աշխարհից եկող զարգացումները հիմք են հանդիսացել 2016 թվականին 2.4% տնտեսական աճի կանխատեսման համար: 2017 թվականին ակնկալվում է 3.2% աճ:

Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը գալիք տարվա համար ծրագրվել են 1,135.0 մլրդ դրամի չափով:

 Նույն օրը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ ոստիկանությանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվելիք եկամուտներն ու ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է գալիք տարում վերոնշյալ ոլորտներին հատկացվելիք բյուջետային միջոցները: