ԹԵԺ ԳԻԾ
Ներդրողները պետք է վստահ լինեն, որ ճիշտ տեղում ճիշտ ներդրում են կատարում. Վարդան Արամյան
04.11.2016
Ներդրողները պետք է վստահ լինեն, որ ճիշտ տեղում ճիշտ ներդրում են կատարում. Վարդան Արամյան

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր՝ ընդգծելով համատեղ ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը:
Նախարար Վարդան Արամյանը մասնավորապես նշել է, որ որակյալ ծառայություններ մատուցող ֆրանսիական ներդրող ընկերությունները մշտապես սպասված են Հայաստանում՝ առաջարկելով լուծումներ գտնել ընդլայնելու նրանց ներգրավվածությունը: Քննարկվել է նաև  Հայաստանում ֆրանսիական ձեռնարկությունների տարածաշրջանային ներկայացուցչություններ տեղակայելու հեռանկարը:
Համամիտ լինելով դիտարկմանը հայ-ֆրանսիական համագործակցության մեծ ներուժի վերաբերյալ՝ դեսպան Շարպանտիեն նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը պատրաստ է Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքներ իրականացնել և քայլեր ձեռնարկել երկկողմանի արդյունավետ նախագծերը խթանելու ուղղությամբ՝ նկատելով, որ լավագույն ազդակն այս դեպքում Հայաստանում արդեն գործող ֆրանսիական ընկերությունների հաջող գործունեությունն է:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է քննարկել ֆրանսիական ներդրող ընկերությունների համար առավել բարենպաստ բիզնես միջավայր ապահովելու մոտեցումները: