ԹԵԺ ԳԻԾ
"Armef.com''-ի անդրադարձը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանի ճեպազրույցին
17.09.2013
"Armef.com''-ի անդրադարձը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանի ճեպազրույցին

2013թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 408.9 մլրդ դրամ, ծախսերը` 377.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 81.4%-ով և 74.9%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-մայիս ամիսներին պետական մարմինների` սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:

Եկամուտներն աճել են 19.6%-ով
2012թ. հունվար-մայիս ժամանակահատվածի համեմատ` պետական բյուջեի եկամուտներն աճել են 19.6%-ով կամ շուրջ 67.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 95.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.7%-ը` այլ եկամուտների, 0.1%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2013թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջե մուտքագրվել են ավելի քան 389.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր` ապահովելով կիսամյակային ծրագրի 82.7%-ը: 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ` նշված եկամուտներն աճել են 20.4%-ով կամ 65.9 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի և բնապահպանական ու բնօգտագործման վճարների աճով:
Բացի այդ, 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ` նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ, որի գծով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 86.9 մլրդ դրամ: 2013թ. հունվար-մայիսին նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 12.4 մլրդ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ և 6.7 մլրդ դրամ եկամտահարկ: Եկամտային հարկից ստացված մուտքերը, հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ միասին (որոնք մուտքագրվել են նախորդ տարվա պարտավորությունների գծով), 24%-ով (20.5 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը:

2013 թվականից ներդրվել է ևս մեկ նոր հարկատեսակ` շրջանառության հարկը, որի գծով հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 4.1 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 40.6%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է 158 մլրդ դրամ` 23.3%-ով կամ 29.8 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը, ինչը հիմնականում ապահովվել է ներմուծումից ստացված եկամուտների հաշվին:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 4.6%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 17.9 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 12.5 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` շուրջ 5.5 մլրդ դրամ: Տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 14.4%-ով, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերը` ավելացել 19.5%-ով. Արդյունքում` ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 6.6%-ով կամ 1.1 մլրդ դրամով:
Հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 13.3%-ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով շուրջ 51.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` շահութահարկի մուտքերն աճել են 1.5% ով կամ 748.2 մլն դրամով:
Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 19.1 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 4.9%-ը, որը 40.9%-ով կամ 5.5 մլրդ դրամով գերազանցում է 2012թ. համապատասխան ցուցանիշը:
2013թ. հունվար-մայիսին պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 9.7 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով առաջին կիսամյակի ծրագրի 82.8%-ը և ապահովելով ՀՀ պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 2.5%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 11.8%-ով կամ 1 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 4.7 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 1.2%-ը: Այս ցուցանիշը նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ նվազել է 34.4%-ով` հիմնականում պայմանավորված «Հաստատագրված վճարների մասինե ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն` գործունեության մի քանի տեսակ դուրս բերվեց հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակների ցանկից:

Հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջե մուտքագրված 13 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարները կազմել են հարկերի և տուրքերի 3.3%-ը:

Իսկ մուտքագրված շուրջ 5.1 մլրդ դրամի այլ հարկերը կազմել են հարկերի և տուրքերի 1.3%-ը: Մասնավորապես` 2.7 մլրդ դրամ են կազմել արտոնագրային վճարները, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 56.1%-ով կամ 965.7 մլն դրամով: Ավելի քան 1.3 մլրդ դրամ են կազմել ճանապարհային վճարները, 42.6 մլն դրամ` ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները, 232.7 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասինե ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 261.7 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 4.7 մլն դրամ` կոնցեսիոն վճարը, և 622.4 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ` այլ հարկերի փաստացի ցուցանիշն աճել է 29.4%-ով կամ շուրջ 1.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է արտոնագրային և ճանապարհային վճարների աճով:

2013թ. հունվար-մայիսին պետական բյուջե են մուտքագրվել 516 մլն դրամ դրամաշնորհներ` կազմելով կիսամյակային ծրագրով նախատեսված դրամաշնորհների ընդհանուր գումարի 6.7%-ը: Նշված գումարը ստացվել է ՀՀ պետական մարմինների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում և կազմել կիսամյակային ծրագրի 26.4%-ը:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի շուրջ 19 մլրդ դրամ այլ եկամուտները 80.3%-ով ապահովել են կիսամյակային ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 8.5 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնց կիսամյակային ծրագիրը կատարվել է 63.3%-ով:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 59.3 մլն դրամ, որը 2013թ. պետական բյուջեով չէր նախատեսվել:
Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից ստացվել է 361.9 մլն դրամ` կազմելով կիսամյակային ծրագրի 104.1%-ը:

Բանկերում և ֆինանսավարկային այլ հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների գծով մուտքերը կազմել են 2.1 մլրդ դրամ` 4.3 անգամ գերազանցելով կիսամյակային ծրագրային ցուցանիշը:

Իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումների դիմաց ստացվել են 28.2 մլն դրամ շահաբաժիններ` կազմելով կիսամյակային ծրագրի 19%-ը և 2.4 անգամ գերազանցելով նախորդ տարվա մուտքերը:

Պետության տրամադրած վարկերի օգտագործման դիմաց պետբյուջե են մուտքագրվել շուրջ 913.7 մլն դրամ տոկոսավճարներ` 28%-ով ապահովելով կիսամյակային ծրագրային ցուցանիշը և 26.6%-ով զիջելով 2012թ. համապատասխան ցուցանիշին:

Հաշվետու ժամանակահատվածում ավելի քան 3.3 մլրդ դրամ է մուտքագրվել իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից` կազմելով կիսամյակային ծրագրով կանխատեսված ցուցանիշի 70%-ը և 43.9%-ով կամ 1 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները կազմել են ավելի քան 10.3 մլրդ դրամ` 72.5%-ով ապահովելով կիսամյակային ծրագիրը:
Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտները կազմել են շուրջ 1.8 մլրդ դրամ` 5.5 անգամ գերազանցելով կիսամյակային ծրագրով կանխատեսված ցուցանիշը:

Ծախսերն աճել են 8.5%-ով

2013թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8.5%-ով կամ շուրջ 29.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 356.8 մլրդ դրամ` 78.1%-ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ` ընթացիկ ծախսերն աճել են 8.7%-ով կամ 28.4 մլրդ դրամով:

Ընթացիկ ծախսերից 36.2 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է կիսամյակային ծրագրի 76.7%-ը և 19.1%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2013թ. հունվար-մայիսին պետական բյուջեից օգտագործվել է 76.7 մլրդ դրամ, որը կազմել է կիսամյակային ծրագրի 74%-ը և 4.3%-ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի ձեռքբերման ծախսերի աճով:

Պետական պարտքի սպասարկմանը հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է շուրջ 17.8 մլրդ դրամ` կազմելով կիսամյակային ծրագրի 71.7%-ը: Մասնավորապես` նշված գումարից 13.6 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 4.1 մլրդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 17.5%-ով կամ 2.6 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 11.1 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով կիսամյակային ծրագրի 81.7%-ը և 30.4%-ով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

Իսկ դրամաշնորհները կազմել են 41.8 մլրդ դրամ, որից 41.1 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 755.5 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 15.1 մլրդ դրամ դոտացիաներ, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 11.6%-ով: Դրամաշնորհների կիսամյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 81.2%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն աճել են 6.5%-ով կամ 2.5 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների և ընթացիկ այլ դրամաշնորհների աճով:

Ընթացիկ ծախսերի 34%-ը` 121.2 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով կիսամյակային ծրագրի 80.7% կատարողական: Մասնավորապես` 82.2 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 39 մլրդ դրամ` նպաստները: Նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 4.4%-ով կամ 5.1 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 52.1 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով կիսամյակային ծրագրի 78.5%-ը և 14.5%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 2013թ. հունվար-մայիսին կազմել են 20.8 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 44.3%-ը: Մասնավորապես` 21.5 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց կիսամյակային ծրագիրը կատարվել է 45.3%-ով: 675.6 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված 392.9 մլն դրամի և 2012թ. համապատասխան 141.4 մլն դրամ ցուցանիշի դիմաց: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշն արձանագրել է 6.3% աճ` հիմնականում պայմանավորված շենքերի և շինությունների ծախսերի աճով:

Նախատեսված շուրջ 2.2 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն
2013թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 31.2 մլրդ դրամ հավելուրդով (առանց արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերը հաշվի առնելու)` առաջին կիսամյակում նախատեսված շուրջ 2.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 802.5 մլն դրամով` առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված 43.3 մլրդ դրամի օգտագործման փոխարեն:
Ներքին աղբյուրներում 391.4 մլն դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները, 1.8 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները: Ներքին փոխառու միջոցներում 1.4 մլրդ դրամ են կազմել գանձապետական պարտատոմսերից զուտ մուտքերը: 207.2 մլն դրամ ուղղվել է պետական բյուջեից տրամադրված մուրհակների մարմանը: 811 մլն դրամ տրամադրվել է «ВТБ Հայաստանե ՓԲԸ-ից ստացված վարկի մարմանը` ամբողջովին ապահովելով նախատեսված ծավալը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 4.5 մլրդ դրամի վարկեր` կազմելով կիսամյակային ծրագրի 63.9%-ը: Շուրջ 3.5 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից:
Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -29.8 մլրդ դրամ: Արտաքին աղբյուրներում -12.3 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները` 37.3%-ով կատարելով կիսամյակային ծրագիրը: Մասնավորապես` շուրջ 12.4 մլրդ դրամ ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից 2.3 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 8 մլրդ դրամը` Արժույթի միջազգային հիմնադրամի, 187.7 մլն դրամ` ԳԶՄՀ, 202.8 մլն դրամ` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի, 269.7 մլն դրամ` ՎԶԵԲ նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 466.7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 650.9 մլն դրամ է տրամադրվել Ճապոնիայի, 135.1 մլն դրամ` Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի, 159.5 մլն դրամ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության, 25.1 մլն դրամ` Ֆրանսիայի նկատմամբ պարտավորությունների մարմանը:
Հաշվետու ժամանակահատվածում -17.5 մլրդ դրամ են կազմել ֆինանսական զուտ ակտիվները` ապահովելով կիսամյակային ծրագրի 83.2% կատարողական, որից 16.4 մլրդ դրամը հատկացվել է ԼՂՀ-ին` որպես միջպետական վարկ: Վրաստանը միջպետական վարկի գծով վճարել է 92.8 մլն դրամ` ապահովելով կիսամյակային ծրագրի 53.8% կատարողական: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն ուղղվել է 854 մլն դրամ` կազմելով տարեկան ծրագրի 96.6%-ը: Հաշվետու ժամանակահատվածում 323.3 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը: