ԹԵԺ ԳԻԾ
Սեմինար-քննարկում «Պետական պարտք» խորագրի ներքո
14.11.2016
Սեմինար-քննարկում «Պետական պարտք» խորագրի ներքո
 
Հաշվի առնելով ՀՀ պետական պարտքի բաղադրիչի հանրային մեծ հետաքրքրությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 12-13-ին Ծաղկաձորում նախաձեռնել է տնտեսական լրագրողների վերապատրաստման դասընթաց-սեմինար «Պետական պարտք» խորագրով: Սեմինարն իրականացվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ (GIZ):
 
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների նշանակությունը` հավելելով, որ լրատվամիջոցների հետ նման ձևաչափի քննակումները կնպաստեն պետություն-հասարակություն արդյունավետ հաղորդակցման միջոցների ստեղծման, պետությանը հուզող տնտեսական խնդիրների քննարկման, դրանց համար լուծման մեխանիզմների որոնման գործընթացիներին:
Միջոցառմանը «Պետական պարտք» թեմայի շրջանակում բանախոսել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը՝ «Պետական պարտքի կայունության վերլուծություն», նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը «Պետական պարտք. զարգացման համառոտ ակնարկ, մարտահրավերներ, հեռանկարներ», Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Ալեքսանդր Հովհաննիսյանը, Գոհար Գյուլումյանը՝ «ՀԲ վարկավորմամբ իրականացվող ներդրումային ծրագրերի պատրաստման, հաստատման և վերահսկողության, ինչպես նաև իրականացման աջակցության մեխանիզմներ», «Զարգացման քաղաքականությունների շրջանակային, վարկային ծրագրերի նախապատրաստման և հաստատման ընթացակարգեր» թեմաներով և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արմեն Մինասյանը՝ «Տեղեկատվական քաղաքականություն. պետության առաջնահերթություններ և հանրային ակնկալիքներ» թեմայով:
 
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի՝ 
Հայաստանի պետական պարտքն այս տարվա հոկտեմբերի մեկի դրությամբ կազմել է 5 մլրդ 607 մլն դոլար, որից արտաքին պարտքը՝ 4 մլրդ 45 մլն դոլար: 
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, անդրադառնալով ներգրավված պարտքի արդյունավետ օգտագործման հարցին, ասել է. «Մեր գործողութուններով փորձում ենք ստեղծել միջավայր, որը հնարվորություն կտա չափել արդյունավետությունը. պետք է մտածել բոլոր ծախսերն արդյունավետ դարձնելու մասին: Ներգրավված պարտքը երկու ուղղությամբ է ծախսվում՝ նպատակային ծրագրերի համար և որպես բյուջետային աջակցության վարկ»:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով. «Կարևոր խնդիրը պարտքի կառավարելիությունն է: Պետք է հաջորդ տարիների մասին էլ մտածել, և եթե հանկարծ 2018-ին շոկ լինի, ապա պետք է կարողանալ դիմակայել»:
2017 թվականի պետական բյուջեն նախագծելիս հաշվի է առնվել ընդհանուր տնտեսական իրավիճակը: Կանխատեսման ռիսկերը պայմանավորված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տնտեսական գործոններով, որոնք կարող են հանգեցնել ինչպես տնտեսական աճի տեմպերի ավելացմանը, այնպես էլ` նվազմանը: «Բյուջեի սցենարի հիմքում ընկած է թե գլոբալ, թե Ռուսաստանի տնտեսական աճը, որը կանխատեսվում է շուրջ 1%-ի շրջանակներում, ինչպես նաև՝ հումքային ապրանքների միջազգային գների համեստ աճը: Եթե այս սցենարի շրջանակներում, բացասական ուղղությամբ որևէ շեղում լինի, բնականաբար, դա ազդեցություն է ունենալու մեր ՀՆԱ-ի աճի վրա»,- ասել է նախարարը:
 
Ինչ վերաբերում է ներքին ռիսկերին, ապա, ըստ Վարդան Արամյանի, այստեղ շատ կարևոր է ներքին տնտեսվարողների և հանրության վարքագիծը. «Այն գործողությունները, որոնք դրված են մեր կառավարության ծրագրում, ազդակ են, որպեսզի դրական սպասումների հիմքի վրա տնտեսվարողները ներդրումային ծրագրերի նախագծեր մշակեն»,- ընդգծել է Վարդան Արամյանը:
Սեմինարի երկրորդ օրը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, պատասխանել լրատվամիջոցներին հուզող հարցերին: Քննարկման համար ընտրված հարց ու պատասխանի ձևաչափը հնարավորություն է ընձեռել հնչեցնելու ոլորտին առնչվող բազմաթիվ հարցադրումներ, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ: