ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հարցազրույցը «Օրակարգ» օրաթերթին
17.09.2013
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հարցազրույցը «Օրակարգ» օրաթերթին

Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական բանկի գնահատականներով՝ այս տարի Հայաստանում տնտեսական աճը կլինի մինչև 5%: Կառավարությունը բյուջեի հիմքում դրել է 6,2% աճի ցուցանիշը։ Դեպի նվազում են վերանայվել համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները։ Նման պայմաններում բյուջեի եկամտային մասի կատարման հետ կապված կան որոշակի ռիսկեր: Այդուհանդերձ, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը չի կարծում, որ տարին վատ ցուցանիշներով կփակվի։ ՍիվիլՆեթի հետ զրույցում նա մանրամասնել է՝ ինչու:

- Գլոբալ մակարդակում զարգացումները տարատեսակ են, միասնական կանխատեսում, թե ինչ կլինի վեց ամիս հետո, որևէ մեկն այսօր չի կարող կատարել։ ԱՄՀ-ն, իսկապես, նվազեցրել է զարգացող երկրների, Ռուսաստանի, ԵՄ երկրների տնտեսական աճի կանխատեսումները: Մյուս կողմից՝ այսօր ներդրողները շատ ավելի դրական են գնահատում ԱՄՆ տնտեսության վիճակը։ Իհարկե, ԱՄՆ-ը մեր հիմնական առևտրատնտեսական գործընկեր երկիրը չէ, բայց Միացյալ Նահանգների տնտեսությունը լուրջ ազդեցություն ունի մյուս երկրների տնտեսությունների վրա, այդ թվում՝ Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերների։ Այսօր ներդրողները չեն կորցնում հույսը, որ Միացյալ Նահանգները կարող են համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացում ստանձնել լոկոմոտիվի դերը։
Այս տեսանկյունից՝ Հայաստանի տնտեսությունում, բնականաբար, մարտահրավերները շատ են։ Մյուս կողմից՝ միանշանակ հնարավոր չէ ասել, թե ինչպիսի ռիսկերի մասին է խոսքը, կամ բյուջեի հիմքում դրված բազային սցենարից՝ 6,2% աճից, որքան բարձր կամ ցածր ցուցանիշ կարող է արձանագրվել։ Առաջին ռիսկը, որը նշվում է, մետաղների համաշխարհային գների նվազումն է։ Գներն իսկապես նվազում են, սակայն դեռ վաղ է խոսել՝ անկումը երկարաժամկետ բնույթ կունենա, թե այն ժամանակավոր երևույթ է։ Մետաղների գների նվազումը, անշուշտ, բացասաբար կազդի Հայաստանի տնտեսության վրա, սակայն այսօր դժվար է հստակ նշել ազդեցության չափը։

Որպես ռիսկային գործոն նշվում էր նաև Արմավիրում կարկտահարությունը։ Բայց գյուղատնտեսության նախարարության վերլուծությունները ցույց են տալիս, որ կարկտահարության հետևանքները գյուղոլորտի աճի վրա շատ մեծ ազդեցություն չեն ունենա։ Մյուս մարզերում գյուղատնտեսական բերքը շատ ավելին է, քան կանխատեսվում էր։ Բացի այդ՝ այս տարի 20 հազ հա-ով ավելացել են ցանքատարածությունները։ Գյուղնախարարության գնահատականներով՝ ցորենի շատ լավ բերք է սպասվում։

Ամենամեծ ռիսկային գործոնը, որը կարող է բացասական ազդեցություն թողնել տնտեսական աճի վրա, էներգակիրների գների բարձրացումն է։ Այն ՀՆԱ-ի աճի վրա կարող է բացասաբար անդրադառնալ 0,6-0,7 տոկոսային կետով։
Պետք է հաշվի առնել նաև, որ թե՛ միջազգային ֆինանսական կառույցների, թե՛ ԿԲ-ի կանխատեսումներում բոլոր այս գործոնները դիտարկվում են հոռետեսական սցենարում։ Իհարկե, ֆինանսների նախարարը իրավունք չունի շատ լավատես լինել, բայց այս պահի դրությամբ չեմ կարծում, որ մենք վատ ցուցանիշներով կփակենք տարին։

- Այսինքն՝ բյուջեի եկամտային մասի կատարման մասով լուրջ վտանգներ չկա՞ն։

- Որևէ կանխատեսում կատարելու համար նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվել վերջին վեց ամիսների ընթացքում։ Առաջին կիսամյակում հարկերի հավաքագրումը Դ9,2 մլրդ-ով ավելի է եղել, քան ծրագրել էինք։ Հավաքագրվել է Դ477,3 մլրդ։ Այսինքն՝ առաջին կիսամյակի ցուցանիշները որևէ հիմքեր չեն տալիս հոռետեսական գնահատականների համար՝ գոնե հարկահավաքման և հարկաբյուջետային մասով։

- Բայց այս տարվա առաջին եռամսյակում միայն 489 խոշոր հարկ վճարողների գծով եղել է Դ110 մլրդ-ի գերավճար, իսկ հաշվանցվել և վերադարձվել է Դ5,5 մլրդ։ Եվ սա այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում գերավճարները կազմել են Դ93,5 մլրդ, իսկ հաշվանցվել և վերադարձվել է Դ6,7 մլրդ։ Չի՞ նշանակսում սա, արդյոք, որ բյուջեն գերակատարվել է գերավճարների հաշվին։

- Չպետք է մոռանալ, որ մեր օրենսդրությունն ունի գերավճարների և կանխավճարների մասին դրույթներ։ Նույն շահութահարկը տնտեսվարողները վճարում են՝ հիմք ընդունելով անցած տարվա փաստացի շահույթը։ Օրենսդրորեն նմանատիպ դրույթներ կան նաև ԱԱՀ-ի գծով։ Սա բնականոն գործընթաց է։ Եթե մեր տնտեսության ծավալն այս տարի ավելի մեծ է եղել, քան նախորդ տարիներին, բնականաբար կանխավճարները բացարձակ թվով պետք է ավելանային։

- Վերջին երեք տարիներին բյուջեն թերակատարվում է ծախսային մասով։ Միտումը պահպանվում է նաև 2013թ. հինգ ամիսների կտրվածքով։ Արդյոք սա քողարկված սեկվեստր չէ՞՝ ուղղված պակասուրդի նվազեցմանը։

- Իհարկե՝ ոչ, սա գաղտնի սեկվեստր չէ։ Մեզ հաճախ են մեղադրում բյուջեի ծախսային մասը չկատարելու մեջ, բայց մենք մշտապես բյուջեն 100%-ով չենք կատարել, և սա բնական է։ Վերջին տասը տարիներին բյուջեի ծախսային մասը երբեք 100% չի եղել։ Միակ տարին, երբ մենք ավելի շատ ծախս ենք կատարել, քան ծրագրվել էր բյուջեով, 2007-ն էր։ Այդ տարի կառավարությունն սկսեց ճապոնական վարկային միջոցներով լայնածավալ աշխատանքներ իրականացնել Երևանի ջէկում, ինչն էապես ավելացրեց ծախսերը։ Երբ ծրագրում ես ծախսերը, երբեք չես կարող դրանք կատարել 100%-ով ։ Պետք չէ նաև մոռանալ, որ ծախսերի մեջ են վարկային միջոցներով իրականացվող ծրագրեր, որոնց կատարումը ամբողջությամբ մեզանից չէ կախված։ Օրինակ, 2006թ. ծախսային մասի կատարողականը եղել է 92%, 2007թ.՝ 100%, 2008թ.՝ 94,8%, 2009թ.՝ 94,7%։ Այսինքն` ծախսային մասը, այսպես ասած, թերակատարվել է, և սա միայն վերջին երեք տարիների առանձնահատկությունը չէ։

Այս տարվա առաջին կիսամյակում հարկաբյուջետային հատվածը զսպողական է շուրջ Դ73 մլրդ-ով՝ ծրագրվածի համեմատ։ Բայց անցած տարվա առաջին կիսամյակում նույնպես ցուցանիշը Դ73 մլրդ է եղել։ Տարեկան շարքը դիտարկելուց երևում է, որ առաջին կիսամյակում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Իհարկե, ծախսային մասի թերակատարումը ազդում է տնտեսական աճի վրա, բայց չպետք մոռանալ սեզոնայնության գործոնը։ Հայաստանում սեզոնայնությունը չափազանց կտրուկ է. երրորդ և չորորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունն էապես ավելի բարձր է, քան առաջին կիսամյակում։

Անցած տարի կառավարությանը նաև քննադատում էին, որ բյուջեի հիմքում դրվել է բյուջեի պակասուրդ/ՀՆԱ 3,1% ցուցանիշ, իսկ տարին փակվեց 1,5%-ով։ Թվում է` ավելի զսպողական ենք եղել։ Իհարկե, զսպողական ենք, բայց հարաբերականորեն։ Համեմատության համար՝ 2003թ. պակասուրդը ծրագրվել էր 3,3%-ի մակարդակում, իսկ փաստացին կազմել է 1,3%։ 2004թ. ծրագրվել էր 2,4%, փաստացին կազմել է 1,7%, 2005թ. ծրագրվել էր 2,3%, փաստացին եղել է 1,9%։ Միակ տարին, երբ պակասուրդը ծրագրված ցուցանիշից բարձր է եղել, ճգնաժամային 2009-ն էր։ Այդ տարի կառավարությունն էապես ավելացրեց ծախսերը և իրականացրեց հակաճգնաժամային միջոցառումներ։

Այս տենդենցները եղել են բոլոր տարիներին, ինչը չի խանգարել ապահովել բարձր տնտեսական աճ՝ հատկապես նախաճգնաժամային ժամանակահատվածում։ Եվ այդ տարիներին ոչ ոք կառավարությանը չի մեղադրել, թե զսպողական եք եղել։

- Առաջիկա երեք տարիների միջնաժամկետ ծրագրով կառավարությունը մի կողմից ծրագրում է զգալիորեն ավելացնել սոցիալական ոլորտի ծախսերը, մյուս կողմից՝ բյուջեի պակասուրդը նվազեցնել մինչև 2%։ Համաշխարհային տնտեսությունում անորոշությունների պայմաններում ինչպե՞ս է լուծվելու այս խնդիրը։

- Միջնաժամկետ ծախսային ծրագրի հիմնական տրամաբանությունը կայուն մակրոտնտեսական իրավիճակի ապահովումն է։ Սա նշանակում է, որ պետությունն ապահովելու է հարատև տնտեսական աճ՝ 6-7%-ի շրջանակում, ցածր գնաճ՝ 4±1,5%, մեր տնտեսության համար ընդունելի արտաքին պարտքի կայուն մակարդակ։ Միևնույն ժամանակ, ապահովելու ենք սոցիալական ծախսերի՝ պարտավորությունների իրականացումը։

Բացի այդ, լրացուցիչ ջանքեր են գործադրվելու աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ։ Վերջին հինգ տարիներին աշխատավարձերի բարձրացում, ըստ էության, չի կատարվել, որոշ պաշտոններում՝ հատկապես բարձրաստիճան, աշխատավարձերը չեն վերանայվել տասը տարի շարունակ։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը, նշեմ, որ պետբյուջեից աշխատավարձերին ուղղվում է Դ240 մլրդ։ Հաջորդ տարի կառավարությունը աշխատավարձային ֆոնդը ծրագրում է ավելացնել Դ61 մլրդ-ով։ Ստացվում է, որ միջինը 25%-ով բարձրացում է լինելու։ Սակայն սա չի նշանակելու, որ պետական հատվածի բոլոր աշխատակիցների աշխատավարձերն աճելու են 25%-ով։ Ոմանց աշխատավարձի աճն ավելի բարձր կլինի, մյուսներինը՝ ավելի ցածր։

Աշխատավարձերի բարձրացում նախատեսված է նաև 2015թ. և 2016թ., բայց աշխատավարձի ամենազգալի բարձրացումը լինելու է հաջորդ տարի։ Այս ամենի արդյունքում ցանկանում ենք ստանալ այնպիսի սանդղակ, որը կապահովի ուղղահայաց տրամաբանությունը։ Այսօր, օրինակ, տարբեր գերատեսչությունների վարչության պետերի աշխատավարձերը էապես տարբերվում են, և մենք ցանկանում ենք, որ, անկախ գերատեսչությունից, աշխատավարձերի տարբերություն չլինի։ Այս գործընթացը կավարտվի 2016թ.։

Մեզ քննադատում են, որ պետպարտքի ցուցանիշը բարձրացել է մինչև ՀՆԱ-ի 37%-ը, և ասում՝ այլևս պարտք մի վերցրեք։ Մյուս կողմից՝ խորհուրդ են տալիս ունենալ ավելի բարձր դեֆիցիտ։ Սրանք իրար հակասող նպատակներ են։ Կառավարությունը որպես սցենար նախանշել է՝ դեֆիցիտը ապահովելու է այնպիսի մակարդակում, որ պետական պարտքը լինի ընդունելի սահմաններում, չգերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 50%-ը։ Այդ իսկ պատճառով պակասուրդի 2% ցուցանիշն այն շեմն է, որը ապահովելու է պարտքի կայունությունը։Սակայն սա չի նշանակում, որ եթե վաղը լուրջ ռիսկեր ի հայտ գան, կառավարությունը չի վերանայի մոտեցումները։

- ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան իրենց համատեղ հոդվածում նշել էին, որ փոփոխություններ իրականացնելու աստիճանական մոտեցումն արդեն սպառել է իրեն, և կոչ էին արել կառավարությանը արագ, համապարփակ ու վճռական փոփոխություններ իրականացնել։ Սակայն միջնաժամկետ ծրագրով կառավարությունը, օրինակ՝ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը տարեկան կտրվածքով նախատեսում է բարելավել 0,3-0,4 տոկոսային կետով, այն դեպքում, երբ տնտեսությունում ստվերայնությունը 35% է։ Ինչո՞ւ է կառավարությունը խուսափում վճռական քայլերից։

- Ես նույնպես կարդացել եմ այդ հոդվածը, այնտեղ կտրուկ, վճռական քայլերի մասին հորդորը հարկահավաքմանը չէր առնչվում։ Ինչ վերաբերում է հարկահավաքմանը, ապա ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրում նշված է, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կառավարությունը պետք է բարելավի տարեկան 0,3-0,4 տոկոսային կետով։ Այսինքն՝ բարեփոխումները, որոնց մասին նշում են ԱՄՀ պաշտոնյաները, ենթադրում են հենց 0,3-0,4 տոկոսային կետ, և ոչ թե 1% կամ 3%։

- Իսկ նման տեմպը բավարա՞ր է, եթե հաշվի առնենք, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը, օրինակ, զիջում է Վրաստանին և նմանօրինակ տնտեսություն ունեցող այլ երկրների։

- Տեսեք, 2007թ. մենք ունեինք հարկեր և տուրքեր/ՀՆԱ-ի 16,2% ցուցանիշ, իսկ հարկեր տուրքեր և սոցվճարներ/ՀՆԱ ցուցանիշը 19% էր։ Երբ նշվում է այլ երկրների ցուցանիշը, ներկայացվում է հենց այս վերջինը՝ հարկեր, տուրքեր և պարտադիր սոցվճարները։ 2008թ. այդ ցուցանիշը Հայաստանում եղել է 20,3%, 2009թ.՝ 20,2%, 2010թ.՝ 20%, երբ ճգնաժամով պայմանավորված՝ հարկերը չբարձրացվեցին։ 2011թ. այդ ցուցանիշը կազմել է 20,6%, անցած տարի՝ 22%։ Այս ցուցանիշներից երևում է, որ տարեկան կտրվածքով հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 0,3-0,4 տոկոսային կետով, և այս միտումները պահպանվելու են նաև առաջիկա երեք տարիներին։ Իրականում 0,3-0,4 տոկոսային կետը բավական բարձր ցուցանիշ է, և դրա ապահովումը չափազանց ծանր աշխատանք։

- Ֆինանսների նախարարությունը ի՞նչ քայլեր է պատրաստում օրենսդրական մակարդակում Պետական եկամուտների կոմիտեում կոռուպցիոն երևույթների վերացման ուղղությամբ, մասնավորապես՝ բիզնեսը պաշտոնյաներից առանձնացնելու համար։

- Այդ հարցը միայն ՊԵԿ-ին չէ, որ առնչվում է։ Այն կարող է վերաբերել ֆինանսների նախարարությանը, ցանկացած պետական գերատեսչության: Խնդիրը, որ քաղաքականությունը և բիզնեսը կամ պետական չինովնիկը և բիզնեսը տարանջատվեն, արդեն իսկ ձևակերպված է։ Ոչ ոք չի ժխտում, որ այս խնդիրը կա, այլ հարց է, թե ինչ քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ։ Այս տեսանկյունից, գործիքը, որն արդեն իսկ ստեղծված է, բարձրաստիճան պաշտոնյաների համար էթիկայի հանձնաժողովն է։ Այն վատ, թե լավ՝ առաջին գործիքն է, որն ուղղված է այդ տարանջատումը ապահովելուն։

Բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներն այսօր ներկայացնում են եկամուտների հաշվետվություններ, և հասարակությանը դրանք ուսումնասիրելով՝ միշտ կարող է բարձրաձայնել, թե որտեղից պաշտոնային, օրինակ՝ թանկարժեք ավտոմեքենա, եթե նրա եկամուտները բավարար չեն այն գնելու համար։ Սակայն մինչև այժմ հասարակության նախաձեռնությամբ մենք լուրջ քննարկումներ էթիկայի հանձնաժողովում դեռ չենք տեսել։