ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը
18.11.2016
ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Նոյեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որի հիմքում դրված են հիմնարար սկզբունքները. նախատեսվող մակրոտնտեսական քաղաքականությանը համահունչ հարկաբյուջետային ցուցանիշների նախագծում, մակրոտնտեսական կայունության ապահովում, հարկային եկամուտների հավաքագրման նպատակով տնտեսվարողների վրա լրացուցիչ քայլերի եւ ճնշումների բացառում, պետության ստանձնած եւ շարունակական բնույթ ունեցող ծախսային պարտավորությունների կատարում:

Նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է մակրոտնտեսական շրջանակը՝ նշելով, որ 2017 թվականի համար կանխատեսվում է 3.2 տոկոս տնտեսական իրական աճ եւ դեֆլյատորի 1.7 տոկոս մակարդակ: Պարոն Արամյանը մանրամասնել է այն արտաքին եւ ներքին գործոնները, որոնք թույլ են տալիս ակնկալելու տնտեսական աճ: 2017 թվականին կանխատեսվում է արտահանման առաջանցիկ տեմպ ներմուծման աճի նկատմամբ:

2017 թվականին բյուջեի եկամուտները եւ պաշտոնական տրանսֆերները ՀՆԱ-ի մեջ կլինեն 22.4 տոկոս, բյուջեի պակասուրդը կկազմի 150 մլրդ դրամ, 2017 թվականին եւս եկամուտների հիմնական մասը կկազմեն հարկային եկամուտները:

Այնուհետեւ նախարարը ներկայացրել է բյուջետային հատկացումները՝ ըստ ոլորտների:

ԱԺ պատգամավորները հարցուպատասխանի միջոցով փորձել են պարզել պետական պարտքի աճի տեմպերը, արտահանման ծավալներին, ծրագրով նախատեսված միջոցառումներին, պետական պարտքի չափին, նախատեսվող տնտեսական աճի ցուցանիշին, հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականությանը, արդյունաբերության զարգացմանը, արտաքին քաղաքականությանը եւ այլ վերաբերող հարցեր: