ԹԵԺ ԳԻԾ
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է  համաձայնագիր
18.11.2016
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է համաձայնագիր
Նոյեմբերի 18-ին Եվրոպական ներդրումային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարևանության ներդրումային գործիքով» ֆինանսավորվող 12 մլն եվրո դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով տրամադրվող միջոցները կօժանդակեն Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքի՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելուն։
Հայաստանի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» իրականացման 12 մլն եվրո դրամաշնորհը կֆինանսավորվի «Հարևանության ներդրումային գործիքի» բյուջեից: Հայաստանի Հանրապետությանը ԵՆԲ-ն տրամադրում է դրամաշնորհը Եվրոպական հանձնաժողովի անունից: Դրամաշնորհն ունի երկու բաղադրիչ. առաջին բաղադրիչով սահմանված 6 մլն եվրո ներդրումային դրամաշնորհով կֆինանսավորվեն շինարարական աշխատանքներն ու մատակարարման ծախսերը, իսկ երկրորդ բաղադրիչով նախատեսված 6 մլն եվրոն կհատկացվի որպես տեխնիկական աջակցություն: Այս համաձայնագրի նպատակն է սահմանել 6 մլն եվրո ներդրումային դրամաշնորհի ժամանակացույցն ու պայմանները: 6 մլն եվրո տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիրը արդեն ստորագրվել էր նախորդ տարի:
Եվրոպական ներդրումային բանկի նախագահի տեղակալ Յան Վապաավուորին նշել է. «Մեծապես արժևորում եմ, որ Եվրոպական ներդրումային բանկն ու Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հետ միավորում են կարողություններն՝ ի նպաստ որակի չափանիշներին համապատասխանող, արդյունավետ և ապահով ճանապարհային ենթակառուցվածքի զարգացմանը, ժողովրդի կյանքի որակի բարելավմանն ու տնտեսական աճի և տարածաշրջանային համագործակցության խթանմանը»։
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծել է Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի կարևորությունը և շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ ՀՆԳ ֆոնդի միջոցով շարունակական աջակցության և դրամաշնորհային ռեսուրսների մոբիլիզացման աշխատանքների համար՝ առանձնացնելով Եվրոպական ներդրումային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը՝ միտված ենթակառուցվածքային զարգացմանը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ավելացրել է. «Այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, ճանապարահային հաղորդակցությունն անհրաժեշտություն է»,- ապա շարունակել է. «Եվրոպական միությունը գոհ է, որ կարող է նպաստել ԵՆԲ-ի կողմից ձեռնարկվող ջանքերին ուղղված ՀՀ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկների՝ Հայաստանում ավելի ազատ և ապահով տեղաշարժմանը և հարևան տարածքներ և շուկաներ նրանց ավելի դյուրին մուտք գործելուն»:
2013 թվականին Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել է Հայաստանի կարևորագույն ավտոտրանսպորտային միջանցքի՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման համար 60 մլն եվրո վարկ տրամադրելու մասին պայմանագիր:
Ծրագիրը խթան կհանդիսանա Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար ու նպաստելով տարածարջանային ինտեգրման ամրապնդմանը՝ զգալի օգուտ կբերի ողջ տարածաշրջանին: Ֆինանսավորվող ծրագիրը  հյուսիսից հարավ (Վրաստանի սահմանից՝ Բավրայից, Իրանի սահման` Մեղրի) ձգվող Բավրա, Գյումրի, Աշտարակ, Երևան, Գորիս, Կապան և Մեղրի քաղաքներով անցնող 556 կմ երկարությամբ ճանապարհային միջանցքի բարելավմանն ուղղված հավակնոտ նախագծի բաղկացուցիչն է: