ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական  հանձնաժողովի հերթական նիստը՝ ֆինանսների նախարարությունում
21.11.2016
Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական հանձնաժողովի հերթական նիստը՝ ֆինանսների նախարարությունում
Նոյեմբերի 21-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես՝ Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվելիք հետագա հատկացումները, որոնք ներառում են ՀՀ Կենտրոնական բանկի գերմանահայկական հիմնադրամի կողմից վերաֆինանսավորվող գյուղատնտեսության ոլորտի աջակցության և փոքր ու միջին ձեռնարկություններում էներգաարդյունավետության ծրագրերի շարունակական փուլերը, Վանաձորի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը և այլն:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ հայ-գերմանական միջկառավարական համագործակցությունը ունի երկարամյա, արդյունավետ պատմություն, որը լավ հիմք է հետագա փոխհամագործակցության ընդլայնման և զարգացման համար:
Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը ընդգծեց բանակցությունների ձևաչափի դրական ուղղվածությունը՝ հիշեցնելով, որ Գերմանիայի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ամենախոշոր ֆինանսական դոնորներից մեկն է, որը կարևորում է տարածաշրջանի կայունությունն ու տնտեսական աճը: Դեսպանի խոսքով՝ տարածաշրջանում Հայաստանի վարկանիշի բարձրացման համար առավել կենսական են արդյունավետ կառավարման սկզբունքների ներդրումը, կոռուպցիայի դեմ համակարգված պայքարը, իշխանության միասնականությունը, ինչպես նաև արդարության սկզբունքների պահպանումը:
Նիստի ընթացքում քննարկվեց Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսության ապահովագրության ներդրման համակարգի հարցը, որի շրջանակներում գերմանական կողմը պատրաստակամություն հայտնեց դրամաշնորհային միջոցներ տրամադրել:
Օրակարգային էին նաև տարածաշրջանային դրամաշնորհային միջոցներով այլ ծրագրերի ֆինանսավորման հարցեր, ինչպիսիք են` «Կովկասի բնության հիմնադրամին աջակցության», «Հարավային Կովկասում կենսաբազմազանության համալիր կառավարման», «Հարավային Կովկասում տեղական ինքնակառավարման» ծրագրերը և այլ կարևոր նախագծեր: