ԹԵԺ ԳԻԾ
«Սև ցուցակի» աբսուրդը
17.09.2013
«Սև ցուցակի» աբսուրդը


Օրեր առաջ ֆինանսների նախարարությունը հրապարակեց մի ճռճռան ցուցակ՝ աուդիտ չանցած խոշոր ընկերությունների ցանկը, և հայտարարեց, որ այսուհետ այդպիսի ընկերություններից պետությունը գնում չի կատարելու: Փաստորեն, սա յուրօրինակ սև ցուցակ էր, որտեղ հայտնված ընկերություններին հետ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի ուզում գործ ունենալ: Իբրև հիմնավորում նշվում էր, թե կառավարությունն ուզում է աշխատել գրագետ մենեջմենթ վարող ընկերությունների հետ: Եթե այս ամենը ձևական չլիներ, Տիգրան Սարգսյանի այս քայլը կարելի էր նաև ողջունել: Գուցե վարչապետն ուզում էր, որ այս անգամ ամեն ինչ լավ ստացվի, բայց ստացվեց ինչպես միշտ:
Օրենքով խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեության հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը: Ըստ այդ ցանկի՝ Հայաստանի 941 խոշոր ընկերություններից 311-ը, այսինքն՝ 30 տոկոսը, խուսափել են աուդիտից, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Այդ ցանկում էին հայտնվել այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ», «Նատալի ֆարմ», «Լուսաստղ Շուգր» ընկերությունները, «Հովնանյան ինտերնեյշնելը», «Արաքս» թռչնաֆաբրիկան, «Հայբիզնեսբանկը», Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը համարվող «Հայաստանի էլցանցերը», Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի գլխավորած բուժկենտրոնը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը, Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող «Վաղարշ և որդիներ »/Ոսկու շուկայի սեփականատեր/ ընկերությունը, հանրահայտ «Սպայկա» ընկերությունը, որը, ըստ լուրերի, պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, Հայաստանի ատոմակայանը, բոլոր հայտնի բուհերը, այդ թվում նաև ԵՊՀ-ն, որտեղ կառավարման խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալասրանը, որի կառավարման խորհուրդն էլ գլխավորում է Տիգրան Սարգսյանը:
Սակայն ուշագրավն ամենևին էլ ցուցակում հայտնված անունները չեն, քանի որ գրագետ մենեջմենթի մասին հայտարարելով, ըստ էության, կառավարությունը որևէ մեկին չզարմացրեց: Հասարակությունը երբևէ այն կարծիքն չի եղել, որ, օրինակ, Սամվել Ալեքսանյանն իր բիզնեսները եվրոպական ստանդարտներով է վարում: Շատ ավելի հետաքրքիր էր ցուցակի հրապարակման նպատակը. սև ցուցակում հայտնված ընկերություններին կառավարությունն իսկապե՞ս զրկելու է պետգնումներից: Պարզվում է, որ դա նախ պարզապես անհնար է և երկրորդ՝ կառավարությունն իրականում նման ցանկություն չունի: Ինքնին հասկանալի է, որ մենաշնորհային ծառայություններ մատուցող ընկերություններին, ինչպիսին, օրինակ, Հայաստանի էլցանցերն ու ատոմակայանն են, կառավարությունը անգամ շատ մեծ ցանկության դեպքում չի կարող զրկել պետական գնումից: Ուզած-չուզած պիտի շարունակի էլեկտրաէներգիա գնել ՀԷՑ-ից էլ, ատոմակայանից էլ:
Հետևաբար ամպագոռգոռ ճառեր ասելուց առաջ այս պարզագույն իրողությունները կարելի էր ընդամենը նկատի ունենալ: Բայց սա դեռ բոլորը չէ. անհեթեթության ամբողջ հմայքը կայանում է նրանում, որ այստեղ կան այնպիսի կազմակերպություններ, որոնց կառավարությունը այդ չարաբաստիկ սև ցուցակի հրապարակումից ընդամենը մեկ շաբաթ առաջ անտոկոս բյուջետային վարկ է հատկացրել: Այսպես՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը /ՓՄՁ ԶԱԿ-ը/, որը նույնպես ընդգրկված է աուդիտ չանցած ըկերությունների հայտնի ցուցակում, կառավարության որոշմամբ, 2013 թվականի երրորդ եռամսյակի համար 200 մլն դրամ բյուջետային վարկ է ստացել՝ առանց գույքի գրավադրման պահանջի, ընդամենը 0,1 տոկոսով: Ընդ որում, բյուջետային վարկը տրամադրվել է Ասիական զարգացման բանկի՝ ՀՀ-ին տրամադրվելիք վարկի հաշվին: Ստացվում է, որ կառավարությունն աուդիտի բացակայությունը պետական գնումներին մասնակցելու համար լուրջ խոչընդոտ է համարում, մինչդեռ անտոկոս բյուջետային վարկ հատկացնելիս որևէ խնդիր չի տեսնում:
Դավիթ Մանուկյան
Հայելի.am