ԹԵԺ ԳԻԾ
Տեղի է ունեցել ՀՀ ՖՆ նախարարի հրամանով  ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը
20.01.2017
Տեղի է ունեցել ՀՀ ՖՆ նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը
Հունվարի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստը վարել է  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ով նշել է, որ նիստի օրակարգային հարցերն առնչվում են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկմանը: Նիստը վարողը նշել է նաև, որ խորհրդի նախորդ նիստի օրակարգում ընդգրկված՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների առաջարկները քննարկվել են ՀՀ ֆինանների նախարարությունում՝ աշխատանքային խմբի ձևաչափով: Գնահատելով դրանց ազդեցությունը ինչպես գործարար միջավայրի, մրցակցային միջավայրի, այնպես էլ հարկային վարչարարության արդյունավետության վրա՝ աշխատանքային խումբը՝ հաշվի առնելով նաև միջազգային կազմակերպություններից ստացված տեսակետները, ձևավորել է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկների վերջնական փաթեթը, որը կներկայացվի խորհրդի անդամներին մոտ ապագայում:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի հետ կապված՝ շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները, տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խոչընդոտող դրույթները, դրանց փոփոխության տարբերակները՝ հիմնական շեշտը դնելով իրավական անորոշությունների վերացման և տնտեսվարողների գործունեության համար արդյունավետ միջավայրի ստեղծման սկզբունքների վրա:
Հասարակական խորհրդի նիստի արդյունքներով որոշվել է շարունակել հարկային օրենսդրության՝ մասնավորապես ՀՀ հարկային օրենսգրքով ամրագրված կարգավորումների կատարելագործմանն ուղղված առաջարկությունների քննարկումները և դրանց արդյունքները քննարկել խորհրդի հաջորդ նիստում: