ԹԵԺ ԳԻԾ
25.01.2019
Պարտք/ՀՆԱ ցուցանիշը հետզհետե դեպի նվազում է տարվելու. Անհրաժեշտ է կայուն բարձր տնտեսական աճի տեմպ
ՀՀ պետական պարտքը 2018 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6.9 մլրդ դոլար՝ 1 տարվա ընթացքում աճելով 148.3 մլն դոլարով։ 2017թ. համար այդ աճը կազմել էր 832.5 մլն դոլար։ Ընդհանուր պարտքից 6 մլրդ 373 մլն դոլարը կառավարության պարտքն է, 550 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկի։ Կառավարության արտաքին պարտքը 4.9 մլրդ դոլար է։
2019 թվականի ավարտին սպասվում է, որ պետական պարտքը կհասնի 7.5 մլրդ դոլարի:
 
ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի հետ զրուցել ենք պարտքի աճի ու սպասարկման հարցերի շուրջ։
 
– Պարոն Մարգարյան, անցած տարի ՀՀ պետական պարտքը շարունակել է աճել, սակայն այդ աճի տեմպի որոշակի նվազում է արձանագրվել։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
 
– 2018 թ. բյուջեի ընդունմանը նախորդել էր բյուջետային կանոնների փոփոխությունը։ Հիշում եք՝ ԱԺ-ն մի շարք փոփոխություններ ընդունեց «Բյուջետային համակարգի մասին», «Պետական պարտքի մասին» օրենքներում, որոնց նպատակն էր՝ սահմանել պարտք/ՀՆԱ ցուցանիշի ինչ-որ թիրախներ, որոնցից յուրաքանչյուրից անցումը ենթադրում էր կառավարության վարքագծի որոշակի փոփոխություն։ Այդ թիրախներն են 40%, 50% և 60%-ը։ 40%-ից անցնելու դեպքում կառավարությունը փոխում է ծախսման իր կանոնները, 50%-ից հետո ավելի է խստացնում դրանք, իսկ 60%-ից հետո, որը մեր վերին սահմանն է, կառավարությունը պետք է ներկայացնի որոշակի ծրագիր, որով պետք է հետ գնա ու նվազեցնի պարտք/ՀՆԱ ցուցանիշը։
– 2017-ին մեր պարտքը մոտեցել էր 60%-ի շեմին։
 
– Ոչ, այդ 6.9 մլրդ-ն ամբողջ պետական պարտքն է, իսկ բյուջետային կանոնը վերաբերում է կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշին։ Պետական պարտք/ՀՆԱ-ն մոտեցել էր 60%-ին՝ 2017-ին 58.9% էր, բայց 2018 թ. տարեվերջի դրությամբ նվազել է՝ 55.3%։ Իսկ կառավարության պարտք/ՀՆԱ-ի ամենամեծ ցուցանիշը եղել է 2017-ին՝ 53.7%, 2018-ին իջել է և 50%-ի շրջակայքում է, և այս տարեվերջին, ամենայն հավանականությամբ, կիջնի 50%-ից ներքև։ Դա նշանակում է, որ բավականին կմեծանա կառավարության ճկունությունը ծախսերը պլանավորելու առումով, քանի որ այդ սահմանափակումները մի քիչ կթուլանան։ Բայց միևնույն է, կառավարության երկարաժամկետ ծրագրերում էլ նշված է, որ մենք տնտեսական աճ պետք է ապահովենք բոլոր ճյուղերի ներգրավմամբ, և առաջին հերթին՝ այդ տնտեսական աճի որակը պետք է լավացնենք, ինչը շատ հուսադրող է այն առումով, որ մենք ունենք բավականին մեծ թվով ծրագրային վարկեր, որոնք թերօգտագործված են, այսինքն՝ վարկային համաձայնագիրը կա, բայց այդ միջոցները դեռ չեն բերվել տնտեսություն և չեն օգտագործվել։ Այս առումով և նաև պարտքի ռազմավարական եռամյա ծրագրով երևում է, որ պարտք/ՀՆԱ ցուցանիշը հետզհետե դեպի նվազում ենք տանելու։
 
Իհարկե, դրա համար միայն պարտքի ցածր աճի տեմպը բավարար չէ, անհրաժեշտ է նաև կայուն բարձր տնտեսական աճի տեմպ, որպեսզի մեր այդ ցուցանիշի համարիչի ու հայտարարի փոփոխությունները միանման չլինեն, հայտարարն ավելի արագ աճի, քան համարիչը, որպեսզի այդ թիվը փոքրանա։ Ես այդ առումով շատ լավատես եմ։
 
2019 թ. բյուջեով մենք ևս մի քայլ ենք արել ներքին պարտքի տեսակարար կշիռը մեծացնելու ուղղությամբ։ Եռամյա ռազմավարության մեջ քայլերով հստակ նշված է, և արդեն իսկ 2021թ. կառավարության զուտ փոխառումների մեջ ներքին աղբյուրներից ներգրավումներն ավելի մեծ են լինելու արտաքինի համեմատությամբ։ Դա առաջին անգամ կլինի մեր նորանկախ երկրի պատմության մեջ, ինչն արդյունք է նրա, որ ներքին շուկայի զարգացմանը տրամադրված ժամանակը, երբ ասում էին՝ ներքին շուկան հանգիստ թողեք, մասնակիցների քանակն ավելացրեք, փաստորեն, մոտենում է ավարտին, և ներքին շուկան ինքն է դառնում բյուջեի համար միջոցներ գեներացնող նշանակալի աղբյուր, որը նաև հեռանկարի առումով էապես փոքրացնելու է կառավարության պարտքին հատուկ ռիսկերից ամենախոշորը՝ փոխարժեքի ռիսկը։
 
Այն կապված է արտարժույթով պարտքի մեծ տեսակարար կշռի հետ, որ ներկայումս 80%-ին մոտ է, իսկ մեր տեսլականը դրամով և արտարժույթով պարտքերի տեսակարար կշիռների գրեթե հավասարեցումն է։ Այդ դեպքում փոխարժեքի ռիսկի ազդեցությունը պարտքի որակական մակարդակի վրա շատ ավելի փոքր կլինի, և բոլորս էլ ավելի հանգիստ կլինենք։
 
– Լավատեսություն հայտնեցիք՝ տնտեսական իրավիճակի հետ կապված, բայց ներկայիս իշխանության ընդդիմախոսներն էլ նշում են, թե անցած տարի տնտեսական աճի տեմպը կտրուկ անկում է գրանցել, հուսադրող ոչինչ չկա։ Դուք ի՞նչ սպասումներ ունեք այս տարվա համար։
 
– Ընդդիմությունը նրա համար է, որ միշտ քննադատի, իշխանությունն էլ՝ կատարի իր խոստումները և փորձի դրանով հակադրել քննադատությանը, որովհետև քննադատությունը ոչ միշտ է, որ բարեխիղճ է։ Ես երբևէ չեմ ներքաշվել ու չեմ ներքաշվի քաղաքական քննարկումներում, հատկապես՝ երբեմն շատ պրիմիտիվ մակարդակում է դա տեղի ունենում։
 
– Այսինքն՝ պարտքի սպասարկման տեսանկյունից ռիսկեր չե՞ք տեսնում։
 
– Ոչ։ Հայաստանի Հանրապետությունն ինչպես եղել է նվազ պարտքային բեռ ունեցող երկիր, այնպես էլ շարունակում է մնալ։ Մեր պարտքային ցուցանիշների մեջ բոլոր այն ցուցանիշները, որոնք նվազագույն կասկած են առաջացնում կամ շարժ են դրսևորում դեպի վատթարացում, մենք անմիջապես հետևում ենք այդ ազդակներին և համապատասխան քայլեր անում՝ թե՛ պարտքի կառավարման, թե՛ հարկաբյուջետային քաղաքականության մեջ որոշակի շտկումներ մտցնելով։
 
– 2020 և 2025 թվականներին արտարժութային պարտատոմսերի մարումների հետ կապված պիկեր ենք ունենալու, խնդիր տեսնո՞ւմ եք։
 
– Ոչ, բացարձակապես։ Այս պահի դրությամբ՝ ինչպես մեր պարտքի կառավարման բոլոր պաշտոնական փաստաթղթերում, այնպես էլ՝ ֆինանսների նախարարի, նախարարի տեղակալների, մեր հայտարարություններում անցնում է հետևյալ միտքը՝ դրանք պետք է մեզ համար դառնան սովորական, այսինքն՝ եթե մենք մտել ենք միջազգային ֆինանսական շուկաներ, դրանց մշտական և ակտիվ մասնակից պետք է լինենք։ Քանի որ այսօր ընդամենը 2 թողարկում ունենք, դրանք ցցուն երևում են մեր բոլոր գրաֆիկների մեջ։
 
Այդ տարիների հաղթահարման հիմնական սցենարը եվրոպարտատոմսերի նոր թողարկումներն են։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է սպասենք 2020 թ. սեպտեմբերի 30-ին, հայտարարենք, որ թողարկում ենք անում, հետո էլ, օրինակ, վատ պայմաններով կամ քիչ փող տան։ Մենք նախօրոք բազմաթիվ սցենարներ ենք քննարկում, այդ թվում՝ ավելի էժան միջոցներ հայթայթել կամ ներքին շուկայից ներգրավել միջոցներ և մարել 2020 կամ 2025 թ. Պարտքերը, և այլն։ Այդպիսի սցենարները շատ են, գլխավորը նոր թողարկում կազմակերպելն է, որի հետ կապված՝ մեր ակտիվությունը կմեծանա, երբ այդ պահը մոտենա։ Դեռ ավելի քան 1.5 տարի կա մինչև մարումը։
 
Կարևորն այդ շուկայում ճիշտ պահի ընտրությունն է, որ միջոցները տեղաբաշխես ցանկալի գնով ու պարամետրերով։ Դա շատ մանրակրկիտ ու քրտնաջան աշխատանքի արդյունք է լինում։
 
– Պարտքի կառավարման առումով կարևորվում է մանրածախ շուկայի զարգացումը։ Ներկայումս ի՞նչ արդյունքներ կան այդտեղ։
 
– Բնակչությունը, որին ուղղված է այդ մանրածախ շուկան, բացարձակապես չի հավատում որևէ պետության։ Այսօր 70-80 տարեկան քաղաքացիները տեսել են առնվազն 5 սովետական թողարկումներ, որ փողը տվել՝ պարտատոմս են գնել, բայց չեն կարողացել մարել դրանք ու դատարկաձեռն են մնացել։ 20 տարի առաջ, երբ մենք սկսեցինք շուկայի զարգացման ծրագիրը, մեր նպատակը մարդկանց հավատի վերականգնումն է եղել։
 
Առաջին 500 մլն-ի հավաքվելու համար մոտ 2-3 տարի պահանջվեց, ակտիվ մասնակիցները շուկայում 70-80 հոգի էին, 2016 թ.-ին հասանք 2 մլրդ-ի, իսկ 2018-ին՝ 6 մլրդ է ծավալը, ակտիվ մասնակիցները մոտ 800 հոգի են, ընդհանուրը՝ 5000-6000։ Ես սա ասում եմ ու ինքս չեմ հավատում։ Բայց մենք ամեն ինչ անում ենք այդ շուկան զարգացնելու համար, նույնիսկ նախարարը տեսախցիկների առաջ պարտատոմս էր գնել։
 
 
 
Նյութի աղբյուրը՝ 168.am