ԹԵԺ ԳԻԾ
Պետական բյուջեի ծախսերի հաշվարկների որակը կբարելավվի
07.05.2018
Պետական բյուջեի ծախսերի հաշվարկների որակը կբարելավվի

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Պետական հատվածի ար­դիա­­կանացման» երրորդ ծրագրի և Հայաստանի Հանրապետության ու Ռու­սաս­տա­նի Դաշնության ֆինանսների նախարարություների միջև ձեռք բերված համա­ձայնության արդ­յունքում կնքված դրամաշորհային ծրագրի շրջանակում Հայաստանի Հան­րա­պե­տու­թյունում նախատեսվում է իրականացնել պետական ֆինանսների կառավարման  տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) մշակման և ներդր­ման աշխատանքներ:

ԿՖԿՏՀ-ը ենթադրում է մեկ միասնական տեղեկատվական հարթակում պետական ֆինանսների կառավարման բոլոր գործ­ըն­թաց­ների ավտոմատացում:

Մայիսի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Վարդան Արամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ծախսակազմման  ավտոմատացված համակարգի ներդրման վերաբերյալ քննարկում, որի ընթացքում ներկայացվել են համակարգի ձեռքբերման նպատակով 2017 թվականին հայտարարված մրցույթի արդյունքում կնքված պայմանագրի շրջանակում մատակարար կազմակերպության կատարած աշխատանքները:

Ըստ այդմ՝ մատակարարի կողմից գնահատվել են բյուջետային ծախսերի ծրագրերի կազմման գործընթացները, հստակեցվել է ավտոմատացված համակարգի տրամաբանական կառուցվածքն ու ճարտարապետությունը, և արդյունքում մշակվել է WEB‑ի վրա հիմնված ունիվերսալ համակարգչային ծրագիր, որը յուրաքանչյուր ծախսող միավորի (առաջնային օղակից մինչև ֆինանսների նախարարություն) համար, առանց ծրագրավորողների ներգրավման կամ ծրագրում փոփոխություններ կատարելու, հնարավորություն է տալիս.

1. ձևավորել ձևաչափ և դրանով համակարգ ներածել պետական բյուջեի յուրաքանչյուր ծախսատեսակի չափը հաշվելու համար անհրաժեշտ տվյալները,

2. ձևավորել ձևաչափ և դրանով համակարգ ներածել կանոնները (օրենսդրությունից բխող), որոնց միջոցով պետք է հաշվարկվեն անհրաժեշտ գումարների մեծությունները,

3. սահմանել «գլոբալ փոփոխականներ», որոնք միասնական կերպով կարող են օգտագործվել բոլոր ծրագրերի համար (օրինակ՝ նվազագույն աշխատավարձ, էլեկտրաէներգիայի սակագին և այլն),

4. կազմակերպել օգտատերերի հաշվառում՝ յուրաքանչյուրի հստակ իրավասության սահմանմամբ (տվյալներ մուտքագրելու, հաստատելու և այլն),

5. ապահովել օգտատերերի կողմից համակարգում կատարված գործողությունների հաշվառումը,

6. արդյունքում ձևավորել գործող կարգավորումների և վարվող քաղաքականության շրջանակում պետական բյուջեի ծախսերի հաշվարկային կարիքը:

 ԿՖԿՏՀ-ի մշակումն ու ներդրումը երկարաժամկետ խնդիր է, որի իրականացումը, տար­բեր գնահատականների համաձայն, կարող է տևել 3-7 տարի:

Պետական բյուջեների ծախսերի կազմման գործընթացը պետական ֆինանսների կառավարման համակարգի առանցքային բաղադրիչներից  է: Վերջինիս օպտիմալացման նպատակով ֆինանսների նախարարությունը դեռևս 2017 թվականին նա­խա­ձեռնել է պետական ծախսերը կազմելու՝ բյուջեները ձևավորելու գործընթացի ավ­տո­մա­տացված համակարգ մշակելու և վերջինս պետական կառավարման համակարգում գոր­ծող այլ ավտոմատացված համակարգերի հետ ինտեգրելու՝ տեղեկատվության փոխա­նա­կ­ման հնարավորություն ստեղծելու աշխատանքները: