Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Պետական բյուջեն այսուհետև ավելի մատչելի կլինի քաղաքացու համար. քննարկում ՀԿ սեկտորի հետ
09.10.2019
Պետական բյուջեն այսուհետև ավելի մատչելի կլինի քաղաքացու համար. քննարկում ՀԿ սեկտորի հետ

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների վարչության պետ Գայանե Զարգարյանը, հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության պետական ներքին ֆինանսական հսկողության քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Էդգար Մկրտչյանը, բյուջետային գործընթացների կառավարման վարչության պետի ժ/պ Ռուզաննա Գաբրիելյանը և բյուջետային գործընթացի համակարգման և ուժային մարմինների ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Հեթում Համամճյանը:

Քաղաքացիական հասարակությունից ներկա էին «Թրանսփարենսի ինթերնեյշընլ», Իրավաբանների հայկական ասոցիացիա ու Տնտեսական զարգացման և ուսումնասիրությունների կենտրոն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Է. Մկրտչյանը իր բացման խոսքում ընդգծել է քաղհասարակության ներգրավվածության կարևորությունը բյուջետային գործընթացում, ինչպես նաև խոսել է պետական բյուջեի և բյուջեի հաշվետվության պարզեցված (քաղաքացու) տարբերակը առավել մատչելի դարձնելու հետ կապված խնդիրների մասին:

Քննարկվել են նաև հանրության համար ՀՀ պետական բյուջեն և բյուջեի հաշվետվությունը հասանելի ու թափանցիկ դարձնելու հետ կապված հարցեր: Ներկայացվել է, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հանրությանը մատչելի դարձնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել և իր պաշտոնական կայքում հրապարակել է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի համառոտ ուղեցույցը, որը կայքէջում ստանալու է «Քաղաքացու բյուջե» անվանումը: Բացի այդ, հրապարակել է 2018 թվականի պետական բյուջեի պարզեցված հաշվետվություն:

Հանդիպման ժամանակ կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր առաջարկություններ: Մասնավորապես, Իրավաբանների հայկական ասոցիացիայի «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը և կազմակերպության իրավաբան Լուսինե Նալբանդյանն առաջարկել են «Քաղաքացու բյուջե» բաժնում ոլորտ առ ոլորտ ներկայացնել իրականացված ծրագրերը, որպեսզի հանրության համար հասկանալի լինի, թե ինչպես են ծախսվում հարկի տեսքով բյուջե մուտքագրվող գումարները:

«Մեր նպատակը հասարակությանը ծառայելն է, այնպես անել, որ հանրությանը հասկանալի դառնա պետական բյուջեի ծախսերի մասին իրեն հետաքրքրող տեղեկությունները», -ասել է Գայանե Զարգարյանը: Բացի այդ, «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» ՀԿ-ի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կողմից բարձրացված այն հարցին, թե Քաղաքացու բյուջեն և պարզեցված հաշվետվությունը ՀՀ ՖՆ կայքում գտնելը դժվար է, Գայանե Զարգարյանը պատասխանել է, որ մոտ ժամանակներս այդ հարցը ևս կլուծվի, և այն տեսանելի կլինի կայքի հենց առաջին էջում:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ, մասնավորապես քաղհասարակության կողմից ներկայացվելիք առաջարկությունների հիման վրա կվերանայվեն պարզեցված բյուջեի և հաշվետվության ձևաչափերը՝ բարձրացնելով վերջիններիս կիրառելիության աստիճանը:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)