ԹԵԺ ԳԻԾ
05.11.2018
Պետական բյուջեում ազգային փոքրամասնություններին հատկացվող գումարի չափը չի փոխվի
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 2019 թ. պետական բյուջեում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված գումարի չափը փոփոխություն չի կրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ի պատասխան ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովի հարցին, ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
 
Հասանովը նշեց, որ ամեն տարի ազգային փոքրամասնություններին իրենց ծրագրերի իրականացման համար հատկացվում է 20 մլն դրամ: Պատգամավորի խոսքով՝ այդ գումարն իրենց համար քիչ է:
 
«Չեք գտնի որևէ ծրագիր, որտեղ նախատեսված գումարը գնահատվի, որ չէր կարող ավելին լինել: Հետևաբար, այստեղ մենք չենք կարող քննարկել որևէ ծրագրի բյուջեի առանձին վերցված հարց: Դա պետք է դիտարկվի ամբողջության մեջ։ Այսինքն՝ որևէ տեղ ավելացումը նշանակում է առաջնահերթությունների վերանայում կամ լրացուցիչ եկամտի կանխատեսում: Ազգային փոքրամասնություններին տրվելիք գումարը նախատեսված է նույն չափով 2019 թ. բյուջեի նախագծում»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
 
 
Նյութի աղբյուրը՝ armenpress.am