ԹԵԺ ԳԻԾ
11.11.2019
Պետական գնումների համակարգը դարձրել ենք «թափանցիկ սենյակ». Սերգեյ Շահանզարյան

Վերջին մեկ տարում էական փոփոխություններ են կատարվել պետական գնումների ոլորտում՝ ուղղված դաշտի մրցունակությանը, մրցույթներին կեղծ ընկերությունների մասնակցության ռիսկերի նվազեցմանը և գնումների գործընթացների արդյունավետության աստիճանի բարձրացմանը: Միևնույն ժամանակ կտրուկ աճել է մեկ անձից գնումների քանակը, որն ըստ մասնագետների թեպետ օրինական է, սակայն կոռուպցիայի տեսանկյունից՝ ռիսկային: Այդ փոփոխությունների մեծ մասն այս տարվա նոյեմբերի 2-ից ուժի մեջ է մտել։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի հետ:

- Պարոն Շահնազարյան, ի՞նչ հիմնական փոփոխություններ են կատարվել պետական գնումների ոլորտում վերջին մեկ տարում և ինչ խնդիրներ են դրանք լուծում:

- Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել բարելավել պետական գնումների համակարգը, բարձրացնել գնումների գործընթացների կազմակերպման արդյունավետության աստիճանը: Վերջին մեկ տարում այդ հանձնարարականի կատարման շրջանակում երեք ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Դրանք երեք խումբ խնդիրներ են, որոնք լուծվում են ենթաօրենսդրական, օրենսդրական փոփոխությունների միջոցով, իսկ վերջինը վերաբերում է գնումների նոր էլեկտրոնային համակարգ ունենալուն: Սա նախատեսված է իրականացնել մինչև 2020-ի ավարտը: Ենթաօրենսդրական ակտերի մակարդակում երկու խումբ փոփոխություններ արդեն արված են: Դրանք իրականացվել են փորձագիտական շրջանակների ու քաղաքացիական հասարակության կառույցների հետ քննարկումներով: Այսպիսով, լուծվել է մրցույթներում մասնակիցների քանակի մեծացման խնդիրը: Օրինակ՝ եթե նախկինում սուբյեկտն ուներ ժամկետանց վարկային պարտավորություններ, ապա զրկվում էր մրցույթին մասնակցելու հնարավորությունից: Այժմ հնարավորություն է տրվում ժամկետանց վարկային պարտավորությունները վճարելով` չզրկվել մրցույթին մասնակցելու հնարավորությունից: Սա ուղղված է ձևական պահանջներով հայտերի մերժման հնարավորությունների սահմանափակմանը: Լուծվել է նաև խնդիրների ևս մեկ խումբ՝ ուղղված ոչ պատշաճ բիզնես գործունեություն ծավալող ընկերություններին թույլ չտալու մասնակցել մրցույթներին: Այս փոփոխությունը ևս կատարվել է բոլոր պատվիրատուների ու քաղաքացիական հասարակության կառույցների հետ քննարկումների արդյունքում: Մենք հանդիպել ենք նրանց հետ, ստացել առաջարկներ, ամփոփել և ձևավորել դիրքորոշում: Դրանից հետո ևս մեկ անգամ քննարկումներ ենք ունեցել նույն կառույցների հետ, հասել փոխըմբռնման բարձր աստիճանի ու դրանից հետո նոր մշակել հիմնական փոփոխությունները:

- Կարո՞ղ ենք ասել, որ այժմ սպասում եք պետական գնումների մրցույթներին ավելի շատ ընկերությունների մասնակցության, այսինքն՝ մրցակցության դաշտի ընդլայնման:

- Նոր կարագավորումները նորեմբերի 2-ից ուժի մեջ են մտել: Դրանք երեք-չորս օր է՝ ինչ գործում են: Իսկապես ինստիտուցիոնալ բիզնես գործունեություն ծավալող ընկերությունների մասնակցությունը մրցույթներին և այս ընթացակարգերի արդյունքում հաղթող ճանաչվելու հանարավորությունները, մեր գնահատմամբ, էականորեն մեծացել են: Այս փոփոխություններից բացի, եղել են նորամուծություներ դաշտի կարգավորումներում, որոնք նախկինում մենք չենք ունեցել:

-  Ի՞նչ նորամուծությունների մասին է խոսքը:

- Մինչև նոյեմբերի 2-ը գործող կարգավորումներով պատվիրատուները սահմանում էին պայմանագրերի կատարման համար որոշակի որակավորումներ ունենալու պահանջ: Դրանք էին՝ ա) նախկինում նման պայմանագրեր կատարած լինելը, բ) պայմանագիրը կատարելու համար համապատասխան աշխատանքային ռեսուրսներ ունենալը, գ) տեխնիկական ռեսուրսներ ունենալը: Այսինքն, եթե ընկերությունը ճանապարհաշինության մրցույթ է ցանկանում շահել, պետք է ունենա համապատասխան աշխատուժ, ասֆալտի գործարան, տեխնիկա և այլն: Մյուսը, ֆինանսական բաղադրիչն էր: Այսինքն՝ ընկերությունը պետք է ունենար փող պայամանագիրը կատարելու համար: Բայց փողի էլեմենտը գնահատվում էր հետևյալ կերպ՝ ընկերության վերջին երեք տարվա շրջանառությունը չպետք է ավելի պակաս լիներ, քան իր գնային առաջարկը: Բայց փորձը ցույց էր տալիս, որ այս պայմաններին բավարարելը դեռևս չէր երաշխավորում, որ տվյալ սուբյեկտները մինչև վերջ կկատարեն կնքած պայմանագրերը: Շատ էին դեպքերը, երբ շահում էին մրցույթներն ու պայմանագրերը չէին կատարում կամ պայմանագրեր չէին կնքում: Սրա հետևանքով պետության մոտ առաջանում են պայմանագրերի չկատարման խնդիրեր, իսկ պետությունը հանրության առաջ ունի պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն և կատարվեն պատշաճ կերպով: Օրինակ՝ դպրոց պետք է կառուցվի, ու մեկ էլ մրցույթը շահած ընկերությունը կառուցապատումը կարող է կիսատ թողնել, ինչի արդյունքում խաթարվում է կրթական գործընթացի կազմակերպումը: Լինում էին դեպքեր, երբ ընկերությունները ստացած գումարն ուղղում էին իրենց այլ պարտավորությունների կատարմանը, ու խնդիր էր առաջանում շահած մրցույթի իրականացման հետ: Ուստի մենք տևական քննարկումների արդյունքում որոշեցինք որակավորման չափանիշների փոխարեն ներդնել որակի ապահովման ինստիտուտ: Սա նշանակում է, որ մրցույթը հաղթող մասնակիցն իր գնային առաջարկի 100 տոկոսի չափով պետք է ներկայացնի բանկային երաշխիք: Հանկարծ, եթե սուբյեկտն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի, պատվիրատուն՝ պետությունը, կաշխատեցնի բանկային այս երաշխիքն ու գնային առաջարկի 100 տոկոսանոց արժեքը բանկից կվերցնի ու կուղղի պայմանագրի կատարմանը: Բանկն էլ արդեն սուբյեկից կվերցնի… Ուստի բանկն էլ երաշխավորելիս արդեն կնայի, արդյոք տվյալ սուբյեկտն ի զորու է կատարել այդ պայմանագիրը: Այսինքն, եթե մարդը կարող է բարձրացնել 50 կգ ծանրություն, ուրմեն ինքը պետք է բարձրացնի 50 կգ, ոչ թե 200  կգ:

- Արդյոք Հայաստանում շա՞տ են ընկերությունները, որ բանկերից կարող են ստանալ նման 100 տոկոսանոց երաշխիքներ: Սա չի՞ հանգեցնի մրցույթներին մասնակիցների քանակի կտրուկ նվազեցման:

- Մի կարևոր նրբություն՝ բանկային երաշխիքի ինստիտուտը կիրառելի չէ մինչև 10 մլն դրամ արժողությամբ պայմանագրերի դեպքում: Միայն այդ շեմից բարձրի դեպքում է կիրառելի: Իսկ փոքրարժեք՝ մինչև 10 մլն դրամ արժողությամբ պայմանագրերը բավական շատ են: Պետությունն այս սեգմենտը համարել է համեմատաբար քիչ ռիսկային ու նաև ՓՄՁ-ին տվել է 100 տոկոս բանկային երաշխիքը ներկայացնելուց խուսափելու հնարավորություն: Ուստի ճիշտ չեն այն մեկնաբանությունները, որ ոչ ոք այլևս չի կարողանալու մասնակցել մրցույթներին: Սա կարևոր փոփոխություն է: Մենք ընթացքում մշտադիտարկում կանենք ու կտեսնենք՝ ինչպես կաշխատի այն: Եթե տեսնենք, որ իսկապես խդիր կարող է հարուցել, ապա կարող ենք բանկային երաշխիքի շեմն իջեցնել կառավարության որոշմամբ: Եվս մեկ կարևոր փոփոխություն է կատարվել, որ վերաբերում է շինարարական աշխատանքի տեխնիկական հսկողությանը: Այստեղ ևս կա բանկային երաշխիքի մաս, որը հավասար է կառուցվող օբյեկտի նախահաշվային գումարի 10 տոկոսին: Ավելի պարզ ասեմ, օրինակ՝ մեկը շահել է 100 մլն դրամ արժողությամբ օբյեկտ կառուցելու մրցույթ ու բերում է այդ գնի 100 տոկոսի բանկային երաշխիք: Հետո շինարարական աշխատանքի տեխնիկական հսկողություն սահմանող կազմակերպությունը, որը շահում է իր մասով մրցույթը և ներկայացնում ինչ-որ գնային առաջարկ պայամանգրի կատարման համար, ևս բերում է բանկային երաշխիք, բայց ոչ իր գնառաջարկի 100 տոկոսի չափով, այլ կապալառուի նախահաշվային գումարի 10 տոկոսի չափով, այսինքն՝ 10 մլն դրամ: Սա շատ կարևոր է, մենք այստեղ լուրջ խնիրներ ունենք: Ունենք դեպքեր, երբ 5 մլն դրամ արժե տեխնիկական հսկողությունը, այդ գումարով հայտարարում ենք մրցույթ, ընկերությունը գալիս է և 150 000 դրամով շահում է մրցույթը: Իսկ շինարարությունը պետք է տևի յոթ ամիս: Եթե այդ գումարը բաժանենք յոթ ամսվա վրա, կհասկանանք, որ իրականում տեխնիկական հսկողություն չի կատարվում: Ուստի կապալառուն իր թերությունները կոծկելու համար պետք է կոռուպցիոն ճանապարհով գումարներ վճարի, որ պայմանագիրը պահի: Սա արվել է շինարարության որակի բարձրացման համար:

- Այս տարի նախատեսված էր շուրջ 460 մլն դոլարի կապիտալ ծախսեր կատարել, սակայն առաջին կիսամյակի տվյաներով իրականացվել է այդ ծավալի միայն 17 տոկոսը: Այսինքն՝ չեն կառուցվել ճանապարհներ, ոռոգման գծեր և այլն: Ինչո՞ւ:

- Սա կարող է պայմանավորված լինել թե՛ գնումներով, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարով: Ես կխոսեմ միայն գնումների մասով: Այս հարցի լուծումը ևս տրված է նոր փոփոխություններով: Նախատեսված է, որ երբ կառավարությունը հաստատի միջնաժամկետ ծախսային ծրագիրը,- իսկ կառավարությունը դա անում է հունիսին,- բոլոր պատվիրատուները մինչև բյուջետային տարվա ավարտը պետք է կնքեն հաջորդ տարվա համար նախատեսված պայմանագրերը: Սա կատարվում է պայմանով, որ այդ պայմանագրերը սկսեն գործել մյուս տարվա հունվարից: Սա թույլ չի տա, որ ծրագրերի կատարման ուշացումներ լինեն: Ավելին՝ սա հնարավորություն կտա մրցույթների արդյունքում առաջացած հաշվարկային տնտեսումները հաջորդ տարվա առաջին եռամսյակի ժամանակ վերաբաշխել ու սկսել դրանց ծախսման գործընթացը: Այս փոփոխությունը ևս գործում է նոյեմբերի 2-ից:

- Նշեցիք, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվում: Ե՞րբ այն պատրաստ կլինի, որ ներկայացվի Ազգային ժողով:

- Մենք հիմա նախապատրաստական փուլում ենք: Այդ փոփոխությունների փաթեթը ևս կքննարկվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Կարծում եմ մինչև դեկտեմբերի 15-ն արդեն պատրաստ կլինի օրենսդրական փոփոխությունների փաթեթը:

- Մասնագետները բարձրաձայնում են, որ վերջին մեկ տարում կտրուկ աճել է մեկ անձից գնումների ծավալը: Այստեղ նրանք կոռուպցիոն ռիսկեր են տեսնում: Ո՞րն է մեկ անձից գնումների ծավալի կտրուկ աճի պատճառը:

- Նախ, մեկ անձից գնումների կատարումը օրենքով կարգավորված է: Սա օրինական է: Մենք չենք կարող ունենալ մի իրավիճակ, որ գնումներ չեն կատարվում մեկ անձից: Պետական մարմինները լուծում են խնդիրներ, և այդ գործընթացում նման տարբերակներ հնարավոր են: Օրինակ՝ կարող է մրցույթ անես ու չկայանա: Դու չես կարող սպասել ևս 50 օր, որ նոր մրցույթ անես: Օրենսդրությունն ասում է՝ գնա այդ օրերի համար մեկ անձից գնում կատարի, մնացածի մասով մրցույթ կազմակերպի: Սա օրգանիզմ է, որ չի կարող կանգնել: Չի կարող մանկապատրեզը սնունդ չառնել կամ դպորցը չվերանորոգվել: Այստեղ ևս փոփոխություն է եղել, որ պետք է հաշվի առնել: Թեկուզ անգամ մեկ անձից է արվում, դա ևս մրցակցային սկզբունքով է արվում: Այսինքն՝ չկա հնարավորություն, որ գնաս ու կոնկրետ մեկ նախընտրած կամ փոխկապակցված անձից գնում կատարես: Կրկին պետք է հրապարակել հայտրարություն, մրցույթի հրավեր շատ կարճ ժամանակով, որին կարող են մասնակցել տարբեր ընկերություններ: Այսինքն՝ պետությունն ասում է, էլի մեկ անձից արեք գնումը, բայց մրցույթին թույլ տվեք տարբեր ընկերությունների մասնակցել: Եվ սա արվում է էլեկտրոնային կարգով:

- Բայց սա արդեն իսկ մրցույթ է, ոչ թե մեկ անձից կատարվող գնում:

- Այո, սա մինի մրցույթ է: Կարող է անունը մեկ անձ է, սակայն օրենսդրական տեսանկյունից թույլ չի տրվում, որ պատվիրատուն իր նախընտրած կազմակերպությանը տա պայմանագիրը: Այսինքն, մի քանի ընկրություն կարող է մասնակցել:

- Ըստ մասնագետների` մեկ անձին գնումները պետությունն անում է ստիպված, քանի որ շատ ընկերություններ վերջին մեկ տարում ուղղակի հրաժարվում են մասնակցել պետական գնումներին: Նրանք վախենում են, որ հնարավոր է, ասենք, շինարարության մեջ որոշակի շեղումներ լինեն, ու իրենք ընկնեն քաշքշուկների մեջ՝ քրեական գործի հարուցում և այլն:

- Կարծում եմ՝ նման խնդիր իրականում չկա: Ավելին՝ դաշտն ավելի մրցունակ է դարձել մասնակցության համար: Չկան ձախ («լևի») փողեր ու կոռուպցիոն վճարներ: Հնարավոր է՝ մի չինովնիկ կամ պատվիրատու մի բան ասի ընկերությանը կամ պահանջի, բայց դա չի նշանակում, որ նա պետք է համաձայնի ու կատարի: Ընկերությունը ևս պետք է պաշտպանի իր շահերը: Եթե կապալառուն, ընկերությունն իսնտիտուցիոնալ, կայացած բիզնես է, նա չունի այդ ռիսկը: Զրո է նման ռիսկը: Եթե շահել է մրցույթը, և պայմանագիրը պետք է կատարի սահմանված պայմաններով ու տեխնիկական բնութագրերով, ապա ո՞րն է այստեղ խնդիրը: Իսկ շեղումների համար կան թույլատրելի չափեր: Ասենք, պայմանական եմ ասում, քաղաքաշինական նորմերը թույլ են տալիս շեղվել 5 տոկոս: Նշանակում է մինչև 5 տոկոս շեղումը նորմալ է: Բայց եթե շեղվում է 30 տոկոս, ապա դա արդեն խնդիր է: Մենք գնումների համակարգն այնպես ենք դարձրել, որ այն լինի մի թափանցիկ սենյակ, որտեղ բոլորը բոլորին տեսնում են և կարող են բոլորի գործողությունները բողոքարկել ու փոխել: Սա շատ կարևոր է:

- Կա՞ն այլ կարևոր փոփոխություններ, որոնք արվել են և կցանկանայիք ներկայացնել:

- Այո, ևս երկու կարևոր փոփոխություն, որ արել ենք: Առաջին, նոյեմբերի 2-ից հետո կազմակերպվող մրցույթների ապրանքների ձեռքբերման ընթացակարգերին մասնակցող բոլոր սուբյեկտները հայտերով պետք է ներկայացնեն իրենց առաջարկած ապրանքների տեխնիկական բնութագրերը: Այս տեղեկատվությունը հասանելի է լինելու բոլոր մասնակիցներին: Մինչև այսօր, միայն առաջին տեղ զբաղեցրած մասնակիցն էր ներկայացնում: Այժմ այն տարածվում է բոլորի վրա: Սկզբիցևեթ բոլորը պետք է իմանան, թե պատվիրատուն ինչ որակի ապրանք պետք է ունենա: Բայց սա առավելություն չի ստեղծի որևէ ընկերության համար մրցույթում հաղթելու տեսանկյունից: Այսինքն, եթե մի ընկերություն ներկայացրել է ֆրանսիական արտադրության ապրանք իր տեխնիական բնութագրերով, իսկ մյուսը գերմանական արտադրության, ապա սա մրցակցային առավելություն չի կարող լինել, քանի որ երկու ապրանքն էլ թույլ է տրված ներմուծել ու վաճառել երկրում:

Մյուս փոփոխությամբ պարտադիր է դարձվել, որ շինարարական աշխատանքների նախագծային փաստաթղթերի քաղաքաշինական փորձաքննությունը պետք է ապահովի պատվիրատուն: Մինչև այսօր գործող կարգավորումներով նախագծողն իրնքն էր տանում փորձաքննության: Հիմա այդ հնարավորությունը չկա: Պատվիրատուն ինքն է գտնում փորձաքննողին և ապահովում փորձաքննությունը: Նախագծող և փորձաքննող կապը կտրվում է: Եթե փորձաքննողը տեսնում է, որ նախագծում կան թերություններ, ապա պատվիրատուն դա փոխանցում է նախագծողին, որպեսզի վերացնի: Մինչև փորձաքննողը չի տալիս դրական եզրակացություն, մենք այն չենք ընդունում: Սրանով պայմանավորված՝ փորձաքննողի վրա ևս դրվել է պատասխանատվություն, որ եթե նա փորձաքննել է, տվել է դրական եզրակացություն, իսկ շինարարության ընթացում պարզվել է, որ 10 տոկոսից ավել շեղում կա, ապա շեղման փողի 50 տոկոսը վճարում է փորձաքննողը, իսկ 50 տոկոսը նախագծողը:

 

Նյութի աղբյուրը՝ civilnet.am