ԹԵԺ ԳԻԾ
19.12.2018
Պողոսյան. «Եթե արտերկրից եկող տրանսֆերտները հարկվեն, ապա ոչ ամբողջությամբ»
Հարկային բարեփոխումների նախագծից երկու հարց Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանում է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Փոխնախարարի պարզաբանման առաջին հարցը վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխությանը, երկրորդը՝ բոլոր եկամուտների հայտարարագրմանը: Այսինքն ենթադրվում է, որ հարկայինը կարող է ֆիքսել և հարկել նաև արտերկրից մասնավոր դրամական փոխանցումները: Ըստ Պողոսյանի՝ գործնականում նման խնդիր դրված չէ:
«Նախ վարչարարության խնդիրն է. հեշտ չէ հետևել երկրից դուրս աշխատող հարյուր հազարավոր քաղաքացիների եկամուտների շարժին: Հետո և ոչ պակաս կարևորը՝ սոցիալական հարցն է. շատերի համար այդ գումարները ապրուստի կենսական միջոց են»,- մանրամասնեց ֆինանսների նախարարի տեղակալը:
Հիշեցնենք՝ Հարկային օրենսգրքով նախատեսված է նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափերը, քննարկվում է նաև եկամուտների համընդհանուր հայտարարագրումը:
 
Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am