ԹԵԺ ԳԻԾ
Քննարկվել են հանրային ֆինանսների կառավարման բնագավառում ընթացիկ ծրագրերը
16.07.2018
Քննարկվել են հանրային ֆինանսների կառավարման բնագավառում ընթացիկ ծրագրերը

Հուլիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի Կառավարման գլոբալ գործառնական խմբի ավագ տնօրեն Դեբի Վեթսելի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ հանրային ֆինանսների կառավարման բնագավառում ընթացիկ ծրագրերը և շարունակական գործակցության ուղղությունները:

Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել հանրային ֆինանսների կառավարման ոլորտում ՀԲ-ի հետ համագործակցությունը և կարևորել վերջինիս ընդլայնման հեռանկարները:

Անդրադառնալով ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Ջանջուղազյանը նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է թվայնացման գործընթացը, որը կնպաստի պետության գործունեության թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների հասանելիությանը և այլն:

Դեբի Վեթսելի խոսքով՝ ՀԲ-ն պատրաստակամ է աջակցել հանրային ֆինանսների կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացմանը՝ փորձի փոխանակման և հնարավոր այլ ձևաչափերով:

Կողմերը քննարկել են նաև պետական ֆինանսների կառավարման ռազմավարությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված այլ հարցեր: