ԹԵԺ ԳԻԾ
Սարգսյան Դավիթ

09.05.2013թ.-26.04.2014թ.

Սարգսյան Դավիթ Ռաֆայելի 

Ծնվել է 1977թ.-ի հուլիսի 14-ին Երևանում: 1994-1999թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, իսկ 1999-2002 թվականներին` Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրայում: Իր կարիերան սկսել է 1997թ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում: Նախ մեկ տարի աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման վարչությունում` որպես առաջատար մասնագետ, ապա 1998-1999թթ.`որպես գլխավոր մասնագետ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտաքին պետական պարտքի վարչությունում: 1999-2002 թթ. եղել է Կենտրոնական բանկի նախագահի օգնական-ռեֆերենտ: Կենտրոնական բանկում աշխատանքի տարիներին լայնորեն ընդգրկված է եղել բարեփոխումների իրականացման գործընթացում: Այդ շրջանակներում են իրագործվել ու ստեղծվել ֆինանսական համակարգի միասնական կարգավորումն ու վերահսկումը, Հայաստանում ավանդների երաշխավորման համակարգը, հիփոթեքային ֆինանսավորման և հիփոթեքային շուկայի զարգացմանն ուղղված բարեփոխումները, առևտրային բանկերի համար ներքին հսկողության համակարգի պահանջներն ու ուղեցույցները, բանկային ոլորտում կորպորատիվ կառավարման հայեցակարգը, ռիսկերի վրա հիմնված վերահսկման հայեցակարգն ու բանկերի վերահսկողության ձեռնարկը, ապահովագրական նոր օրենքը և ապահովագրության վերահսկումը ԵՄ չափանիշներին համապատասխան, BASEL 2 հայեցակարգի ներդրման հնարավորության գնահատումը և այն Հայաստանում ներդնելուն ուղղված բարեփոխումները: 2001-2003թթ. եղել է նաև Սևծովյան առևտրի ու զարգացման բանկի տնօրենների խորհրդի տնօրենի տեղակալը: 2002թ. աշխատել է Կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչությունում` որպես բանկային մեթոդաբանության ու կարգավորման բաժնի պետ: 2002-2006թթ. զբաղեցրել է Կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության պետի պաշտոնը: 2003-2008թթ. Դավիթ Սարգսյանը դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում: 2004-2007թթ. հանդիսացել է Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի Դաշնության բանկային վերահսկողների տարածաշրջանային խմբի քարտուղարը: Շուրջ ինը տարի աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում. 2006-2008թթ. աշխատել է որպես Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ: 2008-2013 թվականներին եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար: Գործադիրում աշխատանքի տարիներին նախաձեռնել է պետական կառավարման մի շարք բարեփոխումներ, մասնավորապես՝ ուղղված պետական մարմիններում քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի գործառույթների, քաղաքականության մշակման և պետական կառավարման մարմիններում ծառայությունների մատուցման հստակ տարանջատմանը: Բացի այդ, նրա հեղինակմամբ է ներդրվել կառավարության էլեկտրոնային կառավարման համակարգը 15 բաղադրիչներով՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունից մինչև բիզնեսի գրանցում 15 րոպեում ՝ մեկ պատուհանի սկզբունքով: Նախաձեռնած բարեփոխումների արդյունքում նաև շեշտակի բարելավվել է պետական մարմինների թափանցիկության մակարդակը, ինչի շնորհիվ Հայաստանը դարձել է առաջին երկիրը, որն առցանց՝ ինտերակտիվ բյուջեի միջոցով, ամեն օր բոլորին հասանելի է դարձնում պետության կատարած ծախսերը: 2013-ից մինչև 2014թ. ապրիլ ամիսը եղել է ՀՀ ֆինանսների նախարար: Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, հեղինակել է մի շարք հոդվածներ: Հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի կառավարիչը: Եվրասիական զարգացման բանկի խորհրդի ու Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի անդամ է, Հայ-ամերիկյան և Հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահը: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: 2014 թ. հունիսի 2-ից «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ֆինանսական տնօրենն է: