ԹԵԺ ԳԻԾ
Սեմինար՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում
01.03.2018
Սեմինար՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում

Մարտի 1-ին քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել սեմինար «ՔՊ խնդիրները, դերն ու նշանակությունը համապետական պաշտպանական միջոցառումների տեսանկյունից» խորագրով: Սեմինարն իրականացվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի կողմից:

Սեմինարի նպատակն էր ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցներին իրազեկել քաղաքացիական պաշտպանության սկզբունքների, պատմության, միջոցառումների համակարգի մասին,  ինչպես նաև  ստուգել նրանց պատրաստվածությունը և կատարելագործել գործնական հմտությունները:

Միջոցառման մասնակիցներին ներկայացվել են քաղաքացիական պաշտպանության հիմնական նպատակները և կազմակերպման գործընթացը՝ շեշտադրում կատարելով համապատասխան իրավիճակներում պաշտպանական մեխանիզմերի ճիշտ կառավարման սկզբունքների վրա, ինչպես նաև ՀՀ ՖՆ քաղաքացիական պաշտպանության շտաբի անհատական կազմը և նրա գործառույթները:

Քաղաքացիական պաշտպանության գործունեության պատմական բոլոր փուլերում վերջինս՝ որպես պետության անվտանգության բաղկացուցիչ,  հանդիսանում է քաղաքացիական հասարակության   համար կենսական կարևոր պահանջ, որի նպատակը բնակչության, նյութական և մշակութային արժեքների պաշտպանության արդյունավետության բարձրացումն ու քաղաքացիական պաշտպանության համակարգի բարձր պատրաստվածության ապահովումն է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետը ՀՀ վարչապետն է: ՀՀ ՔՊ պետի տեղակալը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը: ՀՀ նախարարները, մարզպետները, համայնքների, կազմակերպությունների ղեկավարները,  համապատասխանաբար նախարարությունների, մարզերի, համայնքների և կազմակերպությունների ՔՊ պետերն են: