ԹԵԺ ԳԻԾ
Շարունակվել են 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները
31.05.2018
Շարունակվել են 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները
Մայիսի 31-ին ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով հաշվետվությունը՝ նշել է, որ 2017 թվականի պետական բյուջեի ծրագրային մասում եվրոպական ինտեգրացիայի ոլորտում նախատեսվել է իրականացնել վարկային միջոցների հաշվին 20 ծրագիր:
Նախարարի խոսքով՝ տարվա ընթացքում այդ ծրագրերի քանակը ճշգրտվել է և դարձել 14, սակայն փաստացի միջոցներն օգտագործվել են միայն 9 վարկային ծրագրերի մասով:
«Ընդհանուր առմամբ վարկային գումարները ճշտված ծրագրով կազմել են 31,6 մլրդ դրամ, որից օգտագործվել է 28,9 մլրդ դրամը: Խոսքն այնպիսի ծրագրերի մասին է, որոնց ծախսերը սահմանված են ԱԺ կողմից վավերացված համաձայնագրով, և այդ ծրարգերի կատարման աստիճանով է բացատրվում դրամաշնորհային միջոցների կատարողականը: Խոշոր ծրագրերից մեկը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ճանապարհի գումարն է, որն օգտագործվել է 8,9 մլրդ դրամի չափով, կամ ճշտված ծրագիրը կատարվել է 100 տոկոսով: Հաջորդ մեծ ծրագիրը Վեդու ջրամբարի կառուցման համար Ֆրանսիայից ստացված վարկային միջոցներն են, որտեղ ծախսը կազմել է 13,1 մլրդ դրամ, կամ ճշտված ծրագիրը կատարվել է ամբողջությամբ»,-ասել է Ջանջուղազյանը:
Ըստ ֆինանսների նախարարի՝ դրամաշնորհային ծրագրերը լինում են 2 խումբ՝ նպատակային դրամաշնորհներ, որոնք կապված են կոնկրետ ծրագրերի իրականացման հետ և ստացվում են կախված այդ ծրագրերի կատարման աստիճանից, և ոչ նպատակային կամ բյուջետային աջակցության դրամաշնորհներ, որոնք տրամադրվում են ըստ համաձայնագրերի՝ որոշակի միջոցառումների իրականացմամբ պայմանավորված: «Նպատակային դրամաշնորհները եղել են 17-ը, ճշտված՝ 22, փաստացի օգտագործում ունենք 13-ի մասով: Դրամաշնորհների արժեքը եղել է ճշտված 26 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 8 մլրդ դրամ»,- նշել է ֆինանսների նախարարը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2017 թվականի ընթացքում հատկացվել է 8,5 մլրդ դրամ, ճշտված ցուցանիշը կազմել է 9,8 մլրդ դրամ, կատարողականը կազմել է շուրջ 94,13 տոկոս: Իրականացվել է 18 ծրագիր, եղել է նաև պահուստային ֆոնդի օգտագործում: Հիմնական հատկացումները եղել են տնտեսական հարաբերություններ և բյուջետային դասակարգում բաժնում:
ՀՀ բնապահպանության նախարարության դեպքում հաշվետու տարում ճշտված ցուցանիշը կազմել է 4,2 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 81,13 տոկոս կամ 3,4 մլրդ դրամ: Իրականացվել են 26 ծրագրեր, պահուստային ֆոնդից օգտագործվել է 30,5 մլն դրամ:
Տեղական ինքնակառավարման մարմինների՝ մարզպետարանների դեպքում հաշվետու տարում հատկացումների մեծ մասը վերաբերել է կրթության, տնտեսական հարաբերությունների, մշակույթի, սոցիալական որոտներին, առանձին դեպքերում կատարվել են նաև պահուստային ֆոնդից հատկացումներ:
Արագածոտնի մարզպետարանի ճշտված ցուցանիշը կազմել է 6,1 մլրդ դրամ, կատարողականը՝ 98,64 տոկոս:
Արարատի մարզպետարանի դեպքում հաշվետու տարում ճշտված ցուցանիշը կազմել է 8,3 մլրդ դրամ, կատարողականը՝ 96,53 տոկոս:
Արմավիրի մարզի ճշտված ցուցանիշը կազմել է 8,9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98,96 տոկոս կամ 8,8 մլրդ դրամ:
Գեղարքունիքի մարզպետարանի ճշտված ցուցանիշը հաշվետու տարում կազմել է 8,5 մլրդ դրամ, կատարողականը՝ շուրջ 99 տոկոս:
Լոռու մարզին ճշտված ծրագրային ցուցանիշով հատկացվել է 8,8 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 98,53 տոկոս:
Կոտայքի մարզպետարանի ճշտված 7,5 մլրդ դրամի դեպքում կատարողականը 2017 թվականի ընթացքում կազմել է 99,6 տոկոս:
Շիրակի մարզպետարանի ճշտված ցուցանիշը հաշվետու տարում կազմել է 9,6 մլրդ դրամ, կատարողականը՝ շուրջ 99 տոկոս, իսկ Սյունիքի և Տավուշի մարզերի կատարողականները կազմել են համապատասխանաբար 5,9 մլրդ դրամ կամ 99 տոկոս և 5,5 մլրդ դրամ կամ 96 տոկոս:
«Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը 2017 թվականի ընթացքում իրականացրել է 13 ծրագիր, գումար է հատկացվել նաև պահուստային ֆոնդից. փաստացի հատկացվել է 2,5 մլրդ դրամ և կատարողականը այս դեպքում զգալիորեն ցածր է եղել՝ պայմանավորված արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերով»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: