ԹԵԺ ԳԻԾ
27.02.2019
Տարեկան 3 մլրդ դրամի եկամուտ. փոխնախարարը՝ ակցիզային հարկի բարձրացման մասին
Araratnews.am-ը երեկ տեղեկացրել էր, որ գազավորված ըմպելիքի ակցիզային հարկը կբարձրանա: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը երեկ գրել էր, որ այս որոշումն ընդունել են առանց հասարակության հետ քննարկելու: Ավելին՝ սա կունենա սոցիալական վատ ազդեցություն, չի ապահովելու բյուջեի մուտքեր, վնասելու է տնտեսությանն ու նվազեցնելու գազավորված ըմպելիքների վաճառքը:
 
Araratnews.am-ը ՀԿ ղեկավարի մտահոգության մասին զրուցեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ:
 
Պարո՛ն Պողոսյան, ինչո՞ւ հանրային լայն քննարկում հասարակական սեկտորի հետ չի եղել գազավորված ըմպելիքի ակցիային հարկը բարձրացնելուց առաջ:
 
Մենք համաձայն չենք այն ձեւակերպման հետ, որ հասարակության լայն շերտերի հետ չեն քննարկել: Ֆինանսների նախարարությունում Հարկային օրենսգրքում փոփոխություն նախատեսող նախագիծը դեռ անցյալ տարվա նոյեմբերի 15-ին տեղադրվել է e-draft հարթակում, ապա լրամշակված տարբերակը մեկ անգամ եւս 2019-ի հունվարին նորից տեղադրվել է e-draft հարթակում: Բացի այդ, տարբեր լրատվամիջոցներով խոսվել է Հարկային օրենսգրքի փոփոխության, այդ թվում՝ նաև խնդրո առարկա փոփոխության մասին: Փոփոխությունը մի քանի անգամ քննարկվել է գազավորված ըմպելիք արտադրող եւ ներմուծող ընկերությունների հետ, ավելին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ է կազմակերպվել հերթական հանդիպումը ոլորտի ներկայացուցիչների հետ:
 
Արդյոք սա կունենա՞ սոցիալական վատ ազդեցություն, ինչպես գրել է ՀԿ-ի ղեկավարը:
 
Չեմ կարծում, որ սոցիալական վատ հետեւանքներ կունենա: Առաջին՝ միանշանակ չէ այն պնդումը, որ ակցիզային հարկի նույն գումարի չափով ավելանալու է այս ապրանքների գինը: Երբ անուղղակի հարկային բեռ է բարձրացվում, բնականաբար առաջին փուլում կարճ ժամկետում արտադրողները կամ ներմուծողները կփորձեն այդ հարկը տեղափոխել գնի մեջ, ապա տարածել սպառողի վրա: Բայց հաշվի առնելով, որ շուկան մրցակցային է, հնարավոր է, որ պահանջարկի կրճատում լինի կարճ ժամկետում, արտադրողները եւ ներմուծողները մրցակցելու են շուկայում՝ իրենց մասնաբաժինը պահելու: Ամենայն հավանականությամբ, ապրանքի գինը չի բարձրանա այն չափով, ինչքան կլինի ակցիզային հարկը: Այսինքն՝ ակցիզային հարկի բեռը կվերցնեն իրենց վրա: Երկրորդ՝ մենք խոսում ենք ոչ առաջնային անհրաժեշտության ապրանքի մասին:
 
Ակցիզային հարկի բարձրացումը, ըստ Պիպոյանի, չի ապահովելու բյուջեի մուտքեր` վնասելու է տնտեսությանն ու նվազեցնելու է վաճառքը: Արդյոք սա իրատեսակա՞ն է: Եթե ոչ, ապա կա՞ հաշվարկ, թե բյուջեն ինչքանով կավելանա, եւ արդյոք կնվազեն գազավորված ըմպելիքների սպառման ծավալները:
 
Ակնկալում ենք, որ տարեկան պետական բյուջեն կստանա 3 մլրդ դրամ ակցիային հարկի մասով եկամուտ: Ինչ վերաբերում է տնտեսությանը վնասելուն եւ ըմպելիքի սպառման ծավալների կրճատմանը, այդպիսի ռիսկեր չենք տեսնում:
 
Սոնա Դավթյան
 
Նյութի աղբյուրը՝ araratnews.am