Ղրղզստանի Հանրապետության Իսիկ Կուլի մարզում տեղի է ունեցել ԱՊՀ գործադիր կոմիտեին առընթեր Հաշվապահական հաշվառման համակարգող խորհրդի 14-րդ նիստը, որին որպես խորհրդի անդամ մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մեթոդաբանության և հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը:
Նիստին մասնակցել են ԱՊՀ գործադիր կոմիտեին առընթեր Հաշվապահական հաշվառման համակարգող խորհրդի անդամները (ԱՊՀ անդամ պետությունների հաշվապահական հաշվառման և աուդիտի հարցերով զբաղվող լիազոր մարմինների ներկայացուցիչներ), ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, հաշվապահների և աուդիտորների մի շարք մասնագիտական միությունների (ասոցիացիաների), հասարակական միավորումների, ուսումնական հաստատությունների, աուդիտորական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են ազգային հաշվապահական համակարգերին առնչվող, ՖՀՄՍ-ների ու աուդիտի միջազգային ստանդարտների կիրառման փորձի, հաշվապահական հաշվառման քաղաքականության ձևավորման և հանրային նշանակության ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների հրապարակման կարգի, աուդիտորական գործունեության ոլորտում խախտումների դեպքում ԱՊՀ շրջանակներում համընդհանուր իրավական պատժամիջոցների, անդամ երկրներում աուդիտորական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև խորհրդի հետագա գործունեության հետ կապված կազմակերպչական և այլ հարցեր: Նիստի վերաբերյալ տեղեկատվական հաղորդագրությունը կցվում է: