ԹԵԺ ԳԻԾ
Տեղի է ունեցել ԱՊՀ տարածքում Ֆինանսական կայունության խորհրդի տարածաշրջանային խորհրդատվական խմբի 7-րդ նիստը
12.12.2017
Տեղի է ունեցել ԱՊՀ տարածքում Ֆինանսական կայունության խորհրդի տարածաշրջանային խորհրդատվական խմբի 7-րդ նիստը

Դեկտեմբերի 12-ին Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունում կայացել է Ֆինանսական կայունության խորհրդի (ՖԿԽ) տարածաշրջանային խորհրդատվական խմբի հերթական նիստը: Հայաստանի Հանրապետության անունից նիստին մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը:

Խմբի անդամները տեղեկացվել են 2017 թվականի Ֆինանսական կայունության խորհրդի, «Խումբ 20»-ի աշխատանքների հիմնական արդյունքների և 2018 թվականի ծրագրերի մասին: Ֆինանսական կարգավորման բարեփոխումների հիմնական պարամետրերի համաձայնեցման ընթացքում ՖԿԽ-ն կենտրոնացնում է իր ուշադրությունը բարեփոխումների իրականացման վերահսկողության և դրանց հետևանքների վերլուծության վրա` միջազգային ֆինանսական համակարգի կայունության համար: Այս համատեքստում ՖԿԽ-ն այժմ իրականացնում է արտարժույթի փոխանակման ածանցյալների կենտրոնացված քլիրինգի խթանման միջոցառումների գնահատում և մեկնարկում է ֆինանսական միջնորդների վրա բարեփոխումների ազդեցության գնահատման երկրորդ փուլը` նախնական փուլում կենտրոնանալով ենթակառուցվածքներում ներդրումների ֆինանսավորման վրա:

Մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆինանսական նորարարությունների, հնարավորությունների և ռիսկերի թեման, որոնք նոր տեխնոլոգիաները բերում են ֆինանսական ոլորտ: Խմբի անդամները համաձայնել են, որ կարգավորողների համար հիմնական խնդիրը գործարքի վայրում բոլոր իրավական պահանջների պահպանման ապահովումն է, որոնք կիրառվում են վաճառողի և ֆինանսական ծառայության/արտադրանքի սպառողի միջև երկկողմ փոխհարաբերությունների ավանդական մոդելներում: Նիստի մասնակիցները քննարկել են թվային ֆինանսական տեխնոլոգիաների և արտադրանքի կարգավորման հնարավոր մոտեցումները, այդ թվում նաև ՖԿԽ-ի ընթացիկ աշխատանքն այդ ոլորտում:

Խմբի անդամները ծանոթացել են ՖԿԽ-ի` թղթակցային բանկային ծառայությունների կրճատման խնդրի գնահատման և կարգավորման վերաբերյալ 2015թ.-ի գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի քաղաքականության կարգավորման ակնկալիքները պարզաբանելու մասով (ՓԼ/ԱՖԴՊ): Մասնավորապես, մասնակիցներն ուսումնասիրել են փողերի լվացման վերաբերյալ ֆինանսական գործողությունների գծով աշխատանքային խմբի ստանդարտներն ու թղթակցային բանկային հարաբերություններում ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառման կարգի վերաբերյալ ուղեցույցը: Քննարկվել են նաև խնդիրներ, որոնց բախվում են դրամական փոխանցումների ծառայություններ մատուցողները բանկային ծառայութուններից օգտվելիս:

Հանդիպումն ավարտվել է մի շարք հարցերի քննարկումով, որոնք վերաբերել են ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտի կազմակերպմանը, տարածաշրջանում այդ պրակտիկայի ներդրմանը և դրա կիրառման փորձին այն երկրներում, որտեղ այդ ինստիտուտն արդեն գործում է: Ընդգծվել է ֆինանսական օմբուդսմենի դրական դերակատարումը ֆինանսական շուկայում տեղական ներդրողների վստահության բարձրացման և համագործակցության ճանապարհով, արդյունավետ, պատշաճ և արդար ձևով, նվազագույն պաշտոնականությամբ և տեխնիկական պահանջներով ֆինանսական հաստատությունների և նրանց սպառողների միջև անհատական վեճերի լուծման հարցերում:   

ԱՊՀ  տարածաշրջանային խորհրդատվական խմբի համանախագահներն են ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: ԱՊՀ ՏԽԽ անդամներն են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի ֆինանսական ոլորտի պաշտոնատար անձինք: Շվեյցարիան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրավիրված են Խմբի նիստերին` որպես մշտական դիտորդներ: 

Ներկայացվում է նաև Խմբի մասնակիցների ամբողջական ցանկը: