ԹԵԺ ԳԻԾ
Տեղի է ունեցել «PULSAR» ծրագրի մեկնարկը
18.12.2017
Տեղի է ունեցել «PULSAR» ծրագրի մեկնարկը

2017թ. դեկտեմբերի 11-ից 13-ը Վիեննայում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի «Ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների կենտրոնի» (CFRR) կողմից նախաձեռնած Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և հաշվետվողականության «PULSAR» ծրագրի մեկնարկը: Ծրագիրը մշակվել է Ավստրիայի և Շվեյցարիայի կառավարությունների հետ համատեղ և ուղղված է շահառու երկրներում (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա, Վրաստան, Մակեդոնիա, Կոսովո, Մոլդովա, Չեռնոգորիա, Սերբիա և Ուկրաինա) հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության ոլորտում իրականացվող բարեփոխումներին օժանդակելուն։

Ծրագրի մեկնարկի արարողության ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մեթոդաբանության և հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը։

Կարեն Ալավերդյանը համապարփակ տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ-ում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման աշխատանքների, դրանց արդյունավետության, ինչպես նաև առկա մարտահրավերների վերաբերյալ։ Նա ընդգծել է ՀՀ-ի համար ծրագրի կարևորությունը, քանի որ վերջինս տարբեր երկրների միջև փորձի փոխանակման հնարավորություն է ձևավորում, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել բարեփոխումների հետ կապված աշխատանքների իրականացումը՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը։ Ներկաները մի շարք հարցեր են ուղղել Կ. Ալավերդյանին, որոնք հիմնականում առնչվել են ՀՀ-ում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման կարգավիճակին, ինչպես նաև Հայաստանի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի առանձնահատկություններին։