ԹԵԺ ԳԻԾ
Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն
19.01.2018

Նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրության բարեկեցության բարձրացմանը միտված քաղաքականության շրջանակում իրականացրել է մակրոմիջավայրի՝ հարկաբյուջետային քաղաքականության բարելավում և միկրոմիջավայրի՝ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումը: Վարդան Արամյանի խոսքով՝ այն խնդիրները, որոնք դրվել են հարկաբյուջետային քաղաքականության համատեքստում, այն է՝ պետական պարտքի աճի տեմպերի դանդաղեցում, մակրոտնտեսական կայունության ապահովում, 2018 թ. ավելի բարձր տնտեսական ներուժով թևակոխելու համար հիմքերի ստեղծում, հիմնականում իրականացվել են: 2017 թ. ավելի մեծ շեշտադրում կատարվել է կապիտալ ծախսերին և ավելի պահպանողական վարքագիծ է եղել ընթացիկ ծախսերի մասով: Վ.Արամյանի խոսքով՝ 2018 թ. սկսած, պարտքի կայունացմանն ուղղված, սակայն տնտեսական աճը չտուգանող նոր հարկաբյուջետային կանոնների ներդրման նպատակով մշակվել է հարկաբյուջետային կանոնների փաթեթ (օրենքների նախագծերի փաթեթը 2017 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ-ում կայացած նիստում ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ), ինչի հիման վրա նախատեսվում է վերանայել պարտքի և դեֆիցիտի գործող կանոնները, ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի մասով սահմանել նոր հարկաբյուջետային կանոններ: Պետական ֆինանսների կառավարման ոլորտում նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է կարգապահության բարձրացմանը միտված 2 խումբ գործողություններ (գործընթացների պարզեցում և տեղեկատվական համակարգերի ընդլայնում), և 2018 թ. շարունակելու է այդ ուղղությամբ աշխատանքը՝ և´ կարճաժամկետ, և´ երկարաժամկետ կտրվածքով արդյունք ապահովելու նպատակով: Նախարարը զեկուցել է, որ օրինակ, գնումների ոլորտում տեղեկատվական համակարգերի դաշտն էական ընդլայնվել է, և շուրջ 3 անգամ ավելացել է այդ համակարգերից օգտվող պատվիրատու մասնակիցների թիվը:

Այլ տեսահոլովակներ