Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ ֆինասների նախարար Վարդան Արամյանը, հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և համապատասխան ոլորտների պատասխանատուներ:
Քննարկումների ընթացքում ներկայացվել են եվրոպական ինտեգրման ոլորտի համար նախատեսված հատկացումները: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հաջորդ տարի ոլորտում նախատեսվում է իրականացնել 15 վարկային և 14 դրամաշնորհային ծրագրեր: Մասնավորապես 30 միլիոն եվրո վարկային միջոցներ տրամադրվելու են կոնկրետ ծրագրերի ֆինանսնավորման համար,իսկ դրամաշնորհային ծրագրերի ծախսերի համար հատկացվելու է 28 միլիոն եվրո:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին ընդհանուր առմամբ հատկացվելու է 3 մլրդ 980,2 մլն դրամ վարկային միջոցներ և 803 մլն 300 հազար դրամի ՀՀ համաֆինանսավորում:
«Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման» /Տրանշ 2/ ծրագրի իրականացման համար 2018 թվականին նախատեսվել է տրամադրել 11,081.9 մլն դրամ, այդ թվում՝ վարկային միջոցներ՝ 9,358.2 մլն դրամ, ՀՀ համաֆինանսավորում՝ 1,723.7 դրամ:
Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման» /Տրանշ 3/ ծրագրի համար 2018թ. նախատեսվել է 3,850.3 մլն դրամ, այդ թվում՝ վարկային միջոցներ՝ 3,208.6 մլն դրամ, ՀՀ համաֆինանսավորում՝ 641,7 մլն դրամ:
Հանդիպման ընթացքում ներկաների կողմից հնչել են հարցեր, տրվել պարզաբանումներ և առաջարկներ:
Նույն օրը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ևս տեղի է ունեցել 2018 թվականի պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկում: Նիստին մասնակցել են ՀՀ նախարարներ, ՀՀ մարզպետներ և ՀՀ ԱԺ պատգամավորներ:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է քննարկվող ոլորտներին հատկացվելիք ֆինանսական ցուցանիշները: ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն ընդհանուր առմամբ կհատկացվի 10,9 մլրդ դրամ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը նախատեսվում է հատկացնել 56,3 մլրդ դրամ, ՀՀ բնապահպանության նախարարությանը կհատկացվի 4,9 մլրդ դրամ, 43,7 մլրդ դրամ որպես սուբվենցիա կհատկացվի Երևանի քաղաքապետարանին:
Պետական բյուջեի նախագծի քննարկումը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում կշարունակվի նոյեմբերի 3-ին: