ԹԵԺ ԳԻԾ
12.12.2017
Վարդան Արամյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությունը

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Ազգային ժողովի արտահերթ  նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ֆինանսների նախարարին հարց ուղղեց Հարկային օրենսգրքում հրատապ փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ այն դեպքում, երբ այն դեռևս ուժի մեջ չի մտել: ՀՀ ֆինանսների նախարարն ընդգծեց, որ օրենսգիրքն իրենք ընդունել են, սակայն հայտարարել են, որ դա վերջնական չէ, և պատրաստ են փոփոխություններ կատարել, եթե տնտեսավարողների բեռը թեթևացնելու անհրաժեշտություն լինի: «Եթե որևէ մեկը խելամիտ առաջարկներ ներկայացնի, մենք պատրաստ ենք քննարկել: Կարող են նաև բիզնեսից առաջարկներ լինել: Ընդ որում, այս փաթեթի մեջ առաջարկների զգալի մասը բիզնեսից եկած առաջարկներ են, որոնք մենք պարտավոր ենք քննարկել և պատշաճ ձևով ներկայացնել: Հետևաբար, մենք չենք կիսում կարծիքները, թե օրենքը պետք է մեկ անգամ ընդունես և ձեռք չտաս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Արամյանը:

Նա հավելեց, թե իրենք հայտարարել են, որ Հարկային օրենսգիրքն ընդունել են խաղի հստակ կանոններ սահմանելու համար, սակայն եթե կա դա բարելավելու կարիք, այդ փոփոխությունները պետք է տեղի ունենան:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ընդգծեց՝ Հարկային օրենսգրքի հիմնական տրամաբանությունն այն պետք է լինի, որ ձեռնարկատերերի համար երկար ժամանակ խաղի կանոնները չպետք է փոխվեն: Նրա կարծիքով, եթե 6 ամիսը մեկ կառավարությունը փոփոխություններ է բերելու Հարկային օրենսգրքում, հատկապես այն դեպքում, երբ այն ուժի մեջ չի էլ մտել, դա թույլ է տալիս ենթադրություն, որ ամեն 6 ամիսը մեկ փոփոխություններ են լինելու, իսկ բիզնեսն անորոշության մեջ է մնալու:

ՀՀ ֆինանսների նախարարը պատասխանեց, որ, եթե կլինեն այնպիսի նորմեր, որոնք կարող են խեղում մտցնել տնտեսավարողների կյանքում, իրենք այդ նորմերը կփոխեն: «Կարող են լինել նորմեր, որոնք մեր աչքից վրիպած լինեն կամ պրակտիկան բոլորովին այլ բան ցույց տա, որ մեր տնտեսավարողներն ինչ-որ ձևով այդ նորմերին չեն հարմարվում: Մենք այդպիսի նորմերը պետք է փոխենք, որովհետև դա համահունչ է մեր որդեգրած քաղաքականությանը: Երբ մենք սկսենք քննարկել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների փաթեթը, դուք դրանում կհամոզվեք, որովհետև այնտեղ չկան դրույթներ, որոնք հակասում են մեր որդեգրած քաղաքականությանը»,- ասաց Վարդան Արամյանը:

Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 2018թ. հունվարի 1-ից:

Աղբյուրը՝ armenpress.am