ԹԵԺ ԳԻԾ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD)
19.04.2016
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD)

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հիմնադրվել է 1991թ.: ՎԶԵԲ-ի բաժնետերեր են հանդիսանում 65 երկրներ, ինչպես նաև Եվրոպական Միությունը և Եվրոպական ներդրումային բանկը: Հիմնադրման օրվանից ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարել շուրջ 4500 ծրագրերում:

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) ՎԶԵԲ-ին անդամակցել է 1992թ. ապրիլի 28-ին` համաձայն «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» ՀՀ օրենքի: ՎԶԵԲ-ի կապիտալում ՀՀ բաժնեմասը կազմում է 14,990,000 եվրո: 

ՀՀ-ում ՎԶԵԲ-ը մասնակցել է 157 ծրագրերի ֆինանսավորմանը: ՀՀ-ում ՎԶԵԲ-ի ընդհանուր ներդրումային պորտֆելը կազմում է 1,120 մլն եվրո, որից 305 մլն եվրոն ընթացիկ ծրագրերի գծով պորտֆելն է: Մասնավոր հատվածում ներդրումների չափաբաժինը ՎԶԵԲ-ի պորտֆելում կազմում է 83%:

ՎԶԵԲ-ի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվում են, մասնավորապես, հետևյալ ծրագրերը`

  1. Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր: 2010թ. մարտի 10-ին կնքվել է 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագիր, որից 5 մլն եվրոն` որպես դրամաշնորհ, տրամադրել է ԵՄ Հարևանության ներդրումային ծրագիրը (ԵՄ/ՀՆԳ) և 5-ական մլն եվրոյի չափով վարկեր տրամադրել են ՎԶԵԲ-ը և Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ):

Գումարն ուղղված է Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման նպատակով իրականացվող գերակա կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը:

ՎԶԵԲ-ի հետ 2012թ. օգոստոսի 3-ին կնքված վարկային համաձայնագրով ՀՀ-ին տրամադրվել է 5 մլն եվրո գումարի չափով վարկ` «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի» երկրորդ փուլի իրականացման համար: Ծրագրի ընդհանուր արժեքը դարձյալ 15 մլն եվրո է: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՆԲ-ի կողմից` 5 մլն եվրո վարկային, և ԵՄ/ՀՆԳ-ի` 5 մլն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին:

  1. «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում ՎԶԵԲ-ը տրամադրել է 6.5 մլն եվրո վարկ: Ծրագիրն ուղղված է շուրջ 300.000 բնակչի համար խմելու ջրի որակի բարձրացմանը` հասցնելով այն միջազգային լավագույն ստանդարտներին:
  2. ՎԶԵԲ-ն իր մասնակցությունն ունի նաև «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորմանը` 10.3 մլն եվրո գումարի չափով: Այդ նպատակով 2012թ. նոյեմբերի 23-ին ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել է «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Նշված վարկային միջոցներն ուղղված են, մասնավորապես, Հայաստանի և Վրաստանի միջև` Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում, Դեբետ գետի վրա նոր կամրջի կառուցմանը:
  3. 2013թ. հուլիսի 19-ին ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել է «Երևանի ջրամատակարաման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որի համաձայն` ՎԶԵԲ-ը ՀՀ-ին է տրամադրում 7 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ:

Ծրագրի նպատակն է աջակցել Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավմանն ու նորացմանը` վերակառուցելով ջրամատակարարման ցանցը, փոխարինելով ճնշման պոմպերը և բնակարաններում առանձին միացումները, ինչպես նաև ապահովել հուսալի ջրամատակարարման համակարգ ամբողջ քաղաքում:

  1. Երևան քաղաքի ճանապարհային լուսավորության ծրագիր - Ծրագրի նպատակն է Երևան քաղաքում ունենալ էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես, նախատեսվում է Երևան քաղաքի 28 փողոցներում և բակային տարածքներում արդիականացնել արտաքին լուսավորության ցանցը, փոխարինել հենասյուները, ապահովել մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև ներդնել կառավարման ավտոմատացված համակարգ: Ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 6 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ և ՎԶԵԲ-ի միջև վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. մայիսի 11-ին, որի շրջանակներում ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 4 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային միջոցներ:

2015թ. հոկտեմբերի 20-ին ՎԶԵԲ-ի հետ ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր, որով Հայաստանին ծրագրի ֆինանսավորման նպատակով կտրամադրվի 1.9 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային միջոցներ` Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամից: 

  1. «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» - ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև 2015թ. դեկտեմբերի 11-ին ստորագրվել է ծրագրի ֆինանսավորման նպատակով վարկային համաձայնագիրը` 8 մլն եվրո արժողությամբ:

Ծրագիրը միտված է Հայաստանի մայրաքաղաք Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը: Մասնավորապես, նախատեսվում է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ նոր աղբավայրի կառուցում, վերջինիս համար մասնագիտացված տրանսպորտային միջոցների և սարքավորումների գնում, գոյություն ունեցող աղբավայրի տարածքում մակերեսի մեկուսացում: 

Ծրագրի արժեքը կազմում է 24 մլն եվրո, որից` 8 մլն եվրո վարկ ՎԶԵԲ-ից, 8 մլն եվրո վարկ` ԵՆԲ-ից, և ևս 8 մլն եվրո դրամաշնորհ` ԵՄ/ՀՆԳ-ի միջոցով:

  1. 2016թ. մարտի 15-ին ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ուղղված Հայաստանում ֆինանսական շուկայի զարգացմանը: Հուշագիրը ստորագրվել է եռակողմ ձևաչափով. Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրվել է ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Հուշագիրը միտված է դոլարիզացիայի կրճատման և տեղական կապիտալ շուկաների զարգացման նպատակով բարեփոխումների իրականացմանը, որոնց շնորհիվ կնվազեցվեն մակրոտնտեսական և ֆինանսական առկա ռիսկերը:  Մասնավորապես, ՎԶԵԲ-ի տեղական արժույթի և կապիտալի շուկայի զարգացման նախաձեռնության ներքո նախատեսվում է զարգացնել տեղական արժույթը և կապիտալ շուկաները ամրապնդված մակրոտնտեսական կայունության, համապատասխան դրամավարկային քաղաքականության և տեղական շուկաները անհրաժեշտ գործիքներով զինելուն ուղղված մի շարք միջոցառումների (արժեթղթերի թողարկումների խթանում, դրամական շուկայի և ածանցյալների շուկայի զարգացում և այլն) իրականացման միջոցով:

  1. «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» - 2016թ. ապրիլի 5-ին ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել է ծրագրի ֆինանսավորման նպատակով վարկային համաձայնագիրը` 5.5 մլն եվրո արժողությամբ: Ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ-ին` բարելավելու կոշտ թափոնների կառավարումը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Ծրագրի ներդրումային բաղադրիչների մեջ, մասնավորապես, ներառված են` թափոնների հավաքման բեռնատարները, թափոնների համար կոնտեյներները/արկղները, թափոնների հավաքման նոր կետերը, նոր աղբավայրի կառուցումը (ներառյալ շինություններն ու կառույցները), աղբավայ­րի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումները, փոխանցման կայանների շինարարությունը: Նշված վարկային միջոցներից 3.5 մլն եվրոն նախատեսված է Կոտայքի մարզի և 2 մլն եվրոն` Գեղարքունիքի մարզի համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև 5.5 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային միջոցների ներգրավում, որից 3.5 մլն եվրոն` ԵՄ/ՀՆԳ-ի միջոցով, 2 մլն եվրոն` Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամից:

  1. «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի» ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23 840 000 եվրո, որից 14 600 000 մլն եվրո վարկային միջոցներ տրամադրվում են ՎԶԵԲ-ի կողմից: Միաժամանակ ՎԶԵԲ-ը կազմակերպում է մինչև 7 300 000 եվրո գումարի չափով դրամաշնորհային հիմունքներով ֆինանսավորման տրամադրում ՎԶԵԲ-ի բաժնետերերի հատուկ հիմնադրամի և/կամ միջազգային դոնորների կողմից: Բացի այդ, տրամադրվելու են նաև տեխնիկական համագործակցության միջոցներ` մինչև 1 940 000 եվրո գումարի չափով:

ՎԶԵԲ-ի հետ վարկային համաձայնագիրը և առաջին տրանշի դրամաշնորհային համաձայնագիրը (2 650 000 եվրո արժողությամբ) ստորագրվել են 2016թ. մայիսի 11-ին: