ԹԵԺ ԳԻԾ
Զարգացման ֆրանսիական գործակալություն (AFD)
02.03.2020
Զարգացման ֆրանսիական գործակալություն (AFD)

Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) հիմնադրվել է 1998 թվականին: Այն հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության երկկողմ զարգացման ֆինանսական մեխանիզմի օպերատորը: Այն, գտնվելով Ֆրանսիայի արտաքին գործերի, էկոնոմիկայի և ֆինանսների, անդրծովյան տարածքների և ներքին գործերի նախարարությունների ենթակայության ներքո, հանդիսանում է առևտրաարդյունաբերական պետական հաստատություն և զարգացող երկրներում ու ֆրանսիական անդրծովյան տարածքներում պայքարում է աղքատության դեմ՝ նպաստելով տնտեսական աճին:

ԶՖԳ հետ Հայաստանի Հանրապետության արդյունավետ համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2012 թվականին:

Հայաստանում ԶՖԳ պորտֆելը կազմում է 126 մլն եվրո: Իրականացվող համագործակցության շրջանակներում ներառվում են հետևյալ ծրագրերը.

  1. 2013թ. հունիսի 12-ին ստորագրվել է ՀՀ կառավարության և ԶՖԳ միջև 500.000 եվրո արժողությամբ ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակներում նախատեսված դրամաշնորհային միջոցներն օգտագործվել են մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար նպատակայնության ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով:
  2. 2013թ. դեկտեմբերի 19-ին ստորագրված Հայաստանի «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի և ԶՖԳ միջև վարկային համաձայնագրի շրջանակներում վերջինիս կողմից տրամադրված ծրագրային 10 մլն եվրո վարկային միջոցներով Ազգային Հիփոթեքային Ընկերությունը վերաֆինանսավորել է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերը:
  3. 2016թ. հունվարի 26-ին ստորագրված Վեդու ջրամբարի կառուցման ֆինանսավորման նպատակով ԶՖԳ Հայաստանի Հանրապետությանը հատկացրել է 75 մլն եվրո վարկ, որի շրջանակներում նախատեսվում է կառուցել 26մլն3  ծավալով ջրամբար, իսկ ծրագրի ամբողջական իրականացումը  հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչը, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը:
  4. 2016թ. նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարության և ԶՖԳ միջև ստորագրված 40 մլն եվրո բյուջետային աջակցության վարկային համաձայնագրի շրջանակներում վարկի ստացման նախապայմանների իրականացման շրջանակներում իրականացվել են բարեփոխումներ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանման և  մրցակցության ամրապնդման բնագավառներում:
  5. 2018թ. մարտի 30-ին ՀՀ կառավարության և ԶՖԳ միջև  ստորագրվել է 500.000 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագիրը՝ Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագիրը ֆինանսավորելու նպատակով:
  6. 2018թ. մայիսի 28-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանում Պրոպարկոյի և Զարգացման ֆրանսիական գործակալության հիմնադրման և գործունեության վերաբերյալ համաձայնագիրը», որը գտնվում է վավերացման փուլում: Համաձայնագիրը հնարավորություն կտա ԶՖԳ և Պրոպարկոյին Հայաստանում ցուցաբերել իրենց ֆինանսական և տեխնիկական աջակցությունը՝ Հայաստանի տնտեսական, քաղաքական և սոցիալական զարգացման նպատակներին համապատասխան:
  7. Արդի ոռոգման համակարգի զարգացման նպատակով նախատեսվում է ՀՀ կառավարության և ԶՖԳ միջև 10 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրի կնքում, որը բխում է Վեդու ջրամբարի կառուցման ֆինանսավորման նպատակով վարկային համաձայնագրից: