ԹԵԺ ԳԻԾ

Կառավարական հարթակում հայ-գերմանական համագործակցությունը իրականացվում է Ֆինանսատնտեսական և տեխնիկական հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում: Այս համատեքստում գերմանական կառավարության կողմից Հայաստանին հատկացվում է ֆինանսական և տեխնիկական օժանդակություն ուղղված տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը:

Գերմանիայի հետ ֆինանսական համագործակցությունն իրականացվում է KfW բանկի, իսկ տեխնիկական համագործակցությունը` GIZ ընկերության միջոցով: Գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում իրականացվել են մի շարք ծրագրեր ուղղված տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը. մասնավորապես վարկավորելու էներգետիկ ոլորտը, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին, ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտը և այլն: Տեխնիկական համագործակցության շնորհիվ բավականաչափ արդյունավետ համագործակցության արդյունքում էական առաջընթացներ են գրանցվել տնտեսության տարբեր ոլորտներում հիմնական տարածաշրջանային ծրագրերի միջոցով:

2016թ. նոյեմբերի 21-ից 22-ը ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի շրջանակներում քննարկվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվելիք ծրագրերը. մասնավորապես, Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվելիք հետագա հատկացումները, որոնք ներառում են ՀՀ կենտրոնական բանկի գերմանահայկական հիմնադրամի կողմից վերաֆինանսավորվող գյուղատնտեսության ոլորտի աջակցության և փոքր և միջին ձեռնարկություններում էներգաարդյունավետության ծրագրերի շարունակական փուլերը, Վանաձորի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը և այլն: Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսության ապահովագրության ներդրման համակարգի հարցը, որի շրջանակներում գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու դրամաշնորհային միջոցներ: