ԹԵԺ ԳԻԾ

«Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումին անդամակցության վերաբերյալ

 

Միջազգային մակարդակում հարկերից խուսափումը, ինչը հանգեցնում է կրկնակի չհարկման կամ իրական չափից նվազ հարկման և այլ համանման խնդիրների, վերջին տարիններին բոլոր պետությունների հարկային մարմինների համար հանդիսանում է բավականին լուրջ մարտահրավեր:

Վերը նշված խնդիրներին որոշակիորեն լուծում տալու նպատակով 2000 թվականին  Տնտե­սական համա­գոր­ծակ­ցության զարգացման կազմակերպության (այսուհետ` ՏՀԶԿ)` կողմից ստեղծվեց հարկման նպատակով թափանցիկության և տեղե­­կու­թյունների փոխա­նակ­ման գլոբալ ֆորումը (այսուհետ` Գլոբալ ֆորում):

Գլոբալ ֆորումի ձևավորման սկզբնական փուլում վերջինիս անդամները եղել են ՏՀԶԿ երկրները և այլ իրավական համակարգերը, որոնք համաձայնել են կիրառել հարկման նպա­տակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստան­դարտ­ները, որոնք ներկայացված են Հարկման նպատակով տեղեկությունների փոխա­նակման համա­ձայ­նագրի տիպային մոդելում:

Վերը նշված միջազգային ստանդարտների հիմնական պահանջներն են.

  1. դիմումի հիման վրա տեղեկությունների փոխանակման մեխանիզմների առկա­յություն,
  2. իրատեսական ժամանակահատվածում հավաստի տեղեկությունների հասա­նե­լու­թյան և ձեռքբերման կարողությունների առկայություն,
  3. փոխանակվող տեղեկությունների շրջանակներում գաղտնիության պահպանման և սահ­մա­նափակման կանոնների գերակայություն:

2009 թվականին Գլոբալ ֆորումի գործունեության ձևաչափը որոշակիորեն փոխվել է և վերջինիս անդամ կարող են դառնալ նաև ոչ ՏՀԶԿ անդամ երկրները, ընդ որում բոլոր անդամներին տրվել է ձայնի հավասար իրավունք: Ներկայումս Գլոբալ ֆորումի անդամ են հանդիսանում շուրջ 150 երկրներ (ՏՀԶԿ և ոչ ՏՀԶԿ անդամ)` և օֆշորային գոտիներում գործող մի շարք միջազգային կենտրոններ, այդ թվում` Վրաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը:

Գլոբալ ֆորումին անդամակցությունը բավականին պարզ գործընթաց է: Մասնա­վորա­պես, Գլոբալ ֆորումին անդամակցելու նպատակով անհրաժեշտ է Գլոբալ ֆորումի քար­­­­տու­­ղա­րություն ներկայացնել կառավարության լիազորված ներկայացուցչի կողմից ստո­րագր­­ված անդամակցության նամակը:

Մյուս կողմից, Գլոբալ ֆորումին անդամակցությունը ենթադրում է նաև որոշակի պահանջ­­ների բավարարման նախադրյալներ, մասնավորապես.

  1. ապահովել տեղեկությունների փոխանակման դիմումի ներկայացման դեպքում միջազ­գային ստանդարտների կիրառումը,
  2. մասնակցել և ներդրում ունենալ փորձագիտական գնահատման գործընթացին,
  3. մասնակցել բյուջեի ձևավորման գործընթացին:

Գլոբալ ֆորումին անդամակցության վճարը կազմում է տարեկան 15 հազար եվրո:

Գլոբալ ֆորումի հիմնական գործունեությունը փորձագիտական գնահատումն է: Փորձա­­գիտական գնահատման նպատակն է գնահատել տվյալ երկրի կամ իրավական համա­­կարգի կարողությունները հարկման նպատակով թափանցիկության և տեղե­կու­թյուն­ների փոխանակման միջազգային ստանդարտի կիրառման համար: Այն իրա­կանաց­վում է 2 փուլով: 1-ին փուլում ուսումնասիրվում է նշված միջազգային ստանդարտի կիրառ­ման համար անհրաժեշտ իրավական և կարգավորման շրջանակների, իսկ 2-րդ փուլում` գործ­նական կիրառման ընթացակարգերի առկայությունը:

Փորձագիտական գնահատումն ունի հստակ մեթոդաբանություն, որը հաստատված է Գլոբալ ֆորումի քարտուղարության կողմից: Փորձագիտական գնահատման արդյունքում տրվում է հաշվետվություն, որը կարող է լուրջ խթան հանդիսանալ տվյալ երկրում կամ իրա­վական համակարգում բարեփոխումներ կատարելու համատեքստում: Օրինակ, շուրջ 84 երկր­ներում նշված հաշվետվություններում ներառված նկատառումնրի արդյունքում կատար­վել են թվով 400 օրենսդրական փոփոխություններ:

Գլոբալ ֆորումին անդամակցության վերջնական նպատակը հարկման նպատակով տեղե­կությունների ավտոմատ փոխանակման համակարգին միացումն է: Այս համակարգը համար­վում է նոր գլոբալ ստանդարտ, որն էականորեն նվազեցնում է հարկերից խուսափ­ման ռիսկերը:

Ավոտոմատ տեղեկությունների փոխանակումը համակարգված պարբե­րական տեղե­կու­թյունների փոխանցումն է աղբյուր երկրից ռեզիդենտության երկիր` եկա­մուտ­ների որոշակի տեսակների վերաբերյալ, մասնավորապես շահաբաժինների, տոկոս­ների, ռոյալթիների, աշխատավարձերի, կենսաթոշակների և այլն: Տեղեկությունների ավտո­մատ փոխա­­նակման համակարգը կարող է ծառայել նաև այլ տեղեկությունների փոխա­նակման համար, ինչպիսիք են ռեզիդենտության կարգավիճակի փոփոխությունները, անշարժ գույքի օտար­ման դեպքերը, ավելացված արժեքի հարկի գերավճարների փոխանցումները և այլն, ինչը թույլ է տալիս հարկային մարմիններին ճշտել արտասահմանյան աղբյուրներից ստաց­ված եկամուտների, գործարքների արժանա­հա­վատությունը:

Ներկայումս ավտոմատ տեղեկությունների փոխանակման համակարգը լայնորեն օգտա­­գործվում է Եվրոպական միության անդամ երկրներում: Հիմնականում տեղե­կու­թյուն­ները վերաբերում են շահաբաժիններին, տոկոսներին, ռոյալթիներին, անկախ գործու­նեու­թյունից ստացված եկամուտներին և թոշակներին: Աշխարհում ամենազարգացած տեղե­կու­թյուն­­ների փոխանակման համակարգ ունի Դանիան, որը տեղեկությունների ավտոմատ փոխա­­նակման հարաբերություններ ունի շուրջ 70 երկրների հետ: 

Հայաստանի` Գլոբալ ֆորումին անդամակցությունը կտա մի շարք առավելություններ, մասնավորապես

  1. աշխարհում ամենամեծ` հարկման նպատակով ստեղծված խմբին անդամակցություն,
  2. Գլոբալ ֆորումին անդամակցության շրջա­նակ­­ներում փորձագիտական գնահատման գործ­ըն­թացը լուրջ հնարավորություն է բացա­հայտելու իրավական համակարգի թերու­թյուն­ները և բարելավման հեռանկարները,
  3. ավտոմատ տեղեկությունների փոխանակման համակարգին անդամակցելու առար­կա­յական հնարավորություններ,
  4. գլոբալ ֆորումի անդամակցությունը ձեռնարկատիրական գործունեություն իրակա­նաց­նելու տեսանկյունից տվյալ երկրին դարձնում է ավելի թափանցիկ և վստահելի, արդյունավետ լծակ է կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարում: