|
Որքանո՞վ է հաջողվել իրականացնել կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը և ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում խուսափել իրավիճակի վատթարացումից:
Հայաստանը, ինչպես և աշխարհի յուրաքանչյուր երկիր, չէր կարող խուսափել համաշխարհային ֆինանսական, այնուհետև տնտեսական ճգնաժամի ազդեցությունից, որի հիմնական հարվածն իր վրա ընդունեց տնտեսության իրական հատվածը` արձանագրելով անկման միտումներ: Դա հիմնականում պայմանավորված էր մասնավոր տրանսֆերտների կրճատմամբ, համաշխարհային շուկաներում հումքային ապրանքների և, հատկապես, մետաղների գների նվազմամբ, հայաստանյան արտահանելի ապրանքների և ծառայությունների արտահանման նկատմամբ պահանջարկի անկմամբ` պայմանավորված համաշխարհային պահանջարկի նվազումով, ՀՀ տնտեսություն ներհոսող ներդրումների ծավալների անկմամբ` պայմանավորված համաշխարային տնտեսություն մեջ ֆինանսական միջոցների լիկվիդայնության անկումով: Հաշվի առնելով ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի թողած ազդեցությունը` ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության արձագանքը հիմնականում ուղղված է եղել տնտեսական ակտիվության խթանմանը: Կառավարությունը ճգնաժամի մեղմման համար ներգրավել է միջոցներ և որոշակի աշխատանքներ է կատարել իրական տնտեսության խթանման համար` այդ թվում զգալի ֆինանսական միջոցներ ներարկելով տնտեսություն: Սակայն պետք է հաշվի առնել, որ սովորաբար գործողությունների և դրանց իրական արդյունքների միջև կա ժամանակային անջրպետ` արտաքին լագ: Այսինքն` ժամանակ է պետք, որպեսզի կառավարության ընդլայնող գործողությունները կլանվեն տնտեսության կողմից և ունենան իրական հետևանքներ: Հակաճգնաժամային քաղաքականության որդեգրած սկզբունքներից ելնելով` 2009 թվականի 8 ամիսներին կատարած հարկաբյուջետային քաղաքականությունն ընդլայնող է եղել: Ընդ որում, ծախսերի գծով արձանագրված աճերը պայմանավորված են եղել գերակա համարվող սոցիալական բնույթի ծախսերի և աշխատավարձերի մակարդակի պահպանմամբ: Արդյունքում ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ տնտեսության իրական անկման տեմպը կկազմի շուրջ 15 տոկոս` այս տարվա 8 ամիսների փաստացի 18.4 տոկոսի դիմաց: Այսինքն` կառավարության միջոցառումները ունենալու են իրենց դրական ազդեցությունը տնտեսության վրա:
Արտաքին պարտք/արտահանում հարաբերակցության ցուցանիշը վատթարանում է, որքանո՞վ է այն անվտանգ տնտեսության համար առհասարակ:
Ցանկացած մակրոտնտեսական ցուցանիշի վատթարացում կառավարության համար անհանգստացնող է, առավել ևս այն ցուցանիշների մասով, որոնք կարող են հանգեցնել անկայունության: Սակայն, տվյալ դեպքում պետք է փաստենք, որ առավել կարեւոր է ոչ թե որևէ պահի դրությամբ վատթարացած ցուցանիշը, այլ այդ վատթարացող ցուցանիշների համախումբը` միջինժամկետ կամ երկարաժամկետ հատվածներում: Այսինքն, մենք պետք է խոսենք ոչ թե առանձին ցուցանիշների, այլ պարտքի կառավարելիության և կառավարության կողմից ստանձած պարտքային պարտավորությունները պատշաճ և ժամանակին կատարելու մասին: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ կառավարությունը ի զորու է արտաքին պարտքը պահել կառավարելիության շրջանակներում: Ավելին, նշենք, որ Հայաստանում պարտքի կառավարման քաղաքականությունը եղել է զգուշավոր, որի արդյուքնում արտաքին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2008 թվականին կազմել է 13.4%` ԱՊՀ երկրների 33.0% դիմաց: Նշենք, որ պետական պարտքի ցածր մակարդակը ճգնաժամի ներկա փուլում հարկաբյուջետային ճկունության հնարավորություն է տվել. ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ` առանց վտանգելու պարտքի կայունության ցուցանիշները: Պարտքի կայունության չվտանգման մասին են վկայում նաեւ ԱՄՀ կողմից 2009 թվականի մարտին Հայաստանի պարտքի կայունության վերաբերյալ կատարված վերլուծությունները, որոնք ցույց են տալիս, որ նույնիսկ բոլոր հնարավոր այլընտրանքային սցենարների և սահմանային թեստերի արդյունքում Հայաստանի արտաքին պարտքի գործակիցները ներկայումս գտնվում են թույլատրելի սահմաններում:
Ի՞նչ նպատակներով է օգտագործվելու Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ՀՀ-ին տրամադրված 500 մլն դոլարի չափով վարկը:
Նշված վարկի օգտագործման ուղղությունների սահմանման նպատակով ընդունվել է 2009 թվականի հունիսի 12-ի թիվ 476-Ա ՙՀայաստանի Հանրապետությանը Ռուսաստանի Դաշնության կողմից 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցների օգտագործման ուղղությունների մասին՚ ՀՀ վարչապետի որոշումը, որով հաստատվել են հետևյալ հիմնական ուղղությունները. 1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Աղետի գոտում իրականացվող վերականգնողական ծրագրի գծով ծախսերի ֆինանսավորում, 2) ՙՀայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն՚ հիմնադրամի միջոցով փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վարկավորում, 3) Կայունացման հիմնադրամի ձևավորում: Կայունացման հիմնադրամի միջոցները նախատեսվում են տնտեսության, այդ թվում` համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորման, ազգային հիփոթեքային ընկերությանն աջակցության, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման և անհրաժեշտության դեպքում` օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող այլ ուղղություններով օգտագործելու համար:
Արդյո՞ք չկար ՀՀ 2009 թվականի պետական բյուջեն վերանայելու անհրաժեշտություն, որը կազմվել է առանց հաշվի առնելու ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը և որի հիմքում դրված է 9.2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը:
Նախ պետք է նշել, որ բյուջեն հիմնականում ձևավորվում է հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ նախորդ տարի այս ամիսներին ընդհուպ մինչև հոկտեմբեր ամիսը Հայաստանի տնտեսութ¬յունը բնութագրվում էր երկնիշ աճի ցուցանիշներով, իսկ տնտեսական խորը և երկարատև անկման նկատմամբ ռիսկերը թե մեր և թե համաշխարհային տնտեսության համար ընդգծված չէին: Այնուհանդերձ, ՀՀ 2009 թվականի պետական բյուջեն, իսկապես, համաշխարհային ֆինանսատնտեսական ճնաժամի ազդեցության տակ կատարվում է պետական բյուջեի հաստատման հիմքում դրված մակրոկանխատեսումներից զգալի շեղվածության պայմաններում: Նշված հանգամանքը, բնականաբար, չէր կարող իր դրոշմը չթողնել նաև պետական բյուջեի կատարման ընթացքի վրա: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը Կառավարությունը, օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում, դեռևս ընթացիկ տարվա մարտ ամսին ձեռնարկեց քայլեր ՀՀ 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված որոշ բյուջետային ծախսերի կատարումը ժամանակավորապես կասեցնելու և բյուջետային ժամկետանց պարտքեր չառաջացնելու ուղղությամբ: Հետագա զարգացումները ապացուցեցին կառավարության ձեռնարկած քայլերի ճշտությունը: Միաժամանակ անհրաժեշտություն առաջացավ քննության առնել ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի վերանայման հնարավոր ուղիները: Նման պայմաններում կառավարությունն ուներ երկու ընտրություն. - կամ Ազգային ժողով ներկայացնել առաջարկություն ՀՀ 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելու մասին, որը կհանգեցներ ՀՀ 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված կարևորագույն ծրագրերի կատարման ընթացքի խաթարմանը, - կամ էլ ՀՀ 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված կարևորագույն ծրագրերի կատարման ընթացքը չխաթարելու համար օրակարգի անհապաղ լուծման կարիք ունեցող հարց դարձնել պետական բյուջեի մուտքային մասի կորուստները վերականգնող լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների հայթայթման խնդիրը, որի լուծումը ոչ միայն հնարավորություն կընձեռեր մեղմել բյուջետային բնագավառում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացող բարդույթները, այլ նաև որոշ չափով խթանել երկրի տնտեսությունը: Կառավարությունն ընտրեց երկրորդ ուղին: Այդ ուղղությամբ միջազգային ֆինանսական կազմակերպությունների և Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ ՀՀ կառավարության ինտենսիվ աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ ներգրավել զգալի չափով վարկային միջոցներ, որոնց արտացոլումը ՀՀ 2009 թվականի պետական բյուջեում և օգտագործումը կատարվում է և կկատարվի բացառապես օրենքով կառավարությանը վերապահված իրավասության շրջանակներում: Լրացուցիչ ներգրավվող բյուջետային մուտքերի օրենքով սահմանված կարգով ներդրումը բյուջետային համակարգ, կառավարությանը վերապահված իրավասության սահմաններում որոշ ծախսերի սահմանափակման հետ հանդերձ, անշուշտ դրական ազդեցություն կունենա պետական բյուջեների ծախսային մասի կատարման տարեկան արդյունքների վրա: Համաձայն վերջին զարգացումների` նախատեսվում է, որ 2009 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն շուրջ 690 մլրդ. դրամ, իսկ ծախսերը շուրջ 900.3 մլրդ. դրամ, որի արդյունք¬ներով պետական բյուջեի պակասուրդը կկազմի 210.3 մլրդ.դրամ: Վերջիններով էլ պայմանավորված հնարավոր չի լինի ապահովել 2009 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի պակասուրդի նախանշված սահմանաչափը: Այդ նկատառումներից ելնելով` 2009 թվականի հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից փոփոխություն կատարվեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համա¬կարգի մասին օրենքում, համաձայն որի համախառն ներքին արդյունքի մեջ պետական բյուջեի պակասուրդի սահմանաչափը 5 տոկոսից հասցվեց 7,5 տոկոսի: Միևնույն ժամանակ, որպես տեղեկատվություն հայտնենք նաև, որ չնայած տնտեսական անկմանը` պետական բյուջեի սոցիալական բնույթ կրող կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձերի վճարման գծով ծախսերը կատարվում են 2009 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված գրեթե ամբողջ ծավալով:
Ինչպիսի՞ն են տնտեսական անկման աճի 2009-ի և 2010-ի կանխատեսումները: Ինչ ցուցանիշներ են դրվելու 2010-ի բյուջեի հիմքում:
2009թ տարեվերջին մեր գնահատականներով կունենանք իրական ՀՆԱ-ի մոտ 15 տոկոս անկում , իսկ արդեն 2010թ .` 1.2 տոկոս տնտեսական աճ, որը դրվելու է 2010 թվականի բյուջեի կազմման հիմքում: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի աշխարհի փորձը ցույց տվեց, թե ինչպիսի արագությամբ են փոփոխվում մակրոտնտեսական զարգացումները համաշխարհային տնտեսության մեջ և առանձին տնտեսություններում:Ինչն էլ պարտադրում է մակրոտնտեսական կանխատեսումներով զբաղվող բազմաթիվ միջազգային հեղինակավոր կառույցներին և ազգային կառույցներին հաճախակի վերանայել մակրոտնտեսական կանխատեսում¬երը: Այսպես, ԱՄՀ Համաշխարհային Տնտեսական Հեռանկարներ պարբերականի կողմից այս տարի մակրոտնտեսական կանխատեսումները փոփոխվել են առնվազն 4 անգամ, այն դեպքում, երբ մինչ ճգնաժամն այս կառույցի կողմից կանխատեսումները վերանայվում էին կիսամյակային կտրվածքով: Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ ներկայացված կանխատեսումները նախնական են և տնտեսական աճին նպաստող գործոններն ավելի շատ են, քան սահմանափակողները: Մասնավորապես, եթե Կառավարության հակաճգնաժամային ծրագրով ներարկված մեծածավալ վարկային միջոցները տնտեսության կողմից կլանվեն ավելի արագ, քան ենթադրվում է, կամ եթե համաշխարհային տնտեսության վերականգնումը լինի կանխատեսվածից ավելի արագ, ինչն ի դեպ շատ հավանական է, ապա տնտեսական աճի մակարդակը կլինի էլ ավելի բարձր:
| |