Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Մամուլի Կենտրոն
Մամուլի ԿենտրոնՆորություններ

Ցուցադրվել են ազգային պահուստի պատմամշակութային արժեքները

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը Հայաստանի պատմության թանգարանում առաջին անգամ ցուցադրել է ազգային պահուստի պատմամշակութային արժեքները: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանը և  Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը:   

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ ազգային պահուստների ցուցադրությունը լինելու է շարունակական, և հանրային հետաքրքրություն ներկայացնող արժեքները դառնալու են հանրային սեփականություն:

«Նմուշները շատ չեն, բայց կարևոր է, որ լինի մեկնարկը դեպի այդ քաղաքականություն: Բոլոր այս արժեքները 1992 թվականից եղել են գանձարանի պահոցում, և դրանք ոչ ոք չի տեսել, իսկ այժմ, երբ սկսում ենք հանրայնացնել, հանրությունը սկսում է հետաքրքրվածություն ցուցաբերել նմուշների նկատմամբ»,- ասել է փոխնախարարը` հավելելով, որ նմուշները չիրացվող արժեքներ են:  

Ցուցադրության մեջ ընդգրկվել է 4 արծաթե գոտի (19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ), ռուսական արծաթե գոտի (1877թ.), անդրկովկասյան արծաթե վզնոց (19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ), ինչպես նաև արծաթե դաշույն: Բոլոր իրերն, ըստ մասնագետների, պատմամշակութային արժեք ունեն:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանի խոսքով՝ նախատեսվում է հետագայում ցուցադրել ևս 50 նմուշ:

«Ներկայացված նմուշները միակ արժեքները չեն: Այս ցուցադրությունն ունի փուլային բնույթ և սա առաջին փուլերից մեկն է»,-ասել է Առաքելյանը։

Ըստ պայմանավորվածության՝ ներկայացված նմուշները Հայաստանի պետական թանգարանում կցուցադրվեն ևս 2 ամիս։

 

Վերջին թարմացում 07.04.2017