Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն

Ընդհանուր դրույթներ

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

3. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

4. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն, անգլերեն ու ռուսերեն իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ։

5. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից, ռեֆերենտներից: Նախարարության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ և հիմնարկներ:

6. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

1) բյուջետային գործընթացի կազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում.

2) միջազգային ֆինանսական համագործակցության, ֆինանսատնտեսական, վարկային, հարկաբյուջետային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովումը.

3) կապիտալի, ֆինանսական շուկայի, այդ թվում` աուդիտորական, վիճակախաղերի, խաղատների և շահումով խաղերի, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, օրենքով կամ այլ իրավական ակտերով համապատասխան լիազորությունների տրամադրման դեպքում այդպիսի գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

4) աուդիտի, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների մեթոդաբանության մշակումը.

5) Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման քաղաքականության մշակումը.

6) պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հսկողության իրականացումը.

7) ստուգումների միջոցով պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման (աուդիտի) կազմակերպումը և իրականացումը.

8) պետական պարտքի գնահատման, մակրոտնտեսական քաղաքականության և բյուջետային ծախսային քաղաքականության տեսանկյունից միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող փոխառությունների և նվիրատվությունների համակարգումը և ծրագրերի իրականացման ընթացիկ ֆինանսական մոնիթորինգը.

9) իր իրավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը.

10) գնումների գործընթացի պետական կարգավորումը և համակարգումը.

11) պետական պարտքի կառավարումը.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և նպատակների իրականացումը: