Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությունը տրամադրում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզիաներ, ինչպես նաև հաշվառում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար դիմած անձանց:

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են՝ աուդիտորական ծառայությունների իրականացումը, վիճակախաղերի կազմակերպումը, շահումով խաղերի կազմակերպումը, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը, խաղատների կազմակերպումը, ինկասացիոն ծառայությունների մատուցումը: Լիցենզիաները տրամադրվում են լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիցենզիայի հայտը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:

Lիցենզիա ստանալու համար հայտ կարող եք ներկայացնել ինչպես առձեռն կամ փոստով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով՝ խնայելով Ձեր ժամանակը: Հետագայում էլեկտրոնային եղանակով կարող եք ուղարկել նաև Ձեր հաշվետվությունները:

Ծանուցում անհրաժեշտ է ներկայացնել գործունեության այնպիսի տեսակների համար, ինչպիսիք են գինու, մրգային օղիների, լիկյորի և գարեջրի արտադրությունը, հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը, անասնաբուժասանիտարական փորձաքննությունը և այլն:

Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են զբաղվել ծանուցման ենթակա գործունեությամբ ծանուցումը ներկայացնելուց հինգ աշխատանքային օր հետո, եթե ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի մերժվում:

Լիցենզավորման և ծանուցման գործընթացների առավել հանգամանալից նկարագրությունը, այդ թվում՝ լիցենզիաների հայտերի և ծանուցումների ձևերը, պահանջվող փաստաթղթերը, հետադարձ կապի տվյալներ կարող եք գտնել այս էջի առանձին բաժիններում: