Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ազգային ժողովում ներկայացվել է ՀՀ 2023թ. պետական բյուջեի նախագիծը
16.11.2022
Ազգային ժողովում ներկայացվել է ՀՀ 2023թ. պետական բյուջեի նախագիծը


   

ԱԺ մեծարգո՛ նախագահ,

Հարգարժա՛ ն նախագահություն,

Հարգելի՛ պատգամավորներ,

Կառավարության հարգելի՛ գործընկերներ,

 

ԱԺ քննարկմանն է ներկայացվում 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այն ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի երկրորդ ամբողջական տարվա բյուջեն է: Նախագծի հաստատմամբ ֆինանսավորում կապահովվի այն ծրագրերի և միջոցառումների համար, որոնց իրականացումը կարձանագրի անհրաժեշտ առաջընթաց՝ Կառավարության ծրագրով սահմանված նպատակների ուղղությամբ:

2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը՝ Կառավարության ծրագրով սահմանված թիրախներին համահունչ:

Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի. ԱԺ ներկայացված բյուջեի նախագծի հիմքում ընկած հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է այդ նպատակին: Հարկային եկամուտների ավելացումը, ծախսային ծրագրերի նպատակայնության բարձրացումը, բյուջեի ֆինանսավորման նպատակով նոր փոխառու միջոցների ներգրավման և առկա պարտքի կառավարման արդյունավետության բարձրացումը հարկաբյուջետային քաղաքականության այն հիմնական ուղղություններն են, որոնք պետք է երաշխավորեն մասնավոր հատվածի արագ զարգացմանը նպաստող լավագույն մակրոտնտեսական միջավայր:

 

Տնտեսական աճի մասին.

2023 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում: Վերջին մեկ տարվա ընթացքում համաշխարհային տնտեսական միջավայրը դարձել է ավելի անկայուն, միջազգային առևտուրը դանդաղել է, փոխադրումները դարձել են ավելի ծախսատար և ժամանակատար, ապրանքների և ծառայությունների գները շարունակել են աճել ամբողջ աշխարհում: Նշված պայմանները բացասաբար են ազդել մեր զարգացման միջավայրի վրա և բարձրացրել են մակրոտնտեսական միջավայրին առնչվող ռիսկերը:

Չնայած թվարկված անորոշություններին, կարող ենք փաստել, որ այս տարվա տնտեսական ակտիվությունը գերազանցել է տարեսկզբից ի վեր քննարկված բոլոր սպասումները. 2022 թվականի ինն ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14.1%-ով, ինչի արդյունքում պետական բյուջեով սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է: Դա թույլ է տալիս ոչ միայն նախատեսված ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջետային ծախսերը, այլև հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր ծրագրերի համար, ինչպես նաև արագացնել Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված նպատակների իրագործման ընթացքը:

Թերևս կարող ենք կանխատեսել, որ այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15-20 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշը կամ դրանցից մեկը՝ արձանագրելով ՀՆԱ-ի 13-14% իրական աճ: Արդյունքում, 2022 թվականի ՀՆԱ-ը դոլարային արտահայտությամբ կարող է գերազանցել 19 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք սահմանը, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ը 6500 ԱՄՆ դոլարը` նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով մոտ 1800 ԱՄՆ դոլարին համարժեք աճ: Հատկանշական է նաև, որ վերջին անգամ նման բարձր աճի ցուցանիշ արձանագրվել է 15 տարի առաջ՝ 2007 թվականին, երբ ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 13.7%, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճը՝ 871 ԱՄՆ դոլար (հասնելով 2853 ԱՄՆ դոլարի):

2023 թվականի բարձր տնտեսական աճի ցուցանիշը պետք է լինի կառավարության բարեփոխումների, և հատկապես՝ տնտեսական քաղաքականության արդյունավետության չափման հիմնական ցուցիչը:
Չնայած այն հանգամանքին, որ այս տարվա դրական զարգացումների արդյունքում ձևավորվող բազայի նկատմամբ բարձր տնտեսական աճի հասնելը պահանջում է բարեփոխումների հետևողական իրականացում և զգալի դժվարությունների հաղթահարում, դա չի նվազեցրել կառավարության նպատակադրումների նշաձողը. 2023 թվականի համար թիրախավորվում է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 7% իրական աճ:

Դժվարին մարտահրավեր է այն, որ այսպիսի բարձր տնտեսական աճը պետք է ձեռք բերվի զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում: Ինչպես գիտեք, այս տարվա գնաճի տեմպերը շարունակում են մնալ բարձր՝ գտնվելով 9% սահմանում: Տրամաբանական է, որ 2023 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը պետք է շարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով հաջորդ տարեվերջին վերադառնալ գնաճի համար օրենքով սահմանված՝ 4% չափին: Այդպիսի պայմաններում տնտեսության իրական հատվածին առաջարկվող ֆինանսական ռեսուրսները կսահմանափակվեն և հասանելի կմնան այնպիսի տնտեսական ծրագրերի համար, որոնք ունեն բարձր եկամտաբերություն և կարող են հաղթահարել նշված ֆինանսական ծախսերի շեմը:

Այս կապակցությամբ կարևոր է պարզաբանել, թե ինչպիսին են լինելու Կառավարության այն քաղաքականությունները, որոնք պետք է նպաստեն որակյալ տնտեսական ակտիվության խթանմանը: Բարձր տոկոսադրույքները կարող են բացասաբար ներգործել և հետաձգվել երկարաժամկետ ներդրումային որոշումները: Նշվածը հնարավորինս մեղմելու նպատակով՝ Կառավարությունը կշարունակի ընդլայնել ներդրումային վերազինմանն ուղղված մասնավոր ծրագրերին աջակցությունը՝ տեխնոլոգիական հոսքագծերի և սարքավորումների նորացմանն ուղղվող վարկերի տոկոսները սուբսիդավորելու եղանակով: Այդ եղանակով կառավարությունը կխրախուսի որակյալ ներրդրումային որոշումները և կխթանի արտադրողականության բարձրացման ուղղությամբ կազմակերպությունների որոշումների արագացումը:

Շարունակում են զգալի ռիսկեր ներկայացնել նաև արտաքին միջավայրի հետ կապված մարտահրավերները: Մեր արտահանման հիմնական շուկաներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոգոտում, Չինաստանում և ԱՄՆ-ում տնտեսական աճի միջավայրային ռիսկերը շարունակում են մնալ բավական բարձր: Հատկանշական է, որ այս տարեսկզբից ի վեր 2023-ի տնտեսական աճի վերաբերյալ փորձագիտական կանխատեսումները դառնում են ավելի զգուշավոր: Կանխատեսվում է, որ 2023-ի ընթացքում ՌԴ տնտեսության անկումը կկազմի 2.3%: ԵԳ-ում տնտեսական աճը կկազմի ընդամենը 0.5%, Չինաստանում՝ 4,4% և ԱՄՆ-ում՝ 1%: Ընդհանուր առմամբ, հաջորդ տարվա ընթացքում գլոբալ տնտեսական աճը կկազմի 2.7%, ինչն ավելի ցածր է այս և նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշներից:

Համաշխարհային միջավայրի վերաբերյալ առկա են նաև դրական փոփոխությունների կանխատեսումներ, այդ թվում՝ պարենի համաշխարհային գների նվազումը, միջազգային փոխադրումների շուկաներից եկող՝ լոգիստիկ ծառայությունների հուսալիության բարձրացման, դրանց գների նվազման վերաբերյալ: Այս գործոնները կարող են նպաստավոր լինել 2023 թվականի ընթացքում արտաքին առևտրի ակտիվացման և դրա ազդեցությամբ՝ տնտեսական աճի համար:    

Գալիք տարվա բարձր տնտեսական աճի և մասնավոր հատվածի զարգացման պայմանների բարելավման հարցերին անմիջականորեն կապված են հարկային քաղաքականության և հարկային վարչարարության ուղղությամբ անելիքները: Թերևս պետք է ընդգծել, որ մասնավոր հատվածի մրցունակության որոշիչ հարկային գործոններից մեկը՝ եկամտային հարկի դրույքաչափը շարունակելու է նվազել մեկ տոկոսային կետով, դառնալով ավելի նպաստավոր մասնավոր հատվածի ծրագրերի համար: Մյուս հիմնական հակատեսակների դեպքում հիմնական դրույքաչափերը կմնան անփոփոխ, իսկ հարկային եկամուտների ավելացումն առավելապես տեղի կունենա հարկման վարչարարության արդյունավետության բարձրացման և հարկման համահավասարությունն ընդլայնելու արդյունքում:

 

Պետական բյուջեի եկամուտների մասին

Պետական եկամուտների բարելավումը լինելու է հարկային քաղաքականության և վարչարարության հիմնական նպատակը: Կառավարության ծրագրով սահմանված՝ հիմնական մակրոտնտեսական թիրախներից մեկը ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հավաքելիության ցուցանիշի աճն է: Նախատեսվում է 2026 թվականին հասնել Հարկեր/ՀՆԱ 25%-ը գերազանցող ցուցանիշի: 2021 թվականին այն կազմել է 22.7%: 2023 թվականի ծրագրային թիրախը 23.7%-ն է:

Թերևս այստեղ կարևոր է կատարել մեկ համեմատություն: Սկսած 2010 թվականից, Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի առավել բարձր արժեք արձանագրվել է 2013 թվականին: Ընդ որում, այդ ժամանակահատվածում արտահանողներին վերադարձված ԱԱՀ-ի գումարները պետական բյուջեում հաշվառվում էին որպես ԱԱՀ-ից եկամուտ: Եթե այդ գումարը նվազեցնենք 2013-ին արձանագրված փաստացի ցուցանիշից՝ ներկա հաշվառման հետ համադրելի դարձնելու նպատակով, ապա այդ տարվա ընթացքում Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 21.4%, իսկ հետագայում նվազել է և 2017-ին կազմել է ՀՆԱ-ի 20.6%: Այս տարվա ցուցանիշը կգտնվի ՀՆԱ-ի 23-23.2% սահմաններում: Եթե ներառենք նաև հիպոթեքային տոկոսավճարների գծով մեր քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկի գումարները, ապա այդ ցուցանիշը կհասնի ՀՆԱ-ի 23.4%-ին: 2018 թվականից ի վեր Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի 2.8 տոկոսային կետով բարելավումը կարևոր ձեռքբերում է, հատկապես՝ հաշվի առնելով, որ նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել եկամտային հարկի և շահութահարկի դրույքաչափերի էական նվազեցում:  

Հարկային եկամուտների ավելացումը, հատկապես՝ երբ այն տեղի է ունենում հիմնական հարկային դրույքաչափերի նվազեցման պայմաններում, բացի բյուջետային սեփական եկամուտներով ապահովելու կարևոր գործառույթից, ունի նաև տնտեսական կարևոր նշանակություն: Հարկերի ավելացումը տեղի է ունենում տնտեսության այն հատվածներից, որտեղ մինչ այդ հարկերը վճարվում էին մասնակի՝ օրենքով սահմանվածից պակաս: Հարկահավաքման բարելավումը արտոնություններից զրկում է այն տնտեսվարողներին, որոնք հարկերը քիչ վճարելու արդյունքում անհավասար մրցակցային առավելություն ունեին օրինապահ հարկ վճարողների նկատմամբ: Գալիք տարվա ընթացքում այս եղանակով հարկերի վճարման բարելավումը ունենալու է հարկման հավասար պայմանների ամրապնդման և արդար տնտեսական մրցակցության արմատավորման կարևոր նշանակություն:

Հատկապես կարևոր ենք համարում, որ 2023 թվականը պետք է դառնա անկանխիկ դրամաշրջանառության օրենքի կիրառության առաջին ամբողջական տարին, ինչն իր հերթին պետք է բերի հաշվառվող տնտեսության ծավալների զգալի ավելացման: Տնտեսական գործունեությունը պետք է լինի փաստաթղթավորված և թափանցիկ, տնտեսվարող սուբյեկտները և քաղաքացիներն իրենց եկամուտների առնչությամբ պետք է լինեն հաշվետու և կատարեն դրանցից պահանջվող հարկային վճարումները: Սրանք այն սկզբունքներն են, որոնք ուղղորդող են լինելու այս ուղղությամբ կառավարության անելիքների հարցում:

2023 թվականի ընթացքում ուժի մեջ կմտնի քաղաքացիների եկամուտների հայտարարագրման օրենսդրական պահանջը, իսկ առաջին անգամ հայտարարագրեր կներկայացվեն 2024 թվականի գարնանը: Հայտարարագրումը հաշվետվողականության և թափանցիկության մշակույթի ձևավորման կարևոր հիմք է: Կարճաժամկետ հատվածում եկամտային զգալի ազդեցություն չներկայացնող այս միջոցառումն ունի երկարաժամկետ մեծ կարևորություն: Նախատեսում ենք, որ հարկային մարմինները կնախապատրաստեն և իրենց հայտնի տեղեկություններով լրացված հարկային հայտարարագրերը կներկայացնեն քաղաքացիների հաստատմանը: Եթե լինեն այնպիսի դեպքեր, երբ քաղաքացիները ստացած կլինեն եկամուտներ, որոնք ներառված չեն լինի հայտարարագրերում (հարկային տեղեկատվական բազաներում առկա չլինելու պատճառով), վերջիններս դրանց վերաբերյալ տեղեկություններով կճշտվեն, կհաստատվեն և կվերադարձվեն հարկային մարմիններին: Այս համակարգը պետք է պարունակի նաև մասնակցության խրախուսման միջոցներ՝ հայտարարատուների համար նախատեսելով վճարած հարկերի որոշակի փոխհատուցում (կրթական և առողջապահական ծախսերի գծով): Համակարգը կներդրվի փուլերով՝ նախատեսելով աստիճանական ընդլայնում, որն էլ իր հերթին կերաշխավորի ներդրման սահունությունը:

2023 թվականի հարկային եկամուտները բյուջեի նախագծով սահմանված են 2,204 մլրդ դրամի չափով: Այս տարվա սպասվող հարկային եկամուտների նկատմամբ աճը մոտ 280 մլրդ դրամ է: Ավելացման 230 մլրդ դրամը կստացվի գալիք տարում տնտեսական աճի և հարկման բազաների աճի հետևանքով: Մյուս 50 մլրդ դրամը կձևավորվի հարկային վարչարարության բարելավման և հարկահավաքման արդյունավետությունը բարձրացնելու արդյունքում:

Կանխատեսվում է նաև, որ 2023 թվականի ընթացքում կշարունակեն աճել հիպոթեքային տոկոսների ծավալները: Նախնական մոտավոր հաշվարկով դրանց տարեկան մեծությունը կարող է հասնել 60 մլրդ դրամի: Եթե նշվածը պետական բյուջեում հաշվառվեր ոչ թե որպես եկամտային հարկից վերադարձ, այլ քաղաքացիներին ֆինանսական աջակցության ծախսային ծրագրերով (ինչպես օրինակ՝ Էկոնոմիկայի նախարարության աջակցության տարբեր ծրագրերով տոկոսների սուդսիդավորման գումարները), ապա եկող տարեվերջին Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կարող էր հասնել 23.9%-ի:

 

Ծախսերի մասին.

2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերը կկազմեն 2590 մլրդ դրամ, ինչը 2023թ. ՀՆԱ-ի 27.8%-ն է կամ 1 տոկոսային կետով ավելին, քան 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ծախսերն են: 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ծախսերի նկատմամբ աճը կկազմի 16.3%:

Ընթացիկ ծախսերը կկազմեն 2043 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 21.9%: ՀՆԱ-ի համեմատությամբ ընթացիկ ծախսերի հանրագումարը կպահպանվի նույն մակարդակին, ինչը սահմանված է 2022 թվականի համար: Այս տարվա ընթացիկ ծախսերի նկատմամբ աճը կկազմի 11.1%: Տոկոսավճարների գծով ծախսերը կկազմեն 272 մլրդ դրամ:

2023 թվականի առաջնային ընթացիկ ծախսերը կկազմեն 1,771 մլրդ դրամ: Դրանց առավելագույն մակարդակը որոշվել է ֆիսկալ կանոններով տրված սահմանաչափին համապատասխան (տվյալ դեպքում կանոնները պահանջում են հիմք ընդունել 2021 թվականի կառավարության պարտք/ՀՆԱ մակարդակի համար կարգավորումները):  

2023 թվականի բյուջեով հաստատման ներկայացված կապիտալ ծախսերը կկազմեն 548 մլրդ դրամ, ինչը մոտ 50%-ով ավելին է, քան 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ցուցանիշը: Այն կկազմի ՀՆԱ-ի 5.9%՝ 2022 թվականի ցուցանիշը գերազանցելով 1.5 տոկոսային կետով:

Նախատեսվում է, որ տնտեսական և սոցիալական նշանակության ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակը 2023-ին գերազանցելու է 267 մլրդ դրամը կամ կազմելու է ՀՆԱ-ի 2.9%-ը: Այն 36 մլրդ դրամով 15.6%-ով ավելին է, քան սահմանված է 2022 թվականի ճշտված բյուջեով:

Մեծ կարևորություն է տրվել պաշտպանական ծախսերին: Դրանք 2023 թվականին կազմելու են 506 մլրդ դրամ՝ մոտ 35%-ով գերազանցելով այս տարվա ճշտված բյուջեով սահմանված ծախսերին:

Սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 648.5 մլրդ դրամ՝11.8%-ով ավելին, քան 2022-ի բյուջեով սկզբնապես սահմանված ֆինանսնավորումը և 10%-ով կգերազանցեն այս տարվա ճշտված բյուջեով սահմանված ծախսերը: Արդյունքում՝ սոցիալական ծախսերը 2023-ին կկազմեն ՀՆԱ-ի 7%-ը, պահպանելով այս տարվա մակարդակը: Այստեղ հարկ է նշել, որ ծախսերի ավելացումը թույլ կտա 2023 թվականի հուլիս ամսից վճարել բարձրացված կենսաթոշակներ՝ այն  նույն սկզբունքով, ինչպես որ կատարվել էր այս տարվա աշնանը: Զգալի ավելացում է նախատեսված նաև սոցիալական աջակցության այլ ծրագրերի ուղղությամբ: Մասնավորապես՝ կարելի է առանձնացնել ժողովրդական վիճակի բարելավման ծրագրերի ֆինանսավորման ավելացումը, ինչը հաջորդ տարվա ընթացքում կազմում է 63.2%:

ԿԳՄՍ նախարարության համակարգման ուղղություններով 2023 թվականի բյուջետային ծախսերի հանրագումարը կկազմի 250.3 մլրդ դրամ, ինչը մոտ 23.5 մլրդ դրամով կամ 10 տոկոսով ավելին է, քան սահմանված է 2022 թվականի պետական բյուջեով: Գալիք տարվա ընթացքում նախարարությանը հատկացվող լրացուցիչ ֆինանսական միջոցների զգալի մասը՝ շուրջ 16 մլրդ դրամն ուղղվելու է կրթության ոլորտին: Ընդհանուր առմամբ, 2023-ին կրթության ոլորտին (ոչ միայն ԿԳՄՍ միջոցով) հատկացված միջոցները կկազմեն 209 մլրդ դրամ՝ 12%-ով ավելի, քան այս տարվա ճշտված բյուջեով սահմանված ծախսերն են:

Առողջապահության ոլորտում ծախսերը կկազմեն 146.4 մլրդ դրամ՝ 4%-ով գերազանցելով այս տարվա համար ճշտված բյուջեով սահմանված ծախսերը: Դրանք կկազմեն ՀՆԱ-ի 1.6%-ը: Բյուջեով նախատեսված միջոցներից 11.9 մլրդ դրամն ուղղվելու է կապիտալ ծախսերի իրականացմանը:  

2023թ-ին կավելանան պետական ծառայողների աշխատավարձերը: Դա տեղի կունենա նվազագույն աշխատավարձին փոխկապակցված բազային աշխատավարձի չափը բարձրացնելու և ներկայումս սահմանված 66.1 հազ դրամի փոխարեն 83.2 հազ սահմանելու արդյունքում: Նշված նպատակով բյուջեով նախատեսված լրացուցիչ հատկացումների հանրագումարը կազմում է 21 մլրդ դրամ:

Լեռնային Ղարաբաղի վարկային աջակցության չափը 2023 թվականին կկազմի 144 մլրդ դրամ: Այդ չափը սահմանվել է Լեռնային Ղարաբաղի սոցիալական և տնտեսական ծախսերի առաջնահերթություններից ելնելով: Նշված հատկացումները թույլ կտան իրականացնել աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների և սոցիալական նշանակության այլ կարևոր ծրագրերի ժամանակին ֆինանսավորումը, ինչպես նաև նպաստել տնտեսական և սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանը:

 

Դեֆիցիտի ֆինանսավորում և Կառավարության պարտքի կառավարում   

2023թ-ի հարկաբյուջետային քաղաքականության կարևոր գծերից մեկը ֆիսկալ կոնսոլիդացումն է: Դրա հիմնական էությունը կառավարության պարտքի մակարդակի շարունակական նվազեցումն է մակրոտնտեսական առումով ավելի անվտանգ և ցածր միջակայքում: 2022 թվականի համար կանխատեսվող Կառավարության պարտք/ՀՆԱ 51%-ից կնվազի և 2023-ին կկազմի 49.6%-ից ոչ ավելի: Կարևոր է նշել, որ այս ցուցանիշը կլինի վերջին 5 տարիների ընթացքում Կառավարության պարտքի ամենացածր ցուցանիշը, ինչը ֆինանսական հուսալիության շատ կարևոր ազդակ է.

Պարտքի կառավարման որակի բարձրացման և դրա հետ կապված ռիսկերը նվազեցնելու քաղաքականությունը ներառում է մի քանի ուղղություն: Առաջինը՝ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման այնպիսի չափն է, որը թույլ է տալիս նվազեցնել ՀՆԱ նկատմամբ կառավարության պարտքի հարաբերակցությունը:
Երկրորդը պարտքի սպասարկման տոկոսավճարների չափի կառավարման հարցն է: Որքան բարձր են տոկոսավճարների ուղղությամբ կատարվող ծախսերը, այնքան ավելի քիչ միջոցներ կարող են ավելացվել այլ կարևոր ուղղություններով (կրթություն, առողջապահություն և այլն) ծրագրերի ընդլայնման համար:
Երրորդը արտարժույթով ներգրավված պարտքի մեծության սահմանափակումն է փոխարժեքային տատանումների հետ կապված ռիսկերը կրճատելու նպատակով: Փոխարժեքի էական տատանումների դեպքում արտարժույթով արտահայտված պարտքը կարող է արագորեն ավելացնել պարտքի սպասարկման համար պահանջվող դրամական ռեսուրսների պահանջը:

2023թ-ի բյուջեի նախագծով առաջարկվել է դեֆիցիտը սահմանել 333 մլրդ դրամ չափով կամ ՀՆԱ-ի 3.1%-ով: Հաջորդող տարիներին այն պետք է կախված լինի տնտեսական աճի տեմպից: 7 տոկոս տնտեսական աճի պահպանումը թույլ կտա հաջորդ տարիների ընթացքում բյուջեի դեֆիցիտը սահմանել ՀՆԱ-ի 2.5-3.0% սահմաններում՝ մի կողմից ծախսերի ֆինանսավորման համար բավարար միջոցներ ապահովելու և մյուս կողմից՝ ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակը նվազեցնելու համար:

Կառավարության պարտքը դրամային արտահայտությամբ 2023թ-ի ավարտին կկազմի 4625 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.6%: Այս ցուցանիշի հաշվարկի հիմքում ընկած է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 436.5 փոխարժեքը, որը բյուջեն ԱԺ ներկայացնելու ժամանակահատվածում որոշված հաշվարկային մեծությունն է: Եթե փաստացի փոխարժեքը լինի նշվածից 5%-ով բարձր կամ ցածր, ապա ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքը կգտնվի 48% և 51% միջակայքում:

2023թ-ի ընթացքում կնվազի արտաքին պարտքի կշիռը և այն գալիք տարվա տարեվերջին կկազմի 58.6% (այս տարեվերջի 62.1 փոխարեն): Պետք է նշել, որ 2018 թվականին կառավարության պարտքի կազմում արտաքին մասի կշիռը կազմել է ավելի քան 78% և եկող տարվա համար կանխատեսվող՝ 50%-ից ցածր չափը կառավարության կողմից պարտքի կառավարման քաղաքականության շատ նշանակալի ձեռքբերում և արդյունք է:

Պարտքի սպասարկման ծախսերը 2023-ին կկազմեն 272 մլրդ դրամ: Դրանք կկազմեն բյուջեով սահմանված ծախսերի 10.5% կամ ՀՆԱ-ի 2.9%: Այս տարվա տոկոսավճարների նկատմամբ աճը կկազմի ՀՆԱ-ի 0.3 տոկոսային կետ: Գալիք տարվա համար պարտքի սպասարկման տոկոսավճարների չափը ՀՆԱ-ի նկատմամբ այն սահմանաչափն է, որը դեռևս անվտանգ է մակրոտնտեսական տեսանկյունից, սակայն նաև զգուշացնող՝ հետագա ավելացումներից խուսափելու համար: Տոկոսավճարների ավելացման հարցում էական ազդեցություն կթողնի պարտքի տոկոսադրույքների ավելացումը, որը սպասվում է թե՛  ներքին, և թե ՛  արտաքին պարտքի առնչությամբ:

Պարտքի սպասարկման միջին կշռված տոկոսադրույքը այս տարվա 5.2%-ի փոխարեն 2023-ին կկազմի 6.4%: Մեկ տարվա ընթացքում 1.2 տոկոսային կետով տոկոսադրույքների ավելացումը պայմանավորված է մի շարք գործոններով:
Սպասվում է, որ գալիք տարում կավելանան արտաքին պարտքի տոկոսադրույքները՝ այս տարվա սպասվող 2.9%-ից ավելանալով մինչև 4.1%: Առաջին պատճառն այն է, որ տոկոսադրույքները շարունակում են ավելանալ միջազգային ֆինանսական շուկաներում, և դա ազդում է նոր ներգրավվող արտաքին պարտքի տոկոսադրույքների ավելացման վրա: Երկրորդ պատճառն այն է, որ մեր պարտքի 18%-ը լողացող տոկոսադրույքով ստացված պարտք է, և միջազգային շուկաներում տոկոսադրույքների ավելացումը ազդում է ոչ միայն նոր ներգրավվող վարկերի, այլև առկա պարտքի լողացող տոկոսադրույքով սահմանված մասի սպասարկման ծախսերի ավելացման վրա: Երրորդ պատճառն այն է, որ արտարժույթային պարտքի մեր պորտֆելում կան վարկային պայմանագրեր, որոնք նախատեսում են տոկոսադրույքների ավելացում այն ժամանակ, երբ մեզ մոտ աճում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն: Եթե այսպիսի վարկերի միջին տոկոսադրույքը 2018-2019 թվականներին կազմել է 2.3-2.4%, ապա 2023 թվականին այն կազմելու է 3.6% (2022-ին եղել է 2%):
Միջին կշռված տոկոսադրույքների վրա ազդել է նաև պարտքի ընդհանուր կառուցվածքում դրամային պարտքի կշռի ավելացումը: Հաշվի առնելով այն, որ մեր գանձապետական պարտքի տոկոսադրույքներն ավելի բարձր են (10.9%), քան արտաքին պարտքի միջին կշռված տոկոսադրույքը (4.1%), պարտքի կառուցվածքում ներքին պարտքի ավելացումը ազդում է կշռված տոկոսադրույքի բարձրացման վրա: և վերջին էական գործոնը թերևս այն է, որ Կենտրոնական բանկի կողմից վարվող՝ բարձր տոկոսադրույքների քաղաքականությունն ազդում է գանձապետական պարտատոմսերի շուկայում տոկոսադրույքների բարձրացման վրա: Արդյունքում՝ 2021 թվականի համեմատությամբ 2023-ի գանձապետական պարտատոմսերի պորտֆելի ծախսատարությունը կավելանա 0.8 տոկոսային կետով:

 

Ամփոփ

Ամփոփելով 2023թ-ի հարկաբյուջետային քաղաքականության և ԱԺ ներկայացված բյուջեի առանձնահատկությունները, կցանկանայի ասել, որ՝

  • Հարկաբյուջետային քաղաքականությունը մակրոտնտեսական միջավայրին կհաղորդի ավելի բարձր հուսալիություն:
  • Պետական եկամուտները, հատկապես՝ հարկային եկամուտները կշարունակեն աճել Կառավարության ծրագրով սահմանված հնգամյա նպատակին համահունչ:
  • Պետական բյուջեի դեֆիցիտը կմնա հուսալի կառավարման միջակայքում և կնպաստի պետական պարտքի չափով պայմանավորված ռիսկերի նվազեցմանը:
  • Պետական պարտքը կվերադառնա որակապես նոր՝ ՀՆԱ-ի 50%-ը չգերազանցող միջակայք և կբարձրացնի ֆինանսական շուկաների մասնակիցների վստահությունը Կառավարության վարկունակության առնչությամբ:
  • Կառավարությունը այսպիսի մակրոտնտեսական քաղաքականությամբ կավելացնի ֆինանսական անվտանգության տարածքը և անսպասելի իրավիճակներում ֆինանսական արձագանքման ավելի բարձր դիմակայունություն կցուցաբերի:
  • Բյուջետային ծրագրերն ավելի ուղղակիորեն կփոխկապակցվեն Կառավարության գործունեության ծրագրի նպատակներին:
  • Բյուջետային ծրագրերը կլինեն ավելի արդյունավետ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...