Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Կառավարությունը հաստատել է 2020 թվականի բյուջեի կատարողականը
22.04.2021
Կառավարությունը հաստատել է 2020 թվականի բյուջեի կատարողականը

Կառավարությունն այսօր՝ ապրիլի 22-ին կայացած նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Ըստ այդմ՝ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմել է 1,560,655,340.8 հազար դրամ, ծախսերի գծով` 1,894,647,093.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 333,991,752.6 հազար դրամ: 

Հարցը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ասել է, որ բյուջեի տարեկան հաշվետվությունը կանոնակարգված գործընթաց է: Օրենսդրության համաձայն, ըստ նախարարի, բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունը պարունակում է համեմատական ցուցանիշների վերլուծություն, օրենսդրական փոփոխությունները, որոնք կարող էին ազդել բյուջեի արդյունքների վրա, կառավարության պահուստային ֆոնդի օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև՝ պետական պարտքը բացահայտող ցուցանիշներ:

Բացի այդ, նախարար Ատոմ Ջանջուղազյանի փոխանցմամբ, բյուջեի կատարողականում ծրագրային ձևաչափով ներկայացվում է, թե օգտագործված ֆինանսական միջոցների հաշվին ինչ բովանդակային արդյունքներ են արձանագրվել:

«Ներկայացված փաստաթուղթը, բացի այս ամենից, պարունակում է նաև այլ տեղեկություններ, որոնք նպատակահարմար է համարվել ներառել, որպեսզի հնարավորինս լիարժեք լինի 2020 թվականի պատկերը բացահայտող փաստաթուղթը», -նշել է նախարարը:

Նախարար Ատոմ Ջանջուղազյանը ընդգծել է, որ 2019 թվականին արձանագրված տնտեսական վերելքը հնարավորություն է տվել 2020-ին վերանայել ծախսային քաղաքականությունը, մասնավորապես, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում շուրջ 11 տոկոս հատկացումների աճ է արձանագրվել, առողջապահության ոլորտում՝ 22 տոկոս աճ:

«Հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական յուրաքանչյուր պարբերաշրջանին համարժեք պետք է լինի: Երբ տնտեսական վերելք է տեղի ունենում, այդ ժամանակահատվածում հարկաբյուջետային քաղաքականությունը ոչ թե պետք է իր գործիքակազմով ավելացնի այդ վերելքին նպաստող գործոնները, այլ հակառակը՝ ունենա համեմատաբար պակաս խթանող ազդեցություն, կամ երբեմն՝ զսպող ազդեություն, որպեսզի կարողանա կուտակել դիմադրողականության պաշար՝ սպասվող տնտեսական այնպիսի պարբերաշրջանում, երբ անկումը դառնալու է անխուսափելի: Այդ տրամաբանությամբ 2019-ին կուտակված դիմադրողականության պաշարը մեզ թույլ տվեց դիմակայել 2020 թվականին ամբողջ աշխարհը ցնցած համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած ցնցումներին», -հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարը:

Արդյունքում, ըստ Ատոմ Ջանջուղազյանի, 2020 թվականին Հայաստանում արձանագրվել է մակրոտնտեսական ու հարկաբյուջետային կայունություն, ինչը փաստել են նաև միջազգային ֆինանսական գործընկեր կառույցները: 

Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները կշարունակվեն Հայաստանի Ազգային ժողովում:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)