Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարն ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ 2022թ. պետական բյուջեի նախագիծը
17.11.2021
Ֆինանսների նախարարն ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ 2022թ. պետական բյուջեի նախագիծը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը

Ստորեւ ներկայացնում ենք Ֆինանսների նախարարի ելույթի սեղմագիրը.

«Հարգելի՛ գործընկերներ,

2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ձեւավորվել է Հայաստանի կառավարության 2021-2026 ծրագրով սահմանված՝ անվտանգային, տնտեսական եւ սոցիալական ոլորտներին վերաբերող հստակ առաջնահերթությունների հիմքով եւ ԱԺ կողմից հաստատվելով՝ պետք է դառնա կառավարության ծրագրի իրականացման ֆինանսական ապահովումը երաշխավորող իրավական հիմքը:  Բյուջեի նախագծով լուծումներ են տրվել հարկաբյուջետային քաղաքականության եւ ոլորտային ծախսային քաղաքականությունների մի շարք կարեւոր հարցերի, որոնց վերաբերյալ պարզաբանումները կներկայացվեն սույն զեկույցի շրջանակում:

2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ձեւավորվել է բարդ ժամանակահատվածում, երբ դեռեւս հաղթահարված չեն 2020 թվականին արձանագրված երկու մարտահրավերների՝ կորոնավիրուսի համավարակի եւ արցախյան պատերազմի անվտանգային, սոցիալական եւ տնտեսական հետեւանքները: Այնուամենայնիվ, կարող ենք արձանագրել, որ նշված ոչ նպաստավոր պայմաններում կառավարությանը հաջողվել է կառավարել հիմնական ռիսկերը, որոնք իրենց հերթին կվնասեին տնտեսական զարգացմանը:

Չնայած 2020 թվականի արձանագրված 7.4% տնտեսական անկմանը, ինչպես նաեւ դրա հետեւանքով՝ 2019-ի համեմատությամբ հարկային եկամուտների մոտ 80 մլրդ դրամով նվազմանը, 2020-ի ընթացքում կառավարությունն ամբողջ ծավալով եւ առանց ուշացումների կատարել է  իր ստանձնած բոլոր պարտավորությունները: Իհարկե, դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ կառավարությունը որոշում է կայացրել գնալ պետական բյուջեի դեֆիցիտի ավելի մեծ չափի ֆինանսավորման, քան նախատեսված էր: Արդյունքում բավականին բարդ պայմաններում պահպանվել է մակրոտնտեսական կայունությունը, ինչը չափազանց կարեւոր գործոն է տնտեսական զարգացման բնականոն միջավայրի վերականգնման համար: Կարող ենք արձանագրել, որ դա այն կարեւոր պայմաններից մեկն է, ինչի շնորհիվ արդեն 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է տնտեսության վերականգնման բարձր տեմպ՝ 5% չափով: Սա թույլ է տալիս կանխատեսել, որ տնտեսության վերականգնումը կշարունակվի նաեւ տարվա վերջին ամիսների ընթացքում եւ հուսալի հիմք կդառնա 2022-ի բարձր տնտեսական աճի համար:

[Մակրոտնտեսական կայունություն] - Միանշանակ է, որ կառավարությունը չափազանց կարեւորում է մակրոտնտեսական կայունության հարցը, եւ 2022թ. պետական բյուջեի նախագծում հստակ առաջնահերթություն են  ծրագրերը, որոնք ուղղված են այդ խնդրի ապահովմանը: Այդ ծրագրերի հիմքում հետեւյալ հիմնական մոտեցումներն են՝

- Ստեղծել մակրոտնտեսական այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր կլինեն մասնավոր հատվածի բարձր տնտեսական ակտիվության համար եւ հուսալի պայմաններ կստեղծեն տարվա արդյունքներով 7% տնտեսական աճի համար.
- Կառավարության ծախսային ծրագրերով, հատկապես՝ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված կապիտալ նշանակության ծրագրերով նպաստել բարձր տնտեսական ակտիվությանը՝ միաժամանակ բարձրացնելով տնտեսական աճի երկարաժամկետ պոտենցիալը․ 2022-ի համար պետական բյուջեի կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 347 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.5%-ը.
- Բարելավել հարկային վարչարարությունը, զգալիորեն ավելացնել հարկային եկամուտները, երաշխավորել հարկման համահավասարություն եւ տնտեսական մրցակցության արդար պայմաններ.
- Իրականացնել 2190 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ծախսեր, ինչը մոտ 204 մլրդ դրամով կամ 10.3% ավելին է, քան 2021-ի համար ճշտված ծախսային բյուջեն, կամ 340 մլրդ դրամով ավելի, քան տարվա համար հաստատվածը.
- Բյուջետային ծախսերի կառուցվածքը համապատասխանեցնել միջնաժամկետ ֆինանսավորման սեփական հնարավորություններին: Ընթացիկ ծախսերը սահմանափակել պետական բյուջեի հարկային եկամուտների չափով, իսկ ներգրավված պարտքային միջոցները բացառապես ծախսել զարգացմանն ուղղված կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով.
- Շնորհիվ հարկային եկամուտների ավելացման, ծախսերի կառավարման կանոնների վերականգնման, ինչպես նաեւ՝ անվտանգ չափով բյուջետային դեֆիցիտի մեծության (ՀՆԱ-ի 3.1%), 2022-ին իրականացնել նկատելի ֆիսկալ կոնսոլիդացիա եւ զգալիորեն բարելավել կառավարության պարտքի կառավարման հարցերը. 2020-ին արձանագրված՝ ՀՆԱ-ի նկատմամբ 63.5% մակարդակից պարտքի հետեւողական նվազեցման արդյունքում 2022-ի ավարտին այն կգտնվի ՀՆԱ-ի 60.2% մակարդակին մոտ: Էապես կբարելավվի պարտքի կառուցվածքը` դրանում ավելացնելով դրամային պարտքի տեսակարար կշիռը, եւ կնվազեցվեն արտարժութային ռիսկերը:

[Արտաքին տնտեսական պայմաններ] - 2020թ. կորոնավիրուսի համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական անկումից հետո 2021թ. սկսվել է համընդհանուր վերականգնում: Կանխատեսվում է, որ համաշխարհային տնտեսությունը տարվա արդյունքներով կարձանագրի մոտ 5.9% տնտեսական աճ: Ընդ որում, բարձր տեմպերով վերականգնում են արձանագրում նաեւ Հայաստանի առեւտրային հիմնական գործընկերները՝ Ռուսաստանի Դաշնությունը, Եվրոմիության գոտու տնտեսությունները, ԱՄՆ-ն եւ Չինաստանը: Սպասվում է, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը կշարունակվի նաեւ 2022 թվականին՝ արձանագրելով 4.9% տնտեսական աճ:

[Կանխատեսվող աճի կառուցվածք] – 2022 թվականին 7% տնտեսական աճի թիրախը որոշակիորեն բարձր է տնտեսական աճի պոտենցիալից, եւ դրան հասնելու ուղիները պահանջում են հետեւողական ջանքեր: Տարբեր գնահատականներով՝ Հայաստանի տարեկան տնտեսական աճի պոտենցիալը գտնվում է 4.5% սահմաններում: Գալիք տարվա համար պոտենցիալից բարձր աճին նպաստող հիմնական գործոնների թվում լինելու են բարենպաստ արտաքին տնտեսական պայմանները, 2021 թվականին արձանագրված տնտեսական վերականգնման բարձր տեմպերը, շինարարության եւ արդյունաբերության ճյուղերի աճի վրա կառավարության կապիտալ ծախսերի ընդլայնողական ազդեցությունը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի ծրագրերի իրականացման ուղղությամբ կառավարության թիրախային գործողությունները: Համապատասխանաբար, 2022-ի տնտեսական աճին հիմնականում կնպաստեն ծառայությունները, արդյունաբերությունը եւ շինարարությունը, իսկ ծախսային բաղադրիչների կողմից՝ վերջնական սպառման աճը, ապրանքների եւ ծառայությունների արտահանումը, ինչպես նաեւ՝ պետական եւ մասնավոր ներդրումների աճը:

[Բյուջեի ցուցանիշների մասին առավել մանրամասն] - 2022 թ. պետական բյուջեի մասին օրենքով սահմանված՝
- Ծախսերը կկազմեն մոտ 2190 մլրդ դրամ, ինչը 2021 թվականի համար սպասվող  ծախսերից ավելին է 204 մլրդ դրամով կամ 10.3%-ով.
- Ընթացիկ ծախսերը կկազմեն 1843 մլրդ դրամ, ինչը 2021 թվականի ընթացիկ ծախսերից ավելին է 81 մլրդ դրամով կամ 4.6%-ով.
- Կապիտալ ծախսերը կկազմեն 357 մլրդ դրամ, ինչը մոտ 130 մլրդ դրամով կամ մոտ 60%-ով ավելին է 2021թ կապիտալ ծախսերից:
- Ավելացող ծախսերի 40%-ն ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, իսկ 60%-ը՝ կապիտալ ծախսերին:  

[2022թ. ՀՆԱ-ի նկատմամբ]

- Պետական բյուջեի ծախսերը կկազմեն 27.8%, այս տարվա համար սպասվող 28.2%-ից 0.4 տոկոսային կետով ավելի պակաս: Նվազումը պայմանավորված կլինի գալիք տարվա համար պլանավորված բյուջեի դեֆիցիտի ավելի ցածր ցուցանիշով.
- Ընթացիկ ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 23.4%-ը՝ այս տարվա համար սպասվող 25.1%-ի դիմաց: Նվազման պատճառը նույնն է․ հաջորդ տարվա ընթացքում կառավարությունը պետք է ապահովի վերադարձ հարկաբյուջետային կանոններին եւ սահմանափակվի ընթացիկ ծախսերի այնպիսի մակարդակով, ինչը չի գերազանցի պետական բյուջեի հարկային եկամուտները․
- Կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 4.5%-ը, ինչն այս տարվա համար սպասվող 3.2%-ից ավելի է 1.3 տոկոսային կետով: Տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի աճը լինելու է աննախադեպ բարձր եւ թույլ կտա հետագա տարիների համար ստեղծել տնտեսական աճի պոտենցիալը բարձրացնելու կայուն հիմքեր:

[Ըստ ծրագրային բյուջետավորման] - Ծախսերի կազմում առավել մեծ կշիռ կունենան ծառայությունների ձեռքբերումների ֆինանսավորմանն ուղղվող ծախսերը՝ մոտ 908 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 41.5%-ը, տրանսֆերների ձեւով կծախսվի 757 մլրդն դրամ կամ ընդհանուր ծախսերի 34.6%-ը: Ընդհանուր ծախսերի 10-ական տոկոս կծախսվի հանրային սեփականության կառավարման եւ պետական պարտքի սպասարկման ուղղությամբ (216 եւ 214 մլրդ դրամ)։

[Պետական բյուջեի եկամուտները] - 2022թ. պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 1946 մլրդ դրամ չափով, ինչն ավելին է 2021-ի նկատմամբ 289 մլրդ դրամով կամ 17.5%-ով: Բյուջեի եկամուտները կկազմեն 2022-ի ՀՆԱ-ի 24.7%-ը: Եկամուտների գերակշիռ մասը՝ մոտ 95%-ը կձեւավորվի հարկային վճարումներից

[Հարկային եկամուտների ավելացում] – Կառավարության ծրագրով սահմանված է, որ հնգամյա ժամանակահատվածում հարկային եկամուտների ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 25%-ի: Նախորդ տարվա փաստացի եւ 2021-ի սպասվող ցուցանիշը մոտ է ՀՆԱ-ի 22.5%-ին: Հաջորդ հինգ տարիների ընթացքում 2.5 տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավումը նշանակում է, որ տարեկան միջին հաշվով պետք է արձանագրվի 0.5 տոկոսային կետով աճ:
2022թ. հարկային եկամուտների աճի ցուցանիշը նախատեսում ենք բարելավել ավելի մեծ չափով, քան միջին տարեկան ծրագրային աճի ցուցանիշն է: Պետական բյուջեի նախագծով կանխատեսվում են 1844 մլրդ դրամ հարկային եկամուտներ, ինչը 263 մլրդ դրամով կամ 16.5%-ով ավելին է, քան 2021-ին սպասվող հարկային եկամուտներն են: Հարկային եկամուտները 2022-ին կհասնեն ՀՆԱ-ի 23.4%-ին, ինչը 2021-ի մակարդակը կգերազանցի 0.9 տոկոսային կետով: Սակայն, 2021-ի համեմատությամբ հարկային եկամուտների աճի մոտ 0.4 տոկոսային կետը նախատեսվում է ապահովել հարկային օրենսդրության փոփոխությունների, այդ թվում՝ մետաղական խտանյութերի համար սահմանված պետական տուրքերի հաշվին, իսկ մնացած 0.5 տոկոսային կետը՝ հարկային վարչարարության բարելավման: Կարեւոր է նշել, որ վարչարարության բարելավման հաշվին հարկային եկամուտների ավելացումն ունի մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր հետեւանք, ինչը ստվերային տնտեսության կրճատումն ու տնտեսական գործունեության պայմանների հավասարության արմատավորումն է, եւ այդ պատճառով տարվա ընթացքում լինելու է հարկաբյուջետային քաղաքականության բարեփոխումների կարեւոր  ուղղությունների մեկը:

[Դեֆիցիտի կանխատեսվող մեծություն] – 2022թ. պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 243 մլրդ դրամ, իսկ զուտ փոխառու միջոցների մեծությունը՝ 352 մլրդ դրամ: Զուտ փոխառու միջոցները 250 մլրդ դրամի չափով կլրացվեն գանձապետական պարտատոմսերի եւ 99 մլրդ դրամ՝ արտաքին բյուջետային աջակցության վարկերի հաշվին:

[Պետական պարտքի կանխատեսվող չափ] - 2022-ի ավարտին կառավարության պարտքի չափը կկազմի 4740 մլրդ դրամ, ինչը հաջորդ տարվա ՀՆԱ-ի 60.2%-ն է (2020-ին 63.5%, իսկ 2021-ին՝ 60.8%): Ընդ որում, 4740 մլրդ պարտքի ընդհանուր գումարի 69%-ը կկազմի արտաքին պարտքը, իսկ 31%-ը՝ ներքին պարտքը: Հատկանշական է, որ 2021 իրականացվող եւ 2022-ին զգալի չափով իրագործված կլինի կառավարության ծրագրով ամրագրված՝ պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքի տեսակարար կշռի ավելացման քաղաքականությունը: Բավարար է նշել, որ 2020թ․ փաստացի 25.4%-ից ներքին պարտքն արդեն այս տարվա արդյունքներով կգերազանցի 28%-ը, իսկ 2022-ին, ինչպես վերը նշվեց, կհասնի ընդհանուր պարտքի 31%-ին: Պարտքի կառուցվածքի նշված փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գրեթե նույն կառուցվածքով է ձեւավորվում պարտքի արժութային կառուցվածքը: Ներքին պարտքի ավելացման հետ միասին ավելանում է նաեւ հայկական դրամով ներգրավված պարտքը եւ նվազում են փոխարժեքային ռիսկերը:

[Պարտքի սպասարկում] - 2022թ. կառավարության պարտքի սպասարկման տարեկան ծախսը պլանավորված է 214 մլրդ դրամի չափով: Այն 2021-ին սպասվող 185 մլրդ դրամից ավելին է 29 մլրդ դրամով: Պարտքի սպասարկման ծախսերի նման եղանակով անվանական ավելացումը բնական է, քանի որ այն համապատասխան է կառավարության պարտքի անվանական աճին (որն այս տարվա ավարտին կանխատեսվող 4274 մլրդ դրամից եկող տարվա ավարտին կհասնի 4740 մլրդ դրամի): 2022-ին պարտքի սպասարկման ծախսերը կկազմեն բյուջեի ծախսերի 9.8%-ը կամ ՀՆԱ-ի 2.7%-ը: Համեմատության համար նշենք, որ 2021-ին պարտքի սպասարկումը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի մոտ 2.6%: ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի ցուցանիշը նվազելու հետ մեկտեղ, դրա սպասարկման ծախսերը աճի միտում են դրսեւորում այն պատճառով, որ պարտքի կառուցվածքում ավելանում է ներքին պարտքը, որի սպասարկման անվանական տոկոսադրույքն ավելի բարձր է, քան արտաքին պարտքի սպասարկման տոկոսադրույքը: Նշվածի հետեւանքով՝ 2022-ին կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը կկազմի 5% այս տարվա 4.6%-ի դիմաց:    

[Պարտքի կայունությունը եւ կառավարության վարկունակություն] - Կառավարության՝ պարտքի հուսալի կառավարումը մակրոտնտեսական քաղաքականության հիմնարար հարցերից է: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ օտարերկրյա կառավարությունների կողմից Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար: Միաժամանակ, կարեւոր է, որ պարտքային միջոցների ստացումը եւ վերադարձը կազմակերպվի հուսալի այնպիսի մեխանիզմներով, որ դրանք մշտապես ունենան մեր միջազգային գործընկերների բարձր վստահությունը: Դա անհրաժեշտ է Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերին միջազգային հանրության եւ ֆինանսական հատվածի մասնակցության աստիճանը բարձրացնելու համար: Դա է նաեւ պատճառը, որ կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագիրը կառավարության պարտքի չափի համար թիրախավորել է ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ը չգերազանցող չափը։

[Միջազգային կազմակերպությունների վարկանիշավորումը որպես կառավարության վարկունակության հաստատում] - 2021-ն առանձնահատուկ էր նրանով, որ միջազգային բարձր հեղինակությամբ վարկանիշային երեք կազմակերպություններ՝ Մուդիսը, Ֆիթչը եւ Էս Էնդ Փի Փուըրզը, միաժամանակ դրական գնահատականի արժանացրին կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունները՝ հաստատելով դրանց հուսալիությունը: Նշվածը կարեւոր է նաեւ այն պատճառով, որ այդ գնահատումներն իրականացվել են 2020-ի խոշոր մարտահրավերների՝ կորոնավիրուսի  եւ պատերազմի հետեւանքները հաղթահարելու ժամանակահատվածում եւ հաստատել են Հայաստանի կառավարության վարած տնտեսական ծրագրերի արդյունավետությունն ու մակրոտնտեսական կայունության հեռանկարի վերաբերյալ այդ հեղինակավոր կազմակերպությունների դրական գնահատականը: Նշված կազմակերպությունների հետ համագործակցության շարունակականությունն այն կարեւոր գրավականներից է, որի շնորհիվ ավելի մեծ վստահությամբ են համագործակցում ոչ միայն կառավարությանը փոխառություններ տրամադրող օտարերկրյա կազմակերպությունները, այլեւ՝ այդ եղանակով բարձրանում են Հայաստանի մասնավոր հատվածի կազմակերպությունների համար օտարերկրյա ֆինանսավորում եւ ներդրումներ ներգրավելու հնարավորությունները:    

[Բյուջեի ռիսկեր եւ դրանց կառավարում]  - Էական կարող են լինել.

-  Արտաքին տնտեսական միջավայրը, այդ թվում՝ մետաղների միջազգային գների կտրուկ փոփոխությունները.
- Կորոնավիրուսի համավարակի կառավարումը եւ հետեւանքների հաղթահարումը. Միջազգային շրջանակներում ավելի շատ են այնպիսի տեսակետները, որոնք վկայում են համավարակի հետեւանքների շարունակականության հետ կապված նոր մարտահրավերների մասին: 
- 2022թ. ավելացված կապիտալ ծախսերի կատարողականի բարելավումը: Ինչպես պարզաբանվել է, հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված չափերը զգալի բարձր են պատմական ցուցանիշներից: Սպասելի է այնպիսի արձագանքը, որ նշված բարձր ցուցանիշներով կապիտալ ծախսերի իրականացումը պահանջում է այդ գործընթացների կառավարման առանձնահատուկ ջանքեր եւ հետևողականություն:

[2022թ. պետական բյուջեի թվային ցուցանիշներում չարտահայտված կարեւոր հարցի մասին] - շարունակվելու է բարձրացվել իրականացվող ծրագրերի եւ դրանց համար հատկացվող ծախսերի արդյունավետությունը: Այդ աշխատանքները ներառում են ծախսային ծրագրերի բովանդակությունը բարելավելու, այդ ծրագրերի իրականացման մեխանիզմները հստակեցնելու եւ նախատեսված ֆինանսական միջոցներն ավելի արդյունավետ եղանակով օգտագործելու հարցերը»:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)