08.12.2022
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը
2023 թվականի բյուջետավորման քաղաքականությունն իրականացվել է առաջնորդվելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի և ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի առաջնահերթություններով:
Իրականացվելիք միջոցառումների հիմնական նպատակը լինելու է տնտեսության մրցունակության և արտադրողականության աճը: Կառավարությունը շարունակում է թիրախավորել երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն տարեկան 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում` 9%:
Ուղղորդվելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի առաջնահերթություններով՝ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, որոնցից առավել հատկանշական են՝
- նվազագույն աշխատավարձի բարձրացումը՝ սահմանելով այն 75,000 ՀՀ դրամ
- կենսաթոշակներին ուղղվող ծախսերի ավելացումը 25,2 մլրդ դրամով
- առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի առաջանցիկ աճի ապահովումը ՀՆԱ-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 1,60% և 2,24%
- ժողովրդագրական վիճակի բարելավման գծով լրացուցիչ ծախսերի նախատեսումը 16,9 մլրդ ՀՀ դրամով
- գիտության գծով նշանակալի ծախսերի ավելացումը 6,2 մլրդ ՀՀ դրամով