Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության է արժանացրել որոշման նախագիծը, համաձայն որի՝ ներվում են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշման հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրերի շրջանակներում ՀՀ կառավարությանը փոխանցված՝ նույն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի աղյուսակի 5.3-րդ տողում նախատեսված ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով ֆիզիկական անձանց պարտավորությունները, ինչպես նաև նույն չափանիշին բավարարող և 2023 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի (բացառությամբ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ անհուսալի եղած վարկերի) գծով պարտավորությունները:
Որոշման շահառու հանդիսացող անձինք պարտքի ներման համաձայնագիրը կնքելու համար ՀՀ ֆինանսների նախարարություն դիմում կարող են ներկայացնել առձեռն, փոստով, էլեկտրոնային փոստով՝ դիմումն ուղարկելով secretariat@minfin.am էլեկտրոնային փոստի հասցեին, կամ www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով: Դիմումի ձևը՝ հետևյալ հղումով:
Դիմումի հիման վրա նախարարությունը կազմում է պարտքի ներման համաձայնագիր և վերջինիս օրինակը ստանալու համար ծանուցում է դիմումատուին ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայանալու օրվա և ժամի վերաբերյալ՝ դիմումով նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով:
Ծանուցագրում նշված օրը և ժամին դիմող անձը ներկայանում է ՀՀ ֆինանսների նախարարություն, ստորագրում և ստանում է պարտքի ներման համաձայնագրի իր օրինակը:
ՀՀ ֆինանսների նախարարությունը յուրաքանչյուր օրվա կնքված պարտքի ներման համաձայնագրերն ամփոփում և ներկայացնում է համապատասխան ֆինանսական կազմակերպություն՝ գրավի առարկաները գրավից ազատելու նպատակով: Այնուհետև դիմումատուն էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցում է ստանում այն մասին, որ կարող է մոտենալ ֆինանսական կազմակերպություն և ստանալ գրավի առարկաները:
Նախատեսված պարտավորությունների՝ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կատարված վճարումները, ներառյալ՝ ամբողջական մարումները, կարող են վերադարձվել համապատասխան պարտապաններին՝ պայմանով, որ վերջիններս սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում այդ պահանջով կդիմեն ՀՀ ֆինանսների նախարարություն: